«Ես, որպես մարզպետ, առաջին անգամ է որ ներկայացնում եմ որեւէ հիմնարկի նորանշանակ տնօրենին։ Ուրախ եմ ՝ ներկայացնելու Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ասատուր Ասատրյանին»,-Կապանի բժշկական կենտրոնում ներկայացնելով տնօրենի նոր պաշտոնակատարին՝ նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Aravot.am-ը գրել էր, որ աշխատանքից ազատվելու է Կապանի ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանը, իսկ նրա փոխարեն պաշտոնակատար է նշանակվելու կենտրոնի վնասվածքաբանության ծառայության պետ Ասատուր Ասատրյանը։
Շնորհավորելով նորանշանակ պաշտոնակատարին՝ Ռոբերտ Ղուկասյանը հաջողություն մաղթեց նրան նոր աշխատանքում՝ շեշտելով, որ Կապանի բժշկական կենտրոնը մարզի առողջապահական համակարգում ամենախոշոր ու կարեւոր հանգույցն է։
Կարդացեք նաև
Մարզպետի խոսքով՝ մասնագիտական որակներից բացի, աշխատանքը գնահատելիս, իր համար՝ որպես մարզպետ, ամենակարեւորը մարդու ազնվությունն է։ «Վստահ եմ, որ անձնակազմը կօգնի, որ կարողանաք հնարավորինս արագ բժշկական կենտրոնը կառավարել ինչպես մի մեծ ընտանիք ու այն հասցնել նոր մակարդակի»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը՝ հավաստիացնելով, որ ինքն ու մարզպետարանը ամեն ինչով կաջակցեն տնօրենի պաշտոնակատարին։ Ասատուր Ասատրյանը իր հերթին հավաստիացրեց, որ միասնական աշխատանքով պիտի ամեն ինչ անեն, որպեսզի «ժողովրդի համար լավ լինի»։
«Մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի հաջողի մեր նոր գլխավոր բժշկի աշխատանքային գործունեությունը։ Շնորհավորում ենք, ցանկանում ենք բեղուն աշխատանք»,-նշեց բժշկուհի-գինեկոլոգ Անուշ Բալասանյանը։
Ասատուր Ասատրյանի նշանակումը Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցները ընդունեցին ծափահարություններով։ Տնօրենի պաշտոնակատարը Aravot․am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած կենտրոնի բարեփոխման ու զարգացման ծրագիրն արդեն իր մտքում ունի, բայց կձեւակերպի ու կներկայացնի ապագայում։
Նկատենք, որ մեկ փոփոխություն արդեն նկատելի էր։ Բժշկական կենտրոնի մոտքը փակել էին ու արգելում էին այլ մեքենաների մուտքը՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցի ներսում կողմնակի ավտոմեքենաների կայանելը խանգարում է շտապ օգնության մեքենաների աշխատանքին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ