Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների հետ Թեհրանում կայացած հանդիպումներում հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի Իրան-Հայաստան սահմանի փակումը, որ Իրան-Հայաստան սահմանը հազարամյա հաղորդակցության ճանապարհ է, եւ այդ մասին նաեւ առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում։
Այսօր լրագրողները ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին հարցրեցին՝ հայկական կողմը մշտապես նշել է, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում, այդ դեպքում Իրանի անհանգստությունը ինչո՞վ եք բացատրում:
Աղաջանյանը պատասխանեց. «Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որեւէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար: Նաեւ կարեւոր եմ համարում նշել, որ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ԵԽ նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել՝ այդ թվում Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել: Ընդհանրապես այս գործելաոճը նոր չէ, Ադրբեջանը մշտապես առանձնացել է այդ գործելակերպով, սա չի խրախուսում ու օգնում կոնստրուկտիվ քննարկումներին, բայց ցավոք, մեր հարեւանները առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահվող գործելակերպով: Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Քննարկումներ տեղի ունենո՞ւմ են, թե՞ ոչ՝ ո՛չ, Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել, հրաժարվել է ի սկզբանե, իսկ թե այդ հանդիպումներին ինչպիսի հայտարարություններ է հետեւում, դրանց մասին դուք տեղյակ եք: ԵԽ գրասենյակի հերքումը հաստատում է Հայաստանի դիրքորոշումը եւ ճշմարտացիությունը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ