ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները մամուլի ասուլիս էին հրավիրել՝ տարեկան հաշվետվություն տալու: Պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ աշնանային նստաշրջանը 2021-ին տեղի չի ունեցել՝ կորոնավիրուսի պատճառով ու քաղաքական բովանդակություն չի քննարկվել: Ձմեռային նստաշրջանը տեղի է ունեցել հիբրիդային ձեւաչափով՝ յուրաքանչյուր պետության միայն պատվիրակության ղեկավարներն են հրավիրված եղել Վիեննայում կազմակերպված միջոցառմանը: Բայց այդ օրը մեկնարկել է Ուկրաինայի պատերազմը ու օրակարգը փոխվել է, ամբողջ ուշադրությունը սեւեռվել է այդ հակամարտության վրա ու դժվար է եղել կենտրոնացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա:
Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ամառային նստաշրջանին, որն ամենակարեւորն է, ամփոփիչ զեկույցն է նախաձեռնվում ու ընդունվում, հայկական կողմը երեք փոփոխություն էր նախատեսել, որոնցից երկուսը քաղաքական հարցերով զեկույցում պետք է տեղ գտներ, մեկը՝ մարդու իրավունքների հարցերով զեկույցում, այն վերաբերել է նոյեմբերի 9-ից հետո առկախված հարցերին, մասնավորապես՝ գերիների խնդրին. «Մեր պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները ունեցել են առավելագույն թվով աջակցություն սկզբնական շրջանում՝ տարբեր պատվիրակությունների կողմից: Հայաստանի կողմից առաջարկված 3 փոփոխություններից եւ ոչ մեկը չի հաստատվել: Երկու հանձնաժողովների զեկուցողները հստակ դիրքորոշում են հայտնել քվեարկությունից առաջ անփոփոխ թողնել տեքստը: Ես ելույթ եմ ունեցել՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով այն հարցին, որ ըստ էության, ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սեւեռել է կոնկրետ մի կետի վրա՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին ու որեւէ այլ կոնֆլիկտ այս տարածաշրջանում կարելի է ասել հետաքրքիր չէ մեր գործընկերներին: Սա մեզ համար անընդունելի է ու սրա մասին բարձրաձայնել ենք մենք, մեր պատվիրակության անդամները»:
Թե ինչու չի ընդունվել, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ բոլոր հիմնավորումները ներկայացրել էին, հղում արել միջազգային բանաձեւերին. «Ադրբեջանական կողմն ու պատվիրակությունը որդեգրել են երկկողմանի ուղիղ նույնաբովանդակ մեղադրանքների մարտավարություն ու այս երկկողմանի մեղադրանքների հորձանուտում մեր գործընկերների ընկալումները կարող են փոքր-ինչ խեղվել եւ իրականությունը նման պայմաններում դժվար է ի հայտ բերել: Ու այս համատեքստում է, որ մենք կարեւոր ենք համարել հղում կատարել միջազգային այլ բանաձեւերին: Այնուամենայնիվ, ձայների փոքր տարբերությամբ մեր առաջարկած փոփոխությունները չեն անցել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ