Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի կանայք Հայաստան գալիս՝ հազարավոր դոլարների գնումներ են կատարում․․․ թող գան, այստեղ գնումներ անեն. Կիրակոս Գույումջյան

Հուլիս 26,2022 15:40

«Հայաստանում ապրանք գնելու մշակույթը կուզեմ, որ տարածվի հայերի մեջ, մասնավորապես այն հայերի, որոնք զբոսաշրջության նպատակով այցելում են Հայաստան: Սփյուռքի կանայք Հայաստան գալիս՝ հազարավոր դոլարների գնումներ են կատարում եւ իրենց պայուսակները լցնում օտար երկրներում վաճառվող ապրանքներով, եւ Հայաստանին դրանից որեւէ բաժին չի մնում: Երբ գալիս են՝ ամեն ինչ իրենց հետ ունեն եւ որեւէ ձեւով Հայաստանից ապրանք չեն գնում»,-ասում է քուվեյթահայ գործարար, բարերար Կիրակոս Գույումջյանը: Նա Հայաստան եկողներին կոչ է անում, ապրանքները գնել Հայաստանում՝ այդ կերպ օգնելով հայրենիքին:

Այսօր Կիրակոս Գույումջյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացրեց իր նախաձեռնած «Գնեք Հայաստանում» արշավի նպատակը: Ասում է՝ կոսմետիկ միջոցներից, երեխաների համար իրերից ու նվերներից սկսած՝ կարելի է գնել Հայաստանում:

«Առաջին նպատակը Հայաստանում տարադրամ ապահովելն է: Այն պետությունները, որոնք օտար դրամանիշ ունեն, նրանք ավելի հզոր դիրքերում են, նրանց դրամն ավելի կայուն կլինի եւ հայրենիքին օգուտներ կբերի»:

Գործարարը գտնում է, որ այդ ամենը շղթայական արդյունք կունենա՝ տեղական արտադրանքը կզարգանա, արտագաղթը կնվազի, ժողովրդագրական իրավիճակը կբարելավի եւ մարդիկ էլ ստիպված չեն լինի օտար երկրներում աշխատանք փնտրել, այլ կունենան եկամտի կայուն աղբյուր: Ասում է՝ Հայաստանն էլ «վաճառական կենտրոն լինելու փոխարեն կլինի արտադրական կենտրոն»:

Կիրակոս Գույումջյանը Հայաստան այցի ժամանակ հանդիպել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին, որը խոստացել է գործարարի գաղափարը տարածելու համար միջոցներ փնտրել:

Կիրակոս Գույումջյանը Արցախում էլ կրթական ծրագրեր է իրականացրել, սակայն ցավով նշում է, որ Քաշաթաղում վերանորոգած դպրոցը, որը անվանակոչվել էր բարերար հոր անունով, մնացել է հակառակորդի տիրապետության տակ: Ասում է՝ Արցախի հետ կապված սպասողական վիճակում են, որպեսզի որոշ ծրագրեր հաստատվելուց հետո սկսեն իրագործումը:

Գործարարը այլ նախագծերի միջոցով էլ արաբական աշխարհում ներկայացնում է նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվություն. «Այդքան տարի արաբների հետ ապրում ենք, բայց արաբ ժողովուրդը տեղյակ չէ՝ մեզ հետ ինչ է պատահել: Եվ քանի որ արաբերենին տիրապետում եմ, դա օգտագործում եմ ի շահ հայ դատին: Արաբական մամուլում սկսեցի նյութեր գրել: Օրինակ՝ թուրքական տեսակետ պաշտպանող նյութերի դեմ, որով թուրքական դեսպանը ասում էր, որ ցեղասպանություն գոյություն չունի, հակադարձել եմ իմ նյութերով: Հրատարակել եմ Ղարաբաղի հարցի, Հայկական դատի մասին հոդվածներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031