Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Ավետիք Չալաբյանի գործով առաջին նախնական դատական նիստը։
Դատարանի կողմից մեղադրյալի անձնական տվյալների ճշգրտման ժամանակ Չալաբյանը հայտնեց, որ մինչեւ կալանավորվելն աշխատում էր մասնավոր ընկերությունում, սակայն պաշտոնից ստիպված հրաժարական է տվել, քանի որ չէր կարող պարտականությունները կատարել։
Այնուհետեւ նրա շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ վարույթն իրականացնող քննիչը խախտել է մեղադրյալի իրավունքները եւ օրենսդրությունը` ժամանակին չտրամադրելով մեղադրական եզրակացությունն ու գործի նյութերը. «Անհնար է առանց դրանց ծանոթանալու իրականացնել արդյունավետ պաշտպանություն»:
Կարդացեք նաև
Չալաբյանը սա հաստատեց, ասաց, որ գործի նյութերն իրեն չեն տրվել։
Դատավորը, սակայն, գտավ, որ դատավարությունը պետք է շարունակել։ Պաշտպանական թիմն առարկեց նրա գործողությունների դեմ։ Մանրամասները` առաջիկայում։
Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։
Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։