Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը 2022-ի 2-րդ եռամսյակում կտրուկ աճել են»․ Աշոտ Մելիքյան

Հուլիս 26,2022 14:11

«Այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում ամենաարտառոց երևույթը լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերի կտրուկ աճն է»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նա ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Աշոտ Մելիքյանը նկատեց՝ կրկին արձանագրում ենք, որ երբ երկրում լարվում է հասարակական-քաղաքական իրավիճակը, ավելանում են նաև հարձակումները ԶԼՄ-ների և լրագրողների վրա։ Նա հիշեցրեց՝ անցած եռամսյակում՝ ապրիլ-հունիս ժամանակահատվածում ընդդիմությունն անհնազանդության գործողություններ էր կազմակերպում ու նշեց․ «Պետք է ասեմ, որ մեր կողմից գրանցված՝ լրագրողների նկատմամբ բռնության 11 դեպքերից 10-ը հենց այդ ժամանակահատվածում էր, երբ տարբեր ԶԼՄ-ներ լուսաբանում էին այդ բողոքի գործողությունները։ Լինում էին նաև դեպքեր, որ ոչ թե հենց ընդհարումների պատճառով էին լրագրողները բռնության ենթարկվում, այլ նպատակաուղղված գործողություններ էին իրականացվում ընդդեմ առանձին լրագրողների և օպերատորների։ Բռնության մեկ դեպք էլ գրանցվել է ԱԺ-ում»։

Աշոտ Մելիքյանը հայտնեց՝ բոլոր այդ փաստերն արձանագրել են, իրենց գործընկեր կազմակերպությունների հետ հանդես եկել հայտարարությամբ։ Ստացել են տարբեր ատյաններից արձագանք՝ հիմնականում ոստիկանությունից և այլ իրավապահ մարմիններից։ Սակայն ցավով նշեց, որ առայժմ չեն արձանագրել, որ այդ իրավախախտումների հետևանքով լուրջ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները։

Հարցին՝ լրագրողների նկատմամբ բռնությունները հիմնականում ո՞ւմ կողմից են լինում, Աշոտ Մելիքյանը պատասխանեց․ «Հիմնականում իրավապահների կողմից են բռնությունները լինում, բայց նաև չմոռանանք, որ լինում են դեպքեր, երբ հենց ցույցի մասնակիցների կողմից են հարձակումներ լինում։ Դա նաև անցյալում է գրանցվել, երբ այլ քաղաքական ճամբարից լրագրողները լուսաբանում էին կոնկրետ քաղաքական ուժի կազմակերպած բողոքի գործողություններ, բավականին լուրջ իրավիճակ էր ստեղծվում»։

Աշոտ Մելիքյանն այս ցուցանիշները մտահոգիչ է համարում հատկապես այն առումով, որ 2022-ի 2-րդ եռամսյակի ընթացքում ֆիզիկական բռնությունների թիվն ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածը շատ ավելի լարված էր՝ հետպատերազմական զարգացումներ, նախընտրական թեժ պայքար։

Հղում կատարելով իրենց կազմակերպության պատրաստած զեկույցին՝ Աշոտ Մելիքյանը նշեց․ «Արձանագրել ենք լրագրողների նկատմամբ 11 այլ տարատեսակ ճնշումներ՝ առանց ֆիզիկական բռնությունների։ Արձանագրենք նաև, որ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առումով կտրուկ նվազում է նկատվում։ Խախտումների թիվը նվազել է, և սա ինչ-որ տեղ սփոփող է, չնայած շատ լավ գիտենք, որ պետական մարմիններից տեղեկություն ստանալը մնում է շատ բարդ, բազմաթիվ ԶԼՄ-ներ իրենց դժգոհությունն են արտահայտել։ Երբ մեր փորձագետը դիմում է ԶԼՄ-ներին, որ հասկանանք, թե ինչ տիպի հարցումներ են ուղարկել և ինչ պատասխան են ստացել, կամ մերժման ինչ հիմնավորումներ, տեսնում ենք, որ իրավիճակը խնդրահարույց է։ Պետական մարմինները հաճախ ուղղակի խուսափում են համարժեք, պատշաճ արձագանք տալ ԶԼՄ-ներին։ Լինում են ուշացման դեպքեր, ուղղակի որևէ հիմնավորում չտալով՝ մերժումներ, լինում են տարօրինակ հիմնավորումներ, էլ չեմ ասում լղոզված պատասխանների մասին»։

Աշոտ Մելիքյանը կարևորեց Տեղեկատվության ազատության մասին օրենքում ՀՀ ԱԺ-ի կողմից հունիսի 9-ին կատարված փոփոխությունը ու մանրամասնեց․ «Ըստ այդ փոփոխության՝ այն պետական մարմինները, որոնք անհիմն մերժել են և չեն տրամադրել այն տեղեկատվությունը, որը ենթակա է հրապարակման, այդ պատասխանատուները կենթարկվեն ավելի խիստ պատասխանատվության։ Եթե մինչև այս փոփոխությունը նախատեսված էր 10․000-50․000 դրամ վարչական տույժ, ապա հիմա արդեն 30․000-70․000 դրամ վարչական տույժ է նախատեսվում։ Եթե մեկ տարվա ընթացքում այդ կառույցը նույն կերպով է վարվում, ապա այժմ սահմանված է 100-150 հազար դրամ տուգանք։ Այս փոփոխությունները բավականին սթափեցնող դեր կարող են խաղալ»։

Աշոտ Մելիքյանն ասաց՝ լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ դատական գործերի, հայցերի առումով նախկինում գրանցվող մեծ ալիքն այս տարի նվազել է։ Սակայն կան դեպքեր, երբ լրատվամիջոցի նկատմամբ դատական հայց է ներկայացվել ակնհայտորեն ճնշում գործադրելու համար։

Աշոտ Մելիքյանին զարմացրել է «Լրագրողներ՝ առանց սահմանների կազմակերպության» զեկույցում՝ ՀՀ-ում մամուլի ազատության հետ կապված իրավիճակի առաջընթացը։ Նա պարզաբանեց․«Ինձ համար բավականին անակնկալ առաջընթաց էր, երբ ՀՀ-ն նախորդ տարի 63-րդ տեղում էր, այս տարի՝ 51-րդ։ Փորձեցի հենց այդ կազմակերպությունից նաև հետաքրքրվել՝ ո՞րն է պատճառը, քանի որ մենք երկրի ներսում նման սրընթաց բարելավում չենք նկատում։ Բացատրեցին, որ նոր մեթոդաբանությամբ է ուսումնասիրություն արվել, մյուս կողմից էլ ամբողջ աշխարհում խոսքի ազատությունը հետընթաց է ապրում, գուցե ՀՀ-ի բարելավումը դրա հաշվին է»։

Աշոտ Մելիքյանը դրական փոփոխություն համարեց այն, որ հանվեց ծանր վիրավորանքի քրեականացման հոդվածը։ Նա նշեց․ «Իշխանությունները հայտարարեցին, որ ծանր վիրավորանքի՝ մեկ տարի առաջ քրեականացումը չեղարկվում է․ նոր քրեական օրենսգրքում այդ հոդվածն արդեն տեղ չի գտնելու։ Շատ կարևոր է, որ իշխանությունն իր սխալ կամ միգուցե էմոցիոնալ ֆոնի վրա ընդունած օրենքը չեղարկեց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031