Հունիսի 9-ին Երեւանում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ հայ գործընկերների խնդրանքով ռուսական կողմը որոշել է Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը։ ՀՀ ԱԳ նախարարը չարձագանքեց ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությանը: Այսօր կայացած հավաքում Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն այս առիթով ասաց. «Ես ուղիղ հարցրեցի վարչապետ Փաշինյանին՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։ Ես չեմ կարող մեջբերել նրան, որովհետեւ պաշտոնական հայտարարություն չէր, բայց թույլ կտամ չարաշահել այդ խոսակցության շրջանակները եւ ասել, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունները, նման նախաձեռնությամբ հանդես չի եկել, դա սուտ է։ Դա ռուսական բարձրաստիճան պաշտոնյայի կեղծիքն է»:
Հավաքի նախաձեռնողները հայտարարեցին, որ Հայաստանում մեկնարկում է քաղաքական-հասարակական նոր նախաձեռնություն՝ «Ոչ ռուսական ԶԼՄ-ներին, ոչ ռուսական դպրոցներին»։ Այն հանդես կգա «Հայկական պետության սահմանները սկսվելու են հայկական դպրոցներից» կարգախոսով: Հավաքը տեղի ունեցով Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ, որից հետո, նախաձեռնության անդամները ուխտագնացության գնացին՝ Մաշտոցի շիրիմի մոտ:
Տիգրան Խզմալյանի համոզմամբ, Հայաստանի հասարակությունը, մտավորականները, քաղաքացիական հասարակությունը կտրուկ դեմ են երկու մեծ սպառնալիքների իրականացմանը. «Առաջինը, դա ռուսական, ռուսալեզու պաշտոնական տեղեկատվության՝ հեռուստաալիքների, ինչպես նաեւ համակարգչային տարբեր կայքերի ազատ շրջանառությունն է, եթերային նախահարձակումը ՀՀ վրա։ Նրանք գործում են այստեղ որպես ռաշիստական, պուտինյան, մարդատյաց, ինչպես նաեւ հայատյաց քարոզիչներ։ Եվ մենք չենք կարող ընդունել նրանց գոյությունն ու ներկայությունը մեր երկրում։ Մենք կտրուկ դեմ ենք նաեւ նրան, որ ինչպես հայտարարում են ռուսաստանյան պաշտոնյաները՝ Հայաստանում իբր թե պատրաստվում են ընդլայնել ռուսաց լեզվի ներկայությունը դպրոցական ծրագրերում ու ավելացնել ռուսական դպրոցների քանակությունը։ Մենք սկսում ենք հանրային, քաղաքական եւ հասարակական նախաձեռնություն, որն ուղղված է այս երկու չարիքների դեմ»։
Նախաձեռնության անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գնահատմամբ էլ, Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացման գաղափարը պարզապես քաղաքական հերթական գրոհն է լինելու մեր երկրի, մշակույթի ու ժողովրդի վրա։ Բանախոսը կարծում է, որ մեր երկրում չպետք է տեղ գտնեն ուրիշների դեմ մշակութային այնպիսի քայլերը, ինչպիսիք են սփռվող հեռուստաալիքներով անընդհատ մատուցվող ֆիլմերը, երկխոսությունը, քարոզը, վերլուծությունը, որը թաքուն նպատակ ունի այլոց նկատմամբ բացարձակ անհանդուրժող լինելու գաղափարներ քարոզելը. «Այն գաղափարը, որ Հայաստանը քաղաքական ճնշման տակ պետք է ընտրի իր մշակութային կողմնորոշումը, բացարձակապես պետք է հանրային լուրջ դիմադրության հանդիպի։ Մասնավորապես, կուզեի խոսել լեզվի խնդրի մասին։ Ոչ մի լեզու այս աշխարհում չի կարող մշակութային չհամարվել, չի կարող անկարեւոր համարվել։ Մեզ համար ռուսերեն լեզուն կարեւոր լեզուներից մեկն է, եւ մեր հասարակությունն այն պետք է սովորի եւ իմանա, բայց դա մեր հասարակության ընտրությունը պետք է լինի։ Ցանկացած լեզվի եւ այդ լեզվի կարգավիճակի, այդ լեզվի ծավալների խնդիրը պետք է մեր օրակարգից բխի, ոչ թե մեզ պարտադրվի։ Ցանկացած քաղաքական պարտադրանք իր հետեւից բերելու է նոր պարտադրանքներ, բերելու է ինքնության փոփոխության խնդիր, հանրային դիսկուրսում լրացուցիչ պրոբլեմներ։ Եվ քաղաքական ճնշման տակ, քաղաքական նկատառումներով, քաղաքական հարկադրանքով մեզ պարտադրված որեւէ որոշում մեր հասարակությունը պետք է փոխի։ Ուզո՞ւմ ենք մենք փոխվել, ես կարծում եմ՝ այո։ Բայց ես նաեւ կարծում եմ, որ մենք ուզում ենք փոխվել մեր օրակարգով, մեր առաջ դրված խնդիրներով՝ մեր քաղաքական խնդիրները լուծելու, մեր հասարակությունը մաքրելու, մեր ապագան կերտելու ուղղությամբ։ Ես ուզում եմ հիշեցնել՝ հայոց լեզուն մեր կարեւորագույն թե էթնիկական, թե մշակութային, թե ինքնության արժեքն է։ Առնվազն 3000 տարի անցած լեզուն, որի ճանապարհի կեսից ավելին՝ նաեւ սեփական ու հրաշալի այբուբենով, իր լեզվական բոլոր առանձնահատկություններով ու միջոցներով, ինքնին արդեն մեծ ներդրում է համաշխարհային քաղաքակրթության մեջ»։
Կարդացեք նաև
Հրանուշ Խառատյանի գնահատմամբ, այս պահին մեր երկիրը եւ ժողովուրդը ներդրումներ քիչ են անում համաշխարհային մշակութային գանձարանում, բայց հայոց լեզուն ու հայերեն այբուբենը այնպիսի մնայուն, կարեւոր արժեքներ են, որ մեր պետության մի քիչ ուժեղ լինելու դեպքում, մեր հասարակության միակամ լինելու դեպքում այն պետք է դառնար թե առանձին երկրների ուսուցման լեզու, թեկուզեւ նրա համար, որ այդ լեզվով կարող է առնվազն 1500 տարվա պատմություն վերականգնվել՝ իր քարտեզագրումով, ինչն օգտագործվում է հիմա բացառիկ նեղ միջավայրերում:
Եթե Ռուսաստանն է պնդում ռուսաց լեզվի մուտքը Հայաստան, Հրանուշ Խառատյանը հիշեցնում է՝ Ռուսաստանի կարեւորագույն բուհերում, որտեղ տասնյակ տարիներով հայերեն լեզուն ուսումնասիրվել է ցանկացողների համար, ամեն օր ոչ միայն կրճատվում են այդ լեզվի ծավալները, այլ ուղղակի փակվում են այդ լեզուների ամբիոնները, դրանք պահելու համար լրացուցիչ գումարներ են պահանջվում ՀՀ-ից. «Այլ մշակութային արժեքի հանդեպ հանդուրժող որեւէ երկրի կողմից սա պետք է լինի իր սեփական նախաձեռնությունը։ Ցանկացած այլ մշակույթի հանդեպ մերժողական Ռուսաստանը, իր երկրի ժողովուրդների մշակույթի հանդեպ անհանդուրժողական Ռուսաստանը, այլատյացություն քարոզող երկիրը, որ իր հասարակությանը ներարկում է բացառիկ համարել իր արժեքը, իր գոյությունը, իր տեսակը՝ բոլոր մյուսների հաշվին, չի կարող իր լեզվի միջոցով մեր երկիր բերել դրական արժեքներ։ Հումանիստական երկիր լինելու, այլոց հարգելու դեպքում, այո, ռուսերենը պետք է Հայաստանում համապատասխան մակարդակով ուսումնասիրվի, բայց սա կրթության մեթոդի խնդիր է, ոչ թե կրթության ծավալի։ Սա պարզապես քաղաքական հերթական մի գրոհ է լինելու մեր երկրի, մեր մշակույթի, մեր ժողովրդի վրա»:
Նախաձեռնության անդամ, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ ասաց՝ կորցնում ես լեզուդ, կորցնում ես դեմքդ. ուստի, այս խնդիրը, առավել ևս հիմա, մեզ համար առավել կարեւոր է:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային