Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որպես ուսումնական նյութ երաշխավորվել է Դավիթ Սամվելյանի և Նաիրա Աբրահամյանի հեղինակած Հայ ժամանակակից գրականության 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների համար նախատեսված քրեստոմատիաները, որոնք լույս կտեսնեն սույն թվականի սեպտեմբերին: Քրեստոմատիայում ընդգրկված հեղինակներից է նաև արձակագիր, «Կայարան» գրական հանդեսի խմբագիր Սուսաննա Հարությունյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Սուսաննա Հարությունյանը նշեց, որ դպրոցն իր պատկերացմամբ` գիտական ստորին օղակ է, դպրոցի համար արվող ցանկացած բան պահանջում է համապատասխան մտածողություն, այն պետք է անի մասնագետների, գիտնականների, այս դեպքում՝ գիտական կոչում ունեցող գրականագետների, բազմավաստակ մանկավարժների, տարիքային հոգեբանների, բժիշկների խումբը։
«Շատ դժվար է խոսել չտեսած բանի մասին։ Գիրքը դեռ չկա, շրջանառվում են միայն գրողների անունները: Ես չգիտեմ՝ որքանով են կարողացել այս ծանրության տակից դուրս գալ կազմողները, բայց միայն ընդգրկված հեղինակների քանակը վախեցնող է և խոսում է սիրողական մակարդակի մասին,-մեր զրույցում նշում է Սուսաննա Հարությունյանը՝ ավելացնելով,- Այստեղ պետք չէ առաջնորդվել գրողներին գնահատելու կամ քաջալերելու սկզբունքով, այստեղ խոսքը երեխայի ճաշակը հղկելու և աշխարհայացքը ձևավորելու մասին է։ Դպրոցը համակարգ է, որքանո՞վ են ընտրված հեղինակները ծառայելու այդ համակարգի զարգացմանը։ Ինձ համար անհասկանալի է՝ դրանք ուսուցչի՞, թե՞ աշակերտի համար են։ Եթե ուսուցիչը պիտի կարդա ու այդտեղից ընտրի, այսօր ամեն ինչ շատ հասանելի է՝ գրական կայքեր, ամսագրեր, համացանց, գրախանութներ․․․ առանց դրա էլ կարող է աշակերտներին ուղղորդել դեպի իր ընտրած գրողը։ Եթե երեխաների համար է, գրողների այդ հսկայական բազմությունից ո՞նց են գլուխ հանելու»:
Մեր զրուցակցին նաև հետաքրքրում է մի հարց, թե ի՞նչ սկզբունքով են կազմվել հայ ժամանակակից գրականության քրեստոմատիաները: Սուսաննա Հարությունյանը նկատում է, որ ժամանակակից ասելով ոմանք պատկերացնում են այն գրողներին, որոնք այս պահին ապրում և շնչում են իրենց կողքին: «Գիտական դասակարգման մեջ ժամանակակից ասվածը 20-50 տարվա ընդգրկում ունի։ Եթե անգամ վերցնենք մեր գրական ընթացքը քսան տարվա կտրվածքով, ընտրությունը պետք է որ ավելի խիստ լիներ։ Հեչ պարտադիր չէ այսօրվա չձևավորված ճաշակով երեխայի առաջ դնել դեռևս չձևավորված գրողի, թեկուզ և տաղանդավոր, գործերը։ Այդ մենք, որ արդեն ունենք որոշակի ճաշակ և արժեհամակարգ, կարող ենք դատել՝ դա մեզ պե՞տք է, թե՞ ոչ, երեխան չի կարող։ Նա ընդօրինակելու է այնտեղից ամեն ինչ՝ լեզուն, մատուցումը և այլն, ինչպես սերիալների դեպքում է»,- ասում է Սուսաննա Հարությունյանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն ի հայտ է դարձնում նաև մեկ այլ խնդիր. «Այսօր գրականության մեջ կա մի կեղծ բաժանում՝ երիտասարդ և ծեր, կին և տղամարդ գրողներ․․․ դրանք կեղծ բաներ են․ տաղանդը կամ կա, կամ չկա։ Գրական դաշտը դպրոց կամ մանկապարտեզ չէ, որ գրողներին ըստ տարիքի դասարան-դասարան անենք կամ խմբերի բաժանենք։ Այսօր Վահագն Գրիգորյանն իր 82 տարեկանում ավելի տաղանդավոր է գրում, քան մեզանից ցանկացածը։ Ի դեպ, նա ընդգրկված չէ այդ գրքերում, թեև փայլուն պատմվածքներ ունի, Վահագն Մուղնեցյանի անունն էլ չտեսա․․․ Այսպես կարելի է շատ անուններ հիշել, որոնց գործերից ցանկացած ընթերցող կարող է շատ բան սովորել։ Դրա համար պետք է հստակ սկզբունք ունենալ՝ քանի տարվա կտրվածքով ես կատարում ընտրությունդ, ողջ գրական դաշտի՞ց ես ընտրում, թե՞ միայն այն գրողներից, որոնց հետ տվյալ հրատարակչությունը աշխատում է, կամ որոնք ավելի մոտ են կազմողների ճաշակին և այլն»,-նշել է Հարությունյանը:
Aravot.am-ի հարցին՝ իր խմբագրությամբ գործող ժամանակակից գրականության «Կայարան» հանդեսում տպագրվող ստեղծագործությունների հեղինակների անուններ ենք հանդիպում քրեստոմատիաներում և այս դեպքում խմբագի՞րն է սխալվել նրանց տպագրելու հարցում, Սուսաննա Հարությունյանը պատասխանեց:
«Իհարկե ոչ։ Բացի մի երկու հեղինակից, որոնք ինձ բացարձակ անծանոթ էին, բոլորի գործերին էլ ծանոթ եմ, չեմ թաքցնում՝ հեղինակներ կան, որոնց գործերը «Կայարանում» որոշակի վերապահումով եմ դրել՝ քաջալերելու համար։ Հանդեսը (թեև էլի ընտրում ես, բայց դա ընտրանի չէ, ընթացիկ գրականություն է), գրական ընթացքը մատուցելու, գրականության զարգացումը ապահովելու, ուղեկցելու և նաև գրող ձևավորելու համար է, հանդեսի առջև բոլորովին այլ խնդիրներ են դրվում։ Այն թեմաները, սյուժեն, լեզուն կամ ոճը, որոնք հարմար են հանդեսին, դպրոցի համար կարող են անպիտան լինել։ Եվ դա չի խոսում գրողի լավ կամ վատ լինելու մասին։ Քրեստոմատիան, դասագիրքը կազմվում են ընտրանու սկզբունքով, այն ամսագիր չէ, որ ում գործը քիչ թե շատ տանելի լինի՝ դնես, քաջալերես։ Տվյալ դեպքում դու այն առաջարկում ես որպես ուսումնական նյութ, և այն պետք է համապատասխանի բազմաթիվ պայմանների․ այսինքն՝ հնարավորինս դասականությանը մոտ, ժամանակի քննությունը բռնած գործեր լինեն։ Թե չէ՝ այսօր ամեն գրող էլ իր գրասեղանի հետևում դասական է, ինչի մասին է խոսքը․․․»,-ասաց Սուսաննա Հարությունյանը՝ ավելացնելով, որ չի կարծում, թե որևէ առաջարկի կարիք կա, գործն արդեն արված է և մնում է հաջողություն մաղթել:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Էս ցուցակում վաստակ ունեցող ու արժանավոր գրողների կողքին կան ճոռոմախոս տգետներ, բառի ժանգլյորներ, բառեր լցոնողներ, մշուշոտ տեքստեր երկնողներ, բանաստեղծությունն ու երկար լեզուն շփոթող այլևայլներ, ու սրանցո՞վ պիտի երեխան ծանոթանա ժամանակակից գրականությանը… կամ ինչու են քրեստոմատիա կազմողները իրենց ընդգրկել ցանկում, ինքներդ ձեզ քշել եք Պառնաս ու խիստ ուսանելի հռչակե՞լ, էդպես լինո՞ւմ է, մի բառ կա՝ բարոյականություն, հաճախ կրկնած կլինեք, մտածեք դրա մասին… կամ ինչու եք ուզում խցկվել ժողովրդի հիշողության մեջ, արժանացե՞լ եք դրան, վստա՞հ եք… իսկ պետությունը էսքան բութ ու կույր.. ոնց եք թույլ տվել, ով է թույլ տվել, ինչ սկզբունքով, ինչ խղճով.. էս քրեստոմատիաները ծաղր են գրականության հանդեպ ու հանցանք նոր սերնդի հանդեպ..