2022 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ աճել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքերի քանակը․ ԽԱՊԿ-ը գրանցել է 11 դեպք՝ 12 տուժողով, որոնցից 10-ը (11 տուժող) տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելիս, իսկ մեկը՝ Ազգային ժողովում։ Ուշագրավ է, որ այդպիսի դեպքերի թիվը 3-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվածները, երբ երկրում հետպատերազմյան և նախընտրական թեժ քաղաքական պայքար էր ընթանում, որն իր հերթին ուղեկցվում էր լրագրողների և օպերատորների վրա հարձակումների ակտիվացմամբ։
Դիտարկված ժամանակաշրջանում արձանագրվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների ևս 11 դեպք։ Լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 8 նոր դատական հայց, բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Դրանց կեսը ներկա և նախկին պաշտոնյաների կողմից են։
Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա դրանք, նախորդ եռամսյակի համեմատ, գրեթե կիսով չափ կրճատվել են․ գրանցվել է 24 նոր դեպք։ Այդուհանդերձ, պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ։ Մերժումներն ուղեկցվում են տարատեսակ անհիմն պատճառաբանություններով, կամ էլ հարցումներն ուղղակի անտեսվում են։ Իսկ եթե նույնիսկ պատասխաններ տրամադրվում են, դրանք հաճախ կամ լղոզված են լինում, կամ չեն համապատասխանում հարցերի էությանը։
Սրանով է նաև պայմանավորված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում հունիսի 9-ին ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունը, ըստ որի՝ հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկություններ չտրամադրելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով տուգանքը դարձել է 30-ապատիկից 70-ապատիկ, իսկ վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձել է 100-ից մինչև 150-ապատիկ:
Կարդացեք նաև
Եռամսյակի ընթացքում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել թե տեղական լրագրողական կազմակերպությունները, թե միջազգային կառույցները՝ կոչ անելով իրավապահ մարմիններին՝ չկիրառել անհամաչափ ուժ, չխախտել իրենց պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները։
Դիտարկվող ժամանակահատվածում հրապարակվել է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանը դասվել է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ մամուլը, ընդհանուր առմամբ, կրկին որակվել է բևեռացված։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում էլ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, մամուլի ազատության առումով բարելավել է դիրքերը՝ 63-րդ հորիզոնականից հասնելով 51-րդին։ Այդուհանդերձ, երկու զեկույցներում էլ մտահոգություն է հայտնվում մեդիային վերաբերող օրենսդրության նոր փոփոխությունների առնչությամբ, որոնք չեն նպաստում մամուլի ազատությանը և հաճախ հակասում են եվրոպական նորմերին։
Հատկապես խնդրահարույց էին այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացումը, վիրավորանքի ու զրպարտության համար քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոխհատուցումների վերին շեմերի եռապատկումը, լրագրողներին պետական մարմիններում հավատարմագրումից զրկելու հնարավորության ներմուծումը, ինչպես նաև՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթը։
Այս առումով մեկ դրական տեղաշարժ գրանցվեց, երբ միջգերատեսչական քննարկումների արդյունքում իշխանությունները որոշեցին նոր Քրեական օրենսգրքում չներառել «ծանր վիրավորանքի» համար պատիժ նախատեսող հոդվածը, որը ուժի մեջ էր մտել նախորդ տարվա օգոստոսին, և նախընտրելի համարվեցին արդեն իսկ գործող քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները:
Օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները կանխելու նպատակով տեղական 11 լրագրողական կազմակերպություններ հանդես եկան մի նախաձեռնությամբ, որը ենթադրում է օրենսդիր և գործադիր իշխանությունների ու քաղաքացիական հասարակության կառույցների գործակցություն՝ միտված մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ մշակելուն։ Արդյունքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, լիազորություն ստանալով 10 գործընկեր կազմակերպություններից, ապրիլի 19-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահի ու ՀՀ արդարադատության փոխնախարարի հետ ստորագրեց համագործակցության Հուշագիր։ Ըստ այդմ՝ մեկնարկեց վերոնշյալ հայեցակարգի մշակումը, ինչը հիմք կհանդիսանա ապագա օրենսդրական փոփոխությունների համար։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե