Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակավորված հատուկ ջոկատայինները կոտրել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության դուռը, ոլորել աշխատակիցների թեւերը

Հուլիս 26,2022 16:24

Դատարանի որոշմամբ՝ այսօր՝ հուլիսի 26-ին, դիմակավորված հատուկ ջոկատայինները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում խուզարկություն են իրականացրել, առգրավել կրիչներ եւ համակարգիչ:

Ընկերության կալանավորված սեփականատեր Ալեքսան Զաքարյանի պաշտպան Արկադյա Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ դիմակավորված այցի անհրաժեշտություն չկար, եթե նախապես պահանջեին՝ իրենք կներկայացնեին: «Վերջին անգամ, երբ իմ պաշտպանյալի գործով կրկնակի փորձաքննություն նշանակվեց, այդ փորձաքննության փորձագետներից մեկը պահանջել է փաստաթղթեր կամ հաշվապահական ծրագրեր եւ համապատասխան միջնորդություն ներկայացրել, որոնք կարող են լինել այդ կրիչներում ու համակարգչում: Այնպես էր, որ դիմեին, հանգիստ կտայինք, ոչ վախենալու բան, ոչ էլ հանցավոր բան կար էդտեղ: «Մասկի շոուներով» եկել, մտել էին, դռան ապակի են ջարդել, աշխատողների թեւերն են ոլորել: Չգիտեմ՝ ինչ են ուզում դրանով ասել, չենք էլ հասկանում: Բայց եկան, տվեցինք, գնացին, իրենք էլ զարմացան, որ տալիս ենք: Ասացինք իրենց, որ եթե զանգեին, կտանեինք իրենց կտայինք, այդքան մարդու ինչու են բերել, հասցրել ընկերություն»:

Հիշեցնենք, որ առաջին փորձաքննությամբ պարզվել էր, որ ընկերությունը զրո դրամի վնաս է հասցրել պետությանը, նշանակվել էր կրկնակի փորձաքննություն:

Արկադյա Գեւորգյան

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանի պաշտպանն ասաց, որ նշանակված փորձաքննությանը որպես մասնակից ներգրավված են նաեւ մեղադրյալն ու պաշտպանը, սակայն, փաստաբանի խոսքով, քանի որ վարույթ իրականացնող մարմինը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, կարծես այնպես են անում, որ փորձագետները գաղտնի մնան, պաշտպանական կողմը նրանց հետ շփվելու հնարավորություն չունենա:

Հիշեցնենք, որ Ալեքսան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 189֊-րդ հոդվածի 3֊րդ մասով, այն է՝ կեղծ ձեռնարկատիրությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031