Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Ավետիք Չալաբյանի գործով առաջին նախնական դատական նիստը։ Ինչպես հայտնել էինք, Չալաբյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ վարույթն իրականացնող քննիչը խախտել է մեղադրյալի իրավունքները եւ օրենսդրությունը` ժամանակին չտրամադրելով մեղադրական եզրակացությունն ու գործի նյութերը. Չալաբյանը սա հաստատեց, ասաց, որ գործի նյութերն իրեն չեն տրվել։ Դատավորը, սակայն, գտավ, որ դատավարությունը պետք է շարունակել։
Պաշտպանական թիմն առարկեց նրա գործողությունների դեմ, վկայակոչեց օրենքը, սակայն Մնացական Մարտիրոսյանը պնդեց, որ պաշտպանն ինքը կարող էր ծանոթանալ գործի նյութերին։
Արդյունքում պաշտպանական կողմը դատարանի գործողություններն ապօրինի որակեց ու ասաց, որ լքում են նիստերի դահլիճը։ Մնացական Մարտիրոսյանը նրանց գործողությունները որակեց անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ եւ հայտարարեց մեկ ժամ ընդմիջում։
Կարդացեք նաև
Ավետիք Չալաբյանն իր հերթին դիմեց դատավորին ու ասաց. «Սա ապօրինի քրեական գործ է, սա միայն ծխածածկույթն է։ Կա կոնկրետ վարչախմբի ղեկավար, անունն էլ Նիկոլ Փաշինյան, որին դուք ժամանակին դատել եք։ Նա իմ ու ընտանիքիս հանդեպ հետապնդում է իրականացնում, եւ բոլոր փաստերն աստիճանաբար հրապարակելու ենք այս դատաքննության ընթացքում։ Այս ծխածածկույթի տակ գործող իրավապահների խումբն էլ ամեն անգամ օրենքը կամայական է մեկնաբանում։ Բոլորն էլ հասկանում են, որ այստեղ հանցակազմ չկա։ Արել են ապօրինի ձայնագրություն, հազար տեղից մոնտաժել։ Ամեն ինչ կախված է երկու վկայից շանտաժով ստացված ցուցմունքից։ Խոշտանգումներով են ստացել` աչքիս առաջ»:
Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է.«Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ