Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությամբ այսօր «Այբ» դպրոցում կազմակերպվել էր «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությունը:
Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Երիտասարդական խորհրդակցության նպատակն էր բացահայտել Հայաստանում կրթության և դրա կազմակերպման միջավայրի հետ կապված արդի խնդիրները և մշակել ընդհանուր տեսլականը, ինչպես նաև գործողությունների պլանը՝ արագացնելու կրթության առաջընթացը 2030 թվականի օրակարգի շրջանակում: Այն կազմակերպվել է նաև՝ ի նպաստ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում կայանալիք «Վերափոխելով կրթությունը» գագաթնաժողովին ՀՀ կրթական առաջնահերթությունները սահմանելու և ներկայացնելու գործընթացի:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով հանդիպման ձևաչափը. «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս հանդիպման կազմակերպմամբ կրթության վերափոխման գործընթացում կարևորում ենք երիտասարդության դերը, քանզի կրթության զարգացումը առաջին հերթին իրականացվում է հենց իրենց՝ երիտասարդների համար։ Եվ այստեղ շատ կարևոր է պահել և զարգացնել հետադարձ կապը նրանց հետ, որպեսզի կրթության վերափոխման ողջ գործընթացի ժամանակ հնարավոր լինի օբյեկտիվորեն գնահատել այս կամ այն քայլի, մեթոդի և գործիքակազմի ազդեցությունը լսարանի վրա»,- ասել է փոխնախարարը և կոչ արել ակտիվ մասնակցել քննարկումներին, անկաշկանդ արտահայտել տեսակետները: Նա կարևորել է երիտասարդների ներգործուն մասնակցությունը նաև մինչև 2030 թ. ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի մշակման գործընթացում, ինչը կօգնի կրթության վերափոխումն առավել սահուն և անցնցում կազմակերպելուն։
Ըստ փոխնախարարի՝ ներկայիս գլոբալ մարտահրավերներով պայմանավորված՝ այսօր ողջ աշխարհում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, և այդ ամենն իր անկասելի անդրադարձն է ունենում նաև կրթական համակարգի փոխակերպման և վերաձևման վրա։ Որպես օրինակ՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կրթական համակարգին առաջադրվող մարտահրավերները, որոնց արդյունքում հեռավար կրթության լայն կիրառումը նորովի առաջ է քաշել կրթության վերափոխման արդիականացման անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով հազարավոր հայ երեխաների կրթության իրավունքի իրացման դաշտում առաջացած խնդիրները:
Խորհրդակցության մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:
«Բոլորս գիտենք՝ որոնք են կրթական ոլորտի խնդիրները, և ձեր այսօրվա հանձնառությունն է գտնել դրանց լուծումները՝ նպաստելով ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի կրթական համակարգի բարեփոխումների գործընթացին»,- ասել է Լիլա Փիթրս Յահիան:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս կարևորել է երիտասարդների հետ քննարկումները՝ ընդգծելով, որ կրթության վերափոխումը սկսվում է երիտասարդներից՝ որպես փոփոխության առաջամարտիկներ: Ըստ նրա՝ խորհրդակցության հիմնական գաղափարն է՝ «ոչ մի գործողություն մեր մասին՝ առանց մեր մասնակցության»:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ համաճարակի ազդեցությունը կրթության կազմակերպման վրա, կրթական մեթոդները և կրթության պատասխանատուների դերի վերաիմաստավորումը, թվային գործիքների կիրառումը և դպրոցների՝ որպես առողջ և ներառական միջավայրի բարելավումը։
Խորհրդակցության արդյունքներն օգտագործվելու են ՀՀ կրթության բարեփոխման ոլորտում Կառավարության հանձնառությունների շրջանակը հստակեցնելու և սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովում այն ներկայացնելու համար։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ