Ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականները նախապատրաստվում են սեպտեմբերի 10-ից 18-ը Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նրանք ուսումնամարզական հավաքները զուգորդում են միջազգային մրցաշարերի մասնակցելով: Դրանցից էր Վարշավայում անցկացված միջազգային մրցաշարը, որտեղ մեր երկու ոճերի ներկայացուցիչները նվաճեցին չորսական մեդալ:
Ազատ ոճում հաղթող ճանաչվել է 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, 7 կգ քաշային Արման Ավագյանը դարձել է երկրորդ մրցանակակիր, իսկ Մանվել Պնձրցյանը՝ 57 կգ եւ Հրայր Ալիխանյանը՝ 74 կգ բավարարվել են բրոնզե պարգեւով::
Հունահռոմեական ոճում հավասարը չի ունեցել 67կգ քաշային Սլավիկ Գալստյանը (լուսանկարում): Նրա թիմակիցներ Շանթ Խաչատրյանը՝ 72 կգ եւ Կարապետ Չալյանը՝ 82 կգ կանգնել են պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին, իսկ Ռուդիկ Մկրտչյանը 55 կգ քաշային կարգում ճանաչվել է երրորդ մրցանակակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ