Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենասե՞ր են արդյոք փոխադարձ թշնամանքով մեկը մյուսին ատող քաղաքական մեր գործիչները

Հուլիս 26,2022 17:01

Նախ` զգացմունքների բացառիկ դերի, օգտակարության մասին:

Միշտ չէ, որ ժամանակը ներում է և հնարավոր է լինում սառը դատելով, ծանր ու թեթև անելով՝ հարաբերությունների կարգավորման, համատեղ գործունեության կազմակերպմանը նպաստող ճիշտ լուծումներ գտնել: Եվ նման դեպքերում մենք առաջին հերթին ապավինում ենք զգացմունքային գնահատականների վրա, ինչն էլ սովորաբար նպաստում է գործին:

Մենք, օրինակ, վաղ մանկությունից դաստիարակվում ենք այնպես, որ ընտանիքը սրբություն է: Ծնողներն ու երեխաները փոխադարձաբար պետք է սիրեն միմյանց: Սիրեն նաև հարազատներին, ընկերներին, մոտիկներին: Հարաբերությունները կարգավորեն ներողամտության, հանդուրժողականության, փոխօգնության ոգով:

Եվ ինչպես փորձն է ցույց տալիս՝ այդ սերը, համագործակցելու ներքին այդ պատրաստակամությունը միշտ էլ դրական արդյունք է տալիս: Եվ որպես կանոն, լայն շրջապատ, մեծ բարեկամություն ունեցողները մրցակցության մեջ ավելի հաջողակ են լինում: Եվ հասկանալի է, թե ինչու սոցիալականացման ընթացքն ուղղորդելիս ժողովուրդները առաջնահերթություն են տալիս նման մոտեցմանը: Փորձում են ներազգային փոխհարաբերությունները կարգավորել բարեկամության, մեծ ընտանիքի, ազգակիցների նկատմամբ փոխադարձ սիրո, հարգանքի, համագործակցության, փոխօգնության ոգով: Բայց վերադառնանք նշված հարցին:

Այսօր մեր քաղաքական գործիչներից որին էլ որ հարցնես՝ բոլորն էլ թունդ հայրենասեր են, հանուն հայրենիքի կգնան ամենալուրջ զոհաբերությունների:

Դեռ մի կողմ թողնենք անկեղծության աստիճանը: Բայց արդյոք նրանցից շատերը հասկանո՞ւմ են, որ հայրենիի սերը՝ մեր այսօրվանների, մեր հեռացածների և դեռ նոր եկողների, մեր, մեր մարդկանց նկատմամբ տածվող սերն է: Որ մեր բնության, մեր արտերի, դաշտերի, մեր շենք, շինությունների վրա տարածվող քաղցրության զգացումը, մեր երկրի, հայրենիքի սերը նույնպես պայմանավորված է միայն նրանով, որ մեր մարդիկ են այնտեղ ապրել, ապրում և արարում:

Դառն է խոստովանել, բայց մեզանում՝ և հայրենիքում, և Սփյուռքում դեռ կան շատերը, որ այդ պարզ ճշմարտությունը չեն ուզում հասկանալ: Նրանց թվում է, որ հայրենասիրությունը Արարատ սարով հիանալն է, հայրենասիրական երգեր երգելը, կորուսյալ հայրենիքի մասին դառնությամբ խոսելը: Կամ էլ մայրաքաղաք Երևանով, Սևանա լճով, Օպերայի շենքով, Սասունցի Դավթի արձանով հպարտանալն է: Նրանց մտքով էլ չի անցնում, որ դա դեռ շատ ու շատ քիչ է:

Որ հայրենին սիրելը դա առաջին հերթին՝ հայասիրությունն է, ազգասիրությունը:

Հարազատության զգացումը մեր ժողովրդի, մեր մեծ ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ: Որ հայրենասերը ցավի դառնության զգացում է ապրում, երբ հայ մարդկանց մոտ թուլություններ, թերություններ է տեսնում: Եվ ընդհակառակը՝ գոհանում, հպարտանում է նրանց հաջողություններով, առաջխաղացմամբ, անկախ նրանից՝ կիսո՞ւմ է նրանց համոզմունքները, թե՞ ոչ: Եվ որ հայրենասերը զգում, հասկանում է, թե ինչ է պետք իր ժողովրդին և երբեք իրեն թույլ չի տա անձնականը վեր դասել ընդհանուրի շահից:

Բնական է, որ երկար ժամանակ ինքնիշխանություն չունեցող, օտարների անմիջական ազդեցության տակ գտնվող մեր ժողովրդի մոտ հայրենասիրական զգացմունքների սերմանման հարցում էլ որոշակի բարդություններ են ծագել: Եվ պարզ է նաև, որ ոչ միշտ է հնարավոր եղել բավարար դաստիրակություն տալ բոլորին: Բայց բնական է նաև, որ ժողովուրդ, երկիր, պետություն ղեկավարելու հավակնություն ունեցող գործիչները՝ ազգասիրության, ազգակիցների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի՝ հարազատության, ներողամտության, օգնելու աջակցելու պատրաստակամության զգացումը գոնե պետք է ունենան: Եվ կարծում եմ՝ դա հաշվի առնելով է, որ պետք է պարզել, զգացմունքային այդ պահանջներո՞վ են արդյոք ղեկավարվում մեր նախկին և ներկայիս իշխանավորներից շատ շատերը, թե՞ ոչ:

Նախ` նախկինների մասին:

Միջոցների պակասը միշտ էլ իրեն զգացնել է տալիս: Եվ ցավալի է, որ այն ժամանակ, երբ մեր պաշտպանական համակարգի ամրապնդման համար առանձնապես խոշոր չափի ներդրումներ էին պետք և երբ մեր մարդկանցից շատերը աղքատության մեջ, օրվա հացին կարոտ մի կերպ գոյատևում էին՝ ո՞նց կարող էին հայրենիքի շահով ղեկավարվող, ազգակիցների դարդն ու ցավը զգացող՝ հայրենասեր լինեին իշխանության ղեկին կանգնած այն անձիք, ովքեր հարստանալու մոլուցքով տարված կողոպտում էին հանրապետության գանձարանը: Հարկադրման իրենց լծակներից օգտվելով՝ կեղեքում էին ազգակիցներին, որ իրենց համար դղյակներ սարքեն, աշխարհով մեկ պտտվեն, շռայլության մեջ ապրելու պայմաններ ստեղծեն: Նրանք նույնիսկ չէին խորշում թալանել մեր երեխաների, մեր թոռների ապագան՝ կոպեկներով օտարին ծախելով մեր երկրի, մեր ընդերքի հարստությունները:

Ո՞նց կարող է ընդհանուրի շահերը զգացող, միասնականության արժեքը գիտակցող, հայրենասեր լինեին նրանք, ովքեր իրենց կլանի շահերը շատ ու շատ վեր էին դասում համազգայինից: Հնազանդության պակասի պատճառով դաժանաբար պատժում էին ազգակիցներին: Մասնատում, թշնամանք էին սերմանում հայության տարբեր հատվածների միջև:

Ցավոք, հայրենասիրության խիստ պակաս է զգացվում նաև ներկայիս պաշտոնավորողներից շատերի մոտ ևս: Եվ առաջին հերթին մենաշնորհային կարգավիճակ, բացառիկ լիազորություններ ունեցող նրանց առաջնորդի մոտ:

Իհարկե, հաճոյախոսելով՝ «իմ հպարտ, արժանապատիվ քաղաքացիներ» ասելով երբեմն էլ «ես Ձեզ սիրում եմ»–ն էլ ավելացնելով կարելի է որոշ ժամանակ մոլորեցնել որոշ մարդկանց: Բայց փաստերը միշտ էլ դատարկ խոսքերից շատ ավելի ազդեցիկ են լինում: Եվ եթե փորձենք դրանք համադրելով պարզել՝ ով ով է լրիվ հակառակ պատկերը կստանանք:

Հարգելի ընթերցողներ. չնայած հայրենասիրության պակասի գնահատման հարցի հետ կապված և մինչ պատերազմյան, և ետպատերազմյան դեպքերին առնչվող ազդեցիկ շատ ու շատ այլ փաստարկներ ևս կան, բայց Ձեր ժամանակը խնայելու նպատակով այստեղ թույլ տվեք 44-օրյա առճակատմանը միայն անդրադառնալ:

Բնական է, որ որպես Գերագույն հրամանատար՝ վարչապետը շատ լավ գիտեր, որ ուժերը խիստ անհավասարաչափ են: Որ մեծաքանակ զոհեր տալով էլ մեկ է՝ չենք կարող խուսափել պարտությունից: Եվ միակ ելքը, որ մեզ դեռ մնացել էր, այն էր, որ որոշ զիջումների գնալով՝ մի կերպ ժամանակ շահենք, կանխենք պատերազմի անմիջական վտանգը, ինչին սակայն նա ցավոք չգաց: Պատերազմը սկսվելուց հետո էլ, չնայած տեսնում էր, ինչ ծանր վիճակում էինք հայտնվել՝ նորից չփորձեց հաշտության եզրեր փնտրել: Ավելին` չհամաձայնեց ընդունել Կրեմլի առաջարկը, որ Ադրբեջանը համաձայնվել է գրավվածով բավարարվել և պատրաստ է հոկտեմբերի 20-ից պատերազմը դադարեցնել: Խիստ ցավալի է, որ միայն այդ առաջարկը չընդունելու պատճառով մենք նորից հազարավոր նոր զոհեր տվեցինք, Շուշին, Հադրութը հանձնեցինք թշնամուն: Ի վերջո էլ ստիպված եղանք, շատ ավելի մեծ կորուստներով կապիտուլիացիայի այդ ահավոր փաստաթուղթը ստորագրել:

Առաջին հայացքից էլ արդեն ակնհայտ է, թե որքան վտանգավոր, վնասակար էր նրա այդ պահվածքը ոչ միայն Հայաստանի, այլ մեր ողջ ժողովրդի համար ևս: Մյուս կողմից՝ հազիվ թե դրանք օտարի թելադրանքով միայն արված քայլեր էր՝ ուղղակի դավաճանություն էր: Ամենայն հավանականությամբ դա հայրենասիրության, ազգասիրության, ես կավելացնեի նաև, մարդասիրության խիստ պակասով, անհագուրդ իշխանատենչությամբ, աթոռը կորցնելու վախով էր պայմանավորված:

Հետաքրքիր է, որ վարչապետը նույնիսկ խոստովանում է դա: Լրագրողների այն հարցին թե ինչու զիջումների չգնաց՝ նա պատասխանում է «բա ինձ ինչ կասեին», ընդդիմությունը թուլության նշան դա կընկալեր: Ոնց որ դա հազարավոր ջահելների կյանքից ավելի կարևոր էր:

Ազգակիցների նկատմամբ սիրո, հարգանքի պակասը նրա և իր թիմակիցներից շատ շատերի մոտ պարզ երևում է նաև մի այլ հարցում:

Լավ, ո՞նց կարելի էր անընդհատ խաբել, մոլորության մեջ գցել մերձավորներին: Ո՞նց կարող էր իր ժողովրդին իսկապես հարգող, սիրող առաջնորդը 44 օր շարունակ անընդհատ թաքցներ նրանցից իրականությունը, «Հաղթելու ենք» կեղծ կարգախոսով մոլորության մեջ գցեր մարդկանց: Եվ մոտալուտ բեկման պատրանք ստեղծելով՝ իզուր տեղը սպանդի ուղարկել ազգակիցներին:

Իրոք, ցավալի է, որ մեզանում արդեն որերրորդ անգամ իշխանություն են ստանում զգացմունքային այդպիսի, ոչ բավարար դաստիրակություն ստացած անձիք: Առավել ցավալի է, որ նրանցից շատերմ այժմ էլ դեռ ազդեցության լուրջ լծակներ ունեն: Եվ նրանց պատճառով վտանգվում է նաև մեր հետոն: Ազգապահպանման, զարգացման ապահովման մեր հնարավորությունները:

Այսօր, կարծում եմ ,արդեն բոլոր են հասկանում, որ սակավաթիվ բնակչությամբ, հնամաշ, քայքայված տնտեսությամբ մեր երկիրը միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում էլ չի կարողանալու այս վերջին պատերազմի պատճառով առաջացած իր վերքերը բուժել: Ամրապնդել, արդիականացնել իր պաշտպանական համակարգը: Դուրս գալ կիսագաղութային այս ահավոր կախվածությունից: Պարզ է նաև, որ օտարների աջակցություն մուրալն էլ առաջիկայում մեզ ոչինչ չի տա:

Չարենցի խոսքերը՝ «Ով Հայ ժողովուրդ, քո փրկությունը, քո հավաքական ուժի մեջ է» այսօր առավել քան արդիական են դարձել:

Սակայն փրկության այդ ուղով ընթանալու, աշխարհով մեկ միաձույլ, մի հզոր Ազգ կազմավորում ձևավորելու համար՝ մեր մարդիկ ամենուր պետք է հասկանան, զգան, թե որքան կարևոր, օգտակար, լավ է ներազգային համագործակցության, փոխօգնության, ներողամտության, հանդուրժողականության ոգով ապրելը: Մեր Հայ մեծ ընտանիքի անդամ լինելը: Միմյանց սիրել, հարգելը: Հայրենիի համն ու հոտը, քաղցրությունը ճաշակելը, երբ աշխարհում որտեղ էր որ լինի՝ հանդիպում ես քո ազգակցին:

Ցավալի է: Իրոք շատ ցավալի է, որ մարդիկ, որոնք օրինակ պետք է ծառայեին՝ միասնականության, ազգասիրության, ջանքերի համատեղման ուղիով պետք է տանեին մեզ, ընդհակառակը՝ լրիվ այլ բան են որդեգրել:

Իշխանությունը պահելու, կամ հետ նվաճելու մոլուցքով տարված՝ նրանք ամենուր թշնամանք են միայն քարոզում: Փորձում են մասնատել, սև և սպիտակի բաժանել մեր ողջ ժողովրդին: Ո՞նց կարող են հայրենասեր, ազգասեր լինեն նրանք, ովքեր իրենք իրենց էլ են համոզում, որ բոլոր այս նորերը թուրք, դավաճան, օտարամոլ սրիկաներ են: Եվ իրենց հերթին՝ ո՞նց կարող են հայասեր լինել իշխանության լծակներից օգտվող այս նորերը, որոնք իրենց ազգակիցներին սպառնում են՝ եթե մեր հետ չեք՝  ասֆալտին կփռենք, պողպատե մուրճով գլուխներդ կջարդենք:

Պարզ է, չէ՞, որ իրար վրա ցեխ շպրտելը, տեղի-անտեղի վարկաբեկելը օտարներին էլ է շատ ձեռք տալիս: Եվ որ Կրեմլը, օրինակ` օգտվելով, իշխանատենչության խորացող այդ արատից և երկու կողմերի էլ աջակցման սին խոստումներով տալով կախվածության մեջ է գցելում նրանց: Եվ նրանց միջոցով ազդեցության իր լծակներն է ամրապնդում, իր հինգերորդ շարասյունն է ընդլայնում:

Իհարկե, հայրենասիրության պակասը՝ զուգորդված աթոռապաշտության հետ խիստ ծանր հետևանքներով է հղի: Պետք է խոստովանենք և հաշվի առնենք, որ այդպիսինն է մեզանում ստեղծված իրավիճակը: Բայց ինչ արած՝ բոլոր դեպքերում էլ և այդ նախորդները, և այդ նորերը մեզանից են, հայ են: Նրանք էլ են առանձնահատուկ վերաբերմունքի արժանի: Եվ կարծում եմ՝ այս ծանր, ես կավելացնեի՝ նաև օրհասական պահին պետք է նրանց էլ դիմել կոչ առաջարկով՝ ի վերջո` դուք էլ մեր ազգակիցներն եք: Սթափվեք, փորձեք ուղղվել: Եվ եթե չեք կարողանում՝ գոնե մի խանգարեք: Թույլ տվեք, որ ազգայինի կարևորությունը հասկացող, զգացող ձեր հայրենակիցները համատեղելով ջանքերը՝ կարողանան փրկել բոլորիս ապագան: Պայմաններ ստեղծեն, որ աշխարհով մեկ կազմավորվի համազգային կառույցների մեր միաձույլ, հզոր համակարգը՝ մեր Հայ ազգ կազմակերպությունը իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստան Հանրապետությամբ:

 Արշակ ՍԱԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031