Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստը, որի ավարտին կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ասուլիս է տվել՝ անդրադառնալով նաև Հայաստանին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
«Քանի դեռ Հայաստանը պահում է խոսքը, բանակցությունների անցկացումը կարևոր է, քանի որ այն կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը»,-հայտնել է Չելիքը՝ կրկնելով, որ գործընթացն ընթանում է Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնությամբ ու համակարգմամբ։
Չելիքը հիշեցրել է նախկինում հայ-թուրքական հարաբերությունների ձախողված փորձերի մասին՝ ընդգծելով, որ այս անգամ կարգավորման համար միջավայրն ավելի բարենպաստ է:
Ըստ ԱԶԿ-ի խոսնակի պնդման՝ նախկինում որոշ պետություններ խափանել էին հայ-թուրքական կարգավորման գործընթացը, որպեսզի Հայաստանը և հայկական սփյուռքը դուրս չգան իրենց հսկողությունից։
Կարդացեք նաև
Հիշեցնելով սույն թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ Չելիքը հայտնել է, որ կան նաև հարցեր, որոնք քննարկելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Նրա խոսքով՝ այդ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում դրանք կնպաստեն գործընթացի առաջխաղացմանը: