«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավար Մանուել Մանուկյանի (լուսանկարում) գործով դատախազն այսօր քրեական գործը կարճելու մասին միջնորդություն ներկայացրեց:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից գործողության մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, որով ապաքրեականացվել է վիրավորանքի հոդվածը: Ելնելով սրանից, հանցագործության հիմքերը վերացել են: Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը:
Հիշեցնենք, Մանուել Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել մոտ մեկ տարի առաջ՝ ֆեյսբուքյան գրառման համար, որում վարչապետ նիկոլ Փաշինյանին նա անվանել էր «զիբիլի վեդրոյի վրայի կատու» եւ «քաջ Նազար»:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո, Մանուել Մանուկյանը հայտարարեց, որ մշտապես այն կարծիքին է եղել, որ իր նկատմամբ հարուցված գործը կեղծ է եւ շինծու ու դրա հեղինակները ի վերջո պատասխանատվության են ենթարկվելու:
Կարդացեք նաև
Քառօրյա պատերազմի մասնակիցը հայտարարեց սակայն, որ իր նկատմամբ հետապնդումները շարունակվում են, եւ արդեն մեկ ամիս է՝ ինքը զրկվել է հաշմանդամության թոշակից՝ առանց հիմնավորման: Նա վստահեցրեց, որ որեւէ ճնշում գործադրելով իրեն չեն հաղթելու եւ ինքը շարունակելու է հանուն արդարության իր պայքարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ