Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազարավանում հրազենային միջադեպի մասնակիցներից մեկը գյուղապետի ազգականն է

Հուլիս 26,2022 17:55

Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ին Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում տեղի ունեցած կրակոցներից տուժած Վարդուհի Հակոբյանը եւ նրա որդին՝ Գոռ Հակոբյանը, պատահաբար են հրազենային վիրավորում ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին տանն են:

Ղազարավան գյուղի երիտասարդները այսօր ուշ գիշերին վիճաբանել են, վեճը տեղի է ունեցել հրազենային վիրավորում ստացած կնոջ տան հարեւանությամբ, նրանք վեճի ձայներից դուրս են եկել ու վիրավորվել: Վեճի մասնակիցներից Տիգրան Սարգսյանը Ղազարավանի գյուղապետ Արտակ Սարգսյանի հորեղբոր թոռն է:

Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության՝ «Հուլիսի 26-ի գիշերը, ժամը 2.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց «Աշտարակ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին դիմել Ղազարավան գյուղի բնակիչ մայր ու որդի: Տասնհինգ րոպե անց հիվանդանոցից ստացվեց երկրորդ հաղորդումը. դեմքի քերծվածքներով բուժօգնության էր դիմել հոսպիտալացված կնոջ ավագ որդին` 30 տարեկան:

Աշտարակի օպերատիվ խումբն արդեն հիվանդանոցում էր, և նրանց հարցին որդիներն ու մայրը պատասխանեցին, թե վնասվածքները հասցրել է անհայտ անձը: Իրավապահները շուտով պարզեցին, որ նրանց հայտնածը հեռու չէ իրականությունից:

Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գիշերվա ժամը երկուսի սահմաններում անձնական հարցերի շուրջ վեճ է ծագել տուժած քաղաքացիների 26-ամյա հարևանի և Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդի միջև, այդ ընթացքում աշտարակցին հոր «Իժ» հրացանից կրակել էր 26-ամյա ղազարավանցու ուղղությամբ: Նա փախել ու մտել էր հարևանի բակ։ Հետապնդելով նրան` աշտարակցին ևս մեկ կրակոց էր արձակել արդեն հարևան տան մոտ, ինչի հետևանքով էլ աղմուկից դուրս եկած մայրն ու որդիները ստացել էին հրազենային վնասվածքներ: Միջադեպին միջամտել էր ընտանիքի հայրը և աշտարակցու ձեռքից խլել հրացանը, ինչից հետո կրակոցներ արձակած երիտասարդը փախել էր։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու պարկուճ: Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031