Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդ «ոռնացող գայլը» Ծիծեռնակաբերդ էր հասել իշխանության թողտվությամբ եւ թույլտվությամբ»․ Լարիսա Ալավերդյան

Հուլիս 25,2022 18:02

«Որտե՞ղ է ԱԱԾ-ն։ Հետապնդում է Ավետիք Չալաբյանին։ Շատ զբաղված են։ Ուստի պետք չէ իրենց հարցնել։ Ե՞րբ է ոռնում գայլը։ Երբ չի ստանում հակադրող քայլ, երբ իրեն թույլ են տալիս հասնել իր ուզած վայրին։ Գիտե՞ք ինչու են իրենց «գորշ գայլ» կոչել, որովհետեւ քրիստոնյաների սիմվոլներից մեկը գառն է։ Մի՞թե շատերը չեն հասկանում, որ սրա մասին է խոսքը։ Հիմա գորշ գայլերից մեկը համարում է, որ ինքը հասել է գառանը, ու սկսել է ուրախությամբ ոռնալ։ Ոչ մի անգամ իսկական գորշ գայլեր չեն հասել իրենց նպատակին ամբողջությամբ։ Կարողացել են մեկ երկու թույլ գառնուկների խեղդել, բայց վրա է հասել իսկական պահապան շունը, խեղդել ու քշել»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով դեպքին, երբ թուրք երիտասարդն օրերս Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղրել էր հայերին ու ցույց տվել թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը՝ ասաց ՀՀ առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյան

Նա հարցադրում արեց՝ ո՞ւմ էր եկել պատիվ տալու այդ երիտասարդն իր «ոռնոցով»՝ մեր այսօրվա իշխանությանը․ «Սա է կարեւոր եզրակացությունը։ Հասկանանք, որ առանց թույլտվության եւ թողտվության՝ այդ «գորշ գայլը» չէր հասնի Ծիծեռնակաբերդ։ Երկրորդ, միշտ էլ «գորշ գայլերը» վախվորած են գալիս իրենց այդ նպատակներին։ Եվ ճիշտ են անում, որ վախենում են, որովհետեւ նպատակին չեն հասնելու՝ ի հեճուկս իրենց հրավիրած կամ թողտվությամբ բերած իշխանության»։

Հարցին՝ «կարող է հնչել հակադարձում, որ դա մեկ դեպք է միայն, ուստի պետք չէ ծայրահեղացնել ու պնդել, թե թուրքերը եկան Հայաստան, որ հայերն էլ են ըստ առիթի պղծում թուրքական խորհրդանիշներ», Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ «Նրանք այդ առումով ավելի կազմակերպված ազգ են, քան մենք։ Թուրք նախարարը մեքենայից այլ մայրցամաքում ցույց էր տալիս «գորշ գայլերի» նշանը։ Հետեւաբար, դա քաղաքականություն է, որի իրականացումը տեղի է ունենում այսպիսի դրվագներով։ Մեզ վարժեցնում են դրան, որ դա էլ կարող է լինել, որ նման մեկը եկել ու խոսում է նման բաներ։ Չպետք է դա թույլ տալ։ Վախի կոչ չեմ անում, հակառակը, մենք իրենց պետք է վախեցնենք։ Մեկի ոռնոցից, որը քաղաքականության արտահայտություն է, վախենալ պետք չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031