Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալիք տարում հանրակրթության ոլորտում նախատեսվում է ծախսերի շուրջ 12 մլրդ դրամի աճ, որն ուղղվելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 8.000-ից ավելի ուսուցիչների վարձատրությանը»

Հուլիս 26,2022 16:32

2023 թ. ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է իրականացնել բյուջետային 20 ծրագրի 183 միջոցառում. բյուջեն կկազմի շուրջ 248,6 մլրդ դրամ, որն 2022 թ. համեմատ ավելի է մոտ 21,8 մլրդ դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հուլիսի 26-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ու 2023 թ. բյուջեի նախագիծը: «Ուղղորդվելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ նախարարության համակարգման ոլորտներում նախատեսվում է բացի ընդհանուր ու բնականոն գործունեությունն ապահովող միջոցառումներից իրականացնել մի շարք նոր նախաձեռնություններ՝ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ»,- նշել է փոխնախարարը, ապա ոլորտ առ ոլորտ ներկայացրել իրականացվելիք ծրագրերը:

Մասնավորապես, գալիք տարում այս տարվա համեմատ հանրակրթության ոլորտում նախատեսվում է ծախսերի շուրջ 12 մլրդ դրամի աճ, որն ուղղվելու է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների 8.000-ից ավելի ուսուցիչների, բացառությամբ մաթեմատիկայի, հավելյալ վարձատրությանը՝ 30.000 դրամի չափով:

Արայիկ Խզմալյանի խոսքով՝ կշարունակվեն նախադպրոցական եւ դպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի վերանորոգումն ու կառուցումը՝ ներառելով նաեւ գյուղական փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները: «Ընդհանուր առմամբ նախատեսվում է նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան երեխաների համար համախառն ընդգրկվածությունը 61,3 տոկոսից 2025 թ. հասցնել 85 տոկոսի»,- ասել է նա:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ներկայացրել է խորհրդի 2023 թ. իրականացվելիք բյուջետային ծրագիրն ու միջոցառումները: Մասնավորապես, ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման համար եկող տարում նախատեսված է հատկացնել 7 մլրդ 683 մլն 978 հազար դրամ, որն 2022 թ. համեմատ ավելի է 49 մլն դրամով: Հանրային հեռարձակողի խորհրդի կառավարում, համակարգում եւ մշտադիտարկում ծրագրի համար կհատկացվի 174 մլն 52 հազար դրամ:

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը նշել է, որ գրասենյակի կողմից իրականացվելիք «Հայաստան-Սփյուռք գործակցության» եւ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրերի կատարման համար նախատեսվում է հատկացնել 698 մլն 39 հազար դրամ: «2023 թ. նախատեսվում է երկշաբաթյա ուսումնաճանաչողական «Քայլ դեպի տուն» ծրագիրը՝ 400 սփյուռքահայ պատանու եւ երիտասարդի մասնակցություն, սակայն ընդունվել է 955 հայտ, այդ իսկ պատճառով առաջարկում ենք 400-ը դարձնել 600»,- ասել է նա:

Բանախոսները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցադրումներին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031