Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվար՝ կարմիր ծաղիկների մեջ թաղված, ծերացող գյուղը․ ջահելներն ամուսնանալուն պես՝ հեռանում են (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 25,2022 21:20

Ամասիայի տարածաշրջանի Ալվար գյուղը, որն ամռանը դրախտավայր է հիշեցնում․ դաշտերը լցվում են ալ կարմիր ծաղիկներով, իսկ ձմռանը՝ հաստ, անանցանելի ձնածածկույթով, դարձել է մեր երկրի ծերացող տեղանքներից մեկը։

Գյուղի ամենատարեց բնակիչը՝ 70-ամյա Պողոս Պոդոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ դժվար է գյուղում ապրելը, շատերը հեռանում են Մոսկվա, Տյումեն, Խաբարովսկ։

Գյուղը վերաբնակեցվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Սաթխա, ինչպես նաև Ախալքալաքի Փոքր Սամսար գյուղերի բնակիչներով։

«Մնացել է մի 10 տնտեսություն, էլի»,-ասաց Պողոս Պոդոսյանը։

Եթե ճանապարհները վերանորոգվեն, դա օգուտ կտա՞, որ գյուղը չդատարկվի, այս դիտարկման ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասում է․ «Ճիշտ ասեցիք՝ եթե․․․ Թոռ ունենք դուրսը, որ գյուղ չի գալիս, առաջ քաղաքի ժողովուրդը դեպի գյուղ կվազեր, հիմա ամառային արձակուրդների ժամանակ գերադասում են երեխաներին տանել մի լավ տեղ ճամբար, ոչ թե գյուղ․ ճամփեն եկաք, տեսաք, ինչ վիճակում է»։

Նրա միակ որդին ևս Ռուսաստանի Դաշնություն է մեկնում՝ արտագնա աշխատանքի։

«Գյուղի ջահելները՝ էրեխա-էրեխա, թողեցին ու գնացին, տեղահանվեցին, գնացին, գյուղում ապրել չեն կարող, առավոտյան ժամը 5-ից մինչև 22․00 ոտքի վրա էին։ Մարդ կա, իրեն Ռուսաստանում ավելի ձեռնտու է ապրել, քան էստեղ։ Ջահելները գյուղական աշխատանքը չեն սիրում, շատ ծանր է, երբեմն ասում են՝ ավելի լավ է գնամ Ռուսաստան բետոն խառնեմ, քան թրիք թափեմ, էդ հոտը քաշեմ, չեն ուզում։ Առաջ ընտանիքը թողնում էին գյուղում, իրենք գնում էին խոպան, իսկ հիմա էդպես չէ․ տուն-տեղ թողնում, ընտանիքով հեռանում են»։

Գյուղի գլխավոր խնդիրներից է ոռոգման ջուր չունենալը, թեև այստեղ զբաղվում են նաև անասնապահությամբ։

Պողոս Պոդոսյանը նշեց, որ գյուղի տների մեծ մասը սաթխացիներն են կառուցել երկրաշարժից հետո ու վերաբնակվել այստեղ։

Նա նաև մտահոգված ասաց, որ գյուղի դպրոցում աշակերտների թիվը պակասել է, դպրոցը գոյություն ունի՝ ի շնորհիվ տնօրեն Ռուբիկ Համբարյանի։

Գյուղի դպրոցի տնօրեն Ռուբիկ Համբարյանն էլ մեզ հետ զրույցում ևս իր մտահոգությունը հայտնեց, որ 33 տարիների ընթացքում գյուղը համարյա կիսվել է։

«Կիսվել է այն իմաստով, որ բնակչության մի մասը տեղափոխվել է Գյումրի, իսկ մեծ մասը՝ Ռուսաստանի Դաշնություն։Դե ամուսնացել են, դուրս են եկել, չնայած գյուղում դեռ չամուսնացածներ էլ ունենք, հատկապես տղաներ»,-ասաց դպրոցի տնօրենը։

Վերջինս ասաց, որ նախկինում դպրոցն աշխատում էր երկու հերթով՝ առավելագույնը 68 աշակերտ ունեին, հիմա ընդամենը 7 աշակերտ է մնացել։

Այն ժամանակ, երբ դպրոցը բուժկետում էր գործում, հարմարություններ չկային, ստիպված երկու հերթով էին աշխատում, իսկ հիմա, երբ հովանավորներ են գտել, կարգին պայմաններ ստեղծել, աշակերտներ չկան։

«Էնպես չէ, որ երիտասարդությունը բոլորը գնում են, բայց եթե համեմատում ենք անցած տարիների հետ, թվաքանակը գնալով՝ նվազել է, եթե նախկինում 33 տուն էր, երեկ եմ հաշվել, հիմա հիմնական բնակվողները 14 ընտանիք են դարձել։ Իհարկե, գյուղի բնակչության թվաքանակի վրա ազդեց այն հանգամանքը, որ եկածների 70 տոկոսի տարիքը բարձր ՝ 1957-1965 թվականների ծնվածներ են, նրանք են մնացել։ Սերունդը ամուսնացավ, հեռացավ, մյուսները սոցիալական պայմաններից ելնելով՝ հեռացել են, գյուղի բնակչությունը շատ պակասել է, ինչպես Հայաստանի ողջ բնակավայրերում։ Ծերացող բնակավայր է»,-ասաց դպրոցի տնօրենը։

Գյուղի վերջին հարսանիքը եղել է անցած տարի հունիսի 10-ին՝ գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկն էր ամուսնացել Պողոս Պոդոսյանի թոռնուհու հետ։ Նորաստեղծ ընտանիքը իր ապագան բարեբախտաբար տեսնում է Ալվարում․ գյուղը սիրում են, անասնագոմ են շինել, տեխնիկա գնել, տուն-տեղ հիմնել։

Դպրոցի տնօրենը նաև հիշում է, որ տարիներ առաջ բքի ու անանցանելի ճանապարհների պատճառով հղի կանանց ձիու սահնակով էին հիվանդանոց հասցնում։ Միակ մխիթարանք այն է, որ վերջին 15 տարիներին ճանապարհները նորմալ մաքրում են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031