Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արմեն Գրիգորյանի մահը քաղաքական ռասիզմի հետեւանք է»․ Լարիսա Ալավերդյան

Հուլիս 25,2022 17:28

«Իրավական ցինիզմը ծնում է մերժողականություն։ Ժողովուրդը չպետք է ենթարկվի այդ ցինիզմին եւ վարակվի դրանով։ Արմեն Գրիգորյանի մահը «ղողանջ» է, որն ամեն օր արթնանալուց պետք է լսենք ու մեր քայլերն անելուց հիշենք, որ այդ մահը հանուն ՀՀ անկախության էր»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով դատարանում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին՝ ասաց ՀՀ առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց․ «Սա քաղաքական հետապնդումների ձեւ է։ Մահապատժի չեն դատապարտում, բայց մարդուն բերում հասցնում են մահվան, առողջության ծանր վնասի։ Այս իշխանությունն իրեն նման գործելաոճ է ցույց է տալիս, որովհետեւ ՀՀ-ում ինկվիզիցիա չի եղել, բայց ինքը ցույց է տալիս, թե դա ինչպես պետք է լինի։ Խոսքը նրա մասին չէ, որ նախկինում պատվերով դատավճիռներ չեն եղել, ոչ։ Խոսքը հիմքերի մասին է։ Ովքեր ժամանակին պայքարել են Արցախի անկախության համար կամ այսօր են պայքարում նաեւ ՀՀ-ի անկախության շարունակականության համար, այդ նրանք են ենթարկվում նման գործողությունների։ Երբեք սա այս աստիճանի քաղաքականացված չի եղել։ Սա քաղաքական ռասիզմի հավասար բան է, երբ մարդիկ քաղաքական հայացքների համար խտրականության են ենթարկվում»։

Հարցին՝ որտեղի՞ց սկսել խնդրի լուծումը, որպեսզի կալանքը չկիրառվի քաղաքական նպատակների ու մարդուն պատժելու համար, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ «Առաջնահերթ պետք է սթափվեն բոլորը՝ լրագրողները, ընդդիմադիրները, բոլորը, եւ չխոսեն այն լեզվով, որը պարտադրում է իշխանությունը։ Վերջինս եկել է երկու նպատակով՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին եւ ՀՀ-ն դարձնելու Թուրքիայի կցորդ։ Թուրքիան ուժեղացնելու են՝ տարածաշրջանում հակադրելով ՌԴ-ին։ Մարդու իրավունքների հարցն այստեղ առանձին չէ։ Թույլ չտանք մեզ խոսել այնպես, կարծես թե չենք հասկանում, թե ինչի համար են եկել այս իշխանությունները։ Ձեր ասածը հարցերի շարքից է միայն։ Իշխանությունը ոչ միայն օրենքներն է ոտնահարում, սահմանադրությունը, այլ հակադրվում է մարդու իրավունքների միջազգային նորմերին»։

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի գնահատականին, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, Լարիսա Ալավերդյանը շեշտեց․ «Տիկին դեսպանն այդպես չի փրկում Եվրոպայի երկերեսանի քաղաքականությունը։ Չմտածեք, թե ինքը չգիտի, թե ինչ է քաղբանտարկյալը կամ մարդու մահը դատարանում։ Իշխանության համար նրանք ոչ թե այլախոհներ եւ կամ ընդդիմադիրներ են, այլ թշնամիներ։ Այնպես, ինչպես ԱԱԾ-ն ձերբակալեց Արմեն Գրիգորյանին, այդպես Ադրբեջանում ձերբակալեցին Կարեն Պետրոսյանին։ Եվրոպական որեւէ երկրում անթույլատրելի կլիներ կարծիք արտահայտելու համար կալանք ընտրել կամ ձերբակալման նման ձեւ կիրառել ու ցուցադրել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031