Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական լրատվամիջոցին տված վերջին հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար միշտ եղել է կարմիր գիծ եւ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր՝ Անկարան կբացի սահմանը: Մանրամասնելով Փաշինյանի հետ հեռախոսազրույցը, Էրդողանն ասել է՝ գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր, բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր լինեն: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողների հարցին՝ կոնկրետ ինչի՞ հետ է Նիկոլ Փաշինյանը համաձայնել, ի՞նչ գաղափարներ է կիսում ու արդյոք դա վերաբերո՞ւմ է այն հայտնի թեզերին, որոնք թուրք-ադրբեջանական կողմը առաջ է քաշում՝ Զանգեզուրի միջանցքի բացում, ամբողջական Արցախ՝ Ադրբեջանի կազմում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Որեւէ հիմք չի կարող առկա լինել՝ մտածելու, ենթադրելու, պնդելու, թե հայկական կողմը որեւէ պարագայում կարող է նույնիսկ քննարկման առարկա դիտարկել Զանգեզուրի միջանցքը: Հետեւաբար, կլինի Ադրբեջանի կամ Թուրքիայի որեւէ պաշտոնյայի կողմից որեւէ հայտարարություն, որը կարող է առնչվել Զանգեզուրի միջանցքին կամ մեր երկկողմ հարաբերություններին ու որը չի հաստատվում հայկական կողմից, խնդրում եմ անտեսել»:
Իսկ թե ի՞նչ նկատի ուներ Էրդողանը, երբ ասում էր, որ Փաշինյանը կիսում է այդ մտքերը՝ Աղաջանյանը պատասխանեց. «Ես Էրդողանի հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել եւ չեմ էլ ուզում: Այդ հարցադրումները պետք է ուղարկվեն իրենց գրասենյակ: Ես լավագույն թեկնածուն չեմ, ով պետք է մեկնաբանի Էրդողանի հայտարարությունները»:
Հարցին՝ եթե հայ-թուրքական գործընթացների հետ կապված հանդիպումներից հետո խեղաթյուրվում է բովանդակությունը, իշխանական թիմում քննարկվո՞ւմ է դադարեցնել հարաբերությունները, մինչեւ կգան ավելի լավ ժամանակներ՝ ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չի քննարկվում: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեր քաղաքական թիմը հայտ է ներկայացրել շարունակել կառավարել Հայաստանը եւ առաջնորդել երկիրը՝ խաղաղության օրակարգը առաջ մղելով: Խաղաղության օրակարգը ենթադրում է, որ տարածաշրջանում մեր խնդիրները պետք է լուծենք մեր հարեւանների հետ եւ այդ ուղղությամբ ջանքերը եռապատկելու, քառապատկելու ենք, որպեսզի ի վերջո խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Հարաբերությունների ընդհատումը հակաարդյունավետ կլինի մեր տեսլականին ու մեր ռազմավարությանը: Այդ պատճառով ցանկություն չկա: Մենք անելու ենք ամեն ինչ՝ ներգրավելով մեր բոլոր գործընկերներին, որ ուշադրությունը միշտ մեր տարածաշրջանում լինի ու ի վերջո խաղաղության օրակարգը հասնի իր նպատակին»:
Կարդացեք նաև
Էդուարդ Աղաջանյանն էլ պատասխանեց, որ մենք ինքներս մեզ հարց պետք է տանք՝ եթե սառեցրեցինք հարաբերությունները Թուրքիայի հետ, ի՞նչ է դա մեզ տալու կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով. «Քանի դեռ այս հարցի պատասխանը որեւէ դրական ազդակ չի հաղորդում մեզ, բնականաբար, մենք նման որոշում չենք կայացնի: Իսկ հակառակը՝ մնալ եւ շարունակել բանակցությունները՝ չնայած դժվարություններին ու խնդիրներին, ունի շատ հստակ եւ պրագմատիկ նպատակ եւ դրական հնարավոր արդյունք:
Հռիփսիմե Գրիգորյանն էլ հավելեց. «Ակնկալել, որ մեր տարածաշրջանային գործընկերները, որոնք հաճախ կառուցողական չեն տրամադրված, մշտապես ասելու են կամ գործելու են այնպես, ինչպես մենք ենք ենթադրում կամ մեր շահերից պիտի բխի իրենց ասածը՝ սա միամտություն է մեղմ ասած: Մյուս կողմից մեր թիմի բազմաթիվ ներկայացուցիչներ ու վարչապետը նշել են, որ սա միակողմանի ճանապարհ չի, կամ միայն Հայաստանի կողմից արվող քայլեր չեն ու անհրաժեշտ է, որ մեր հարեւանները, որոնց հետ ունենք ճանապարհ անցնելու, հարաբերություններ կարգավորելու, եւս քայլեր ձեռնարկեն: Բայց սա չի նշանակում, որ մենք որեւէ փուլում պետք է հետ կանգնենք դրանից: Մենք ոչ միայն հայտ ենք ներկայացրել, այլեւ այդ հայտի արդյունքում տեղի են ունեցել ընտրություններ ու ժողովուրդը աներկբա իր մանդատն է տվել, ուստի մենք ունենք հանձնառություն է եւ պարտավորություն, որը մենք անշեղորեն իրականացնելու ենք»:
Հարցին՝ երեկ Թուրքիայի հատուկ բանագնացը հայ-թուրքական սահմանին է եղել Կարսի հատվածից, հանդիպումներ է ունեցել, ի՞նչ իրավիճակ է մեր կողմում, պատրաստվո՞ւմ եք սահմանային այդ հատվածներ այցելել՝ հասկանալու, թե ինչքանո՞վ են ենթակառուցվածքները պատրաստ՝ Աղաջանյանը պատասխանեց. «Բանագնացների վերջին հանդիպումներին երկու պայմանավորվածություն է ձեռք բերվել ու որոշակի նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի դրանք իրականություն դառնան: Հայելային տրամաբանությամբ նույն հարցերը եւ պրակտիկ խնդիրները ենթադրվում է, որ առկա կլինեն թե՛ հայկական, թե՛ Թուրքիայի կողմից մերձսահմանային հատվածներում: Պայմանավորվածությունները ենթադրում են նաեւ լոգիստիկ խնդիրների լուծում: Սա ողջունելի է եւ ցույց է տալիս, որ պայմանավորվածությունները արդեն գործնական փուլ են անցնում եւ դա լավ նորություն է»:
Հարցին՝ առաջիկայում սպասվո՞ւմ է արդյոք Փաշինյան-Ալիեւ հանդիպում՝ Աղաջանյանը պատասխանեց, որ կան բանակցություններ, որ պետք է հանդիպումներ տեղի ունենա, բայց ժամկետների մասին ոչինչ չի կարող նշել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ