Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա. Արարատ Միրզոյան

Հուլիս 26,2022 20:40

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին՝ Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով

Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Յան Լիպավսկիին ջերմ ընդունելության համար։ Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհավորել Չեխիային Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։

Սա իմ առաջին այցն է Չեխիա՝ երկիր, որը պաշտոնապես ստանձնել է Վացլավ Հավելի ժառանգությունն առաջ մղելու ուղին՝ կարևորելով մարդու իրավունքները, ժողովրդավարական զարգացումը, ամուր քաղաքացիական հասարակությունը և բազմակողմ համագործակցությունը: Ներկայումս Հայաստանի կառավարությունն իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումների և վերափոխումների իր հավակնոտ օրակարգը, և Չեխիան այս առումով մեր վստահելի գործընկերն է։

Մենք մեծապես արժևորում ենք Չեխիայի հետ մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, և պատրաստակամ ենք որակապես նոր մակարդակի հասցնելու հայ-չեխական քաղաքական երկխոսությունը և միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների և միջխորհրդարանական ակտիվ շփումների միջոցով։

Մեր քննարկումների ընթացքում ես և իմ գործընկերը պայմանավորվել ենք առավելագույն ջանքեր գործադրել տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում ներուժի իրացման, ինչպես նաև միջմշակութային փոխանակումների և մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ։

Հայաստանն ու Չեխիան փոխշահավետ համագործակցություն ունեն նաև բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում։ Սա մեծապես լրացվում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությամբ՝ իր հիմնաքարային՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի ակտիվ դերը նաև Արևելյան գործընկերության ձևաչափի խթանման գործում և պատրաստ ենք միավորել ջանքերը համագործակցության այս հարթակը փոխըմբռնման, ներառականության և արժանիքների վրա հիմնված սկզբունքով պահպանելու համար:

Հարգելի՛ ընկերներ,

Այսօր մենք մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։

Նախարար Լիպավսկիին ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում չեխական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և դերակատարությանը շարունակական աջակցության համար։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր։

Հարգելի՛ գործընկերներ,

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման։

Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, պարո՛ն Լիպավսկի, Ձեր հյուրընկալության համար, և խնդրում եմ, ընդունեք իմ հրավերը՝ այցելելու Հայաստան:

Հարց․ Ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա:

Պատասխան. Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031