«Եթե Սյունիքի մարզպետն է մասնակցում ճանապարհի կառուցմանը, ապա այդ ճանապարհն անվտանգ ու անփորձանք կլինի»,-ասում է «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանը, նկատելով, թե ինչպես Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վերցրեց բահն ու միացավ Կապան-Ճակատեն շրջանցիկ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ճանապարհաշինարարներին։ Մարզպետը դիտարկում էր աշխատանքները, բայց տեսնելով ճանշին աշխատակիցների ոգեւորությունը՝ ինքն էլ փորձեց։
Հիշեցնենք, 2021թ․ նոյեմբերի 14-ին ադրբեջանցիները հենակետ տեղադրեցին Կապան-Ծավ ճանապարհի Ճակատենի հատվածում, ինչի արդյունքում տուժեց վեց՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ եւ Ներքին Հանդ գյուղական բնակավայր։ Ժամանակավորապես գործարկվեց Կապան-Ճակատեն-Գեղանուշ շրջանցիկ ճանապարհը, ինչպես նաեւ մեկնարկեց Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի կառուցումը։ Շինարարական աշխատանքները իրականացնում է «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերությունն է, տեխնիկական հսկողությունը իրականացնում է «Հալդի Քոնսալթ» ՍՊ ընկերությունը։ Ճանապարհի կառուցման համար նախատեսված է մոտ 1,5 միլիարդ դրամ։
Կարդացեք նաև
Հուլիսի 25-ից սկսված ասֆալտապատման աշխատանքները, թե երբ վերջնականապես կավարտվեն՝ Կապանի ճանշին ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանը չի նշում։ Դա կախված է եղանակներից։ «Կարծում եմ՝ բնությունը մեր կողմից կլինի, անձրեւներ չեն լինի ու աշխատանքները չեն հետաձգվի։ Աստված առաջ»,-ասում է Կարապետյանը։
Սյունիքի մարզպետը իր անվերապահ աջակցությունն է հայտնում ճանապարհաշինարարներին․ խնդիր առաջանալու դեպքում պատրաստ է արագ արձագանքել, որպեսզի տեմպը չկոտրվի։
Ասֆալտպատման թեժ պահին՝ երթեւեկող ավտոմեքենաներից մեկի վարորդը չնկատելով, որ ասֆալտը նոր են փռել, մխրճվեց ասֆալտի մեջ։ Ճանապարհաշինարարները ստիպված էին ճանապարհի այդ մասը նորից հարթել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ