«Չափորոշիչները նախադպրոցական հաստատությունների ամենակարեւոր փաստաթղթերն են: Նոր չափորոշիչներն արդեն ներկայացված են մասնագետների ուշադրությանը, բայց դեռեւս շարունակում են մնալ քննարկման փուլում: Այնտեղ շատ կարեւոր ոլորտներ են ներառված, կարեւոր կարողունակություններ, որոնց պետք է ծանոթացնել մասնագետներին: Առայժմ գործում է հին չափորոշիչը, իսկ նոր չափորոշիչներին լայն առումով մասնագետները ծանոթ չեն, երեւի պետք է տեղի ունենան վերապատրաստումներ, փորձարկումներ, նոր դրանք կիրարկեն»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած` մայրաքաղաքի և մարզերի նախակրթարանների տնօրենների հետ հեռավար քննարկմանը նշեց Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը:
«Նախադպրոցական երեխային ընդառաջ» ուսուցչական համաժողովի կազմկոմիտեի նախագահ, Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ, «Ինդիգամի» մանկապարտեզի համահիմնադիր Նելլի Խաչատրյանի խոսքով. «Նախադպրոցական կրթության ոլորտում խնդիրները բազմազան են ու բազմաշերտ: Մենք մեր փոքրիկ համայնքով փորձել ենք կենտրոնանալ հատկապես մասնագետների վերապատրաստման խնդիրների վրա, որովհետեւ մեր երկրում վերապատրաստումների հնարավորությունները շատ չեն նոր որակի ուսուցիչ ստանալու համար: Մենք կենտրոնացել ենք ուսուցիչների վերապատրաստման խնդիր վրա, որը լուծելով` կարող ենք լուծել շատ այլ խնդիրներ նույնպես»:
Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ մասնագետների պակասին. Նախադպրոցական կրթության համակարգում արդեն չեն ցանկանում մնալ անգամ փորձառու մասնագետները, եւ այն հարցին ի պատասխան, թե նախադպրոցական հաստատությունների մասնագետներ պատրաստող բուհերում այդ մասնագիտությամբ այս տարի որքա՞ն դիմորդ է եղել՝ նշվեց, որ օրինակ՝ Մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժություն եւ մեթոդիկա բաժին ընդամենը 10 հոգի է ընդունվել:
«Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնք» հարթակի եւ «Լուսե տնակ» ստեղծարար կենտրոնի համահիմնադիր Քրիստինե Երիցյանը փաստեց, որ անցյալ տարի Մանկավարժական համալսարանի նույն բաժնում 25 հոգի էր ընդունվել, այս տարի` երկու անգամ պակաս: «Խնդիրը շատ սուր է, մասնագետների պակաս կա: Կարծիքներ են հնչում, թե ոլորտը հրապուրիչ չէ մասնագետների համար: Ցավով պետք է նշել, որ մասնագետներն ընտրում են այլ ոլորտներ, շատ հաճախ բուհն ավարտելուց հետո փոխում են մասնագիտությունը, բայց մեր ոլորտը պատասխանատուներից է, ուստի մեծ ջանքեր պետք է գործադրենք, որ այն դառնա իսկապես հրապուրիչ, մասնագետների թիվն աճի, նրանք ցանկանան վերապատրաստվել, որ կարողանան նախադպրոցական կրթությունը պատշաճ ձեւով իրականացնել»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ