Լրահոս
Օրվա լրահոսը

3 ամիս է՝ չեն կարողանում պարզել՝ ով էր քննչական կոմիտեի նախագահին անանուն նամակ ուղարկողը

Հուլիս 25,2022 16:40

«Եթե մեղադրանքը, որպես այդպիսին, հիմնավոր լիներ, քննչական մարմինը վաղուց այդ գործը դատարան ուղարկած կլիներ, այլ ոչ թե պարբերաբար տարբեր ճնշող մեթոդներով կփորձեին ճնշումներ գործադրել այս մարդկանց վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանի պաշտպան Արկադյա Գեւորգյանը (լուսանկարում):

Հիշեցնենք, որ Ալեքսան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 189֊-րդ հոդվածի 3֊րդ մասով, այն է՝ կեղծ ձեռնարկատիրությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։

«Մարդուն տանում, կալանավորում են ու կալանքի հիմք՝ որպես այդպիսին, դնում են անանուն նամակը, նման բան կարող էր լինել միայն 1937 թվին: Անհայտ անձը անանուն նամակ է գրել քննչական կոմիտեի նախագահին, թե ինքը մեզ ճնշում է ու մի վկա, որ երկու տարի առաջ ցուցմունք էր տվել, թե իբրեւ իր վրա էլ է Ալեքսան Զաքարյանը ճնշում գործադրում: Երկու տարի առաջ, երբ պաշտպանյալիս կալանավորեցին մեկ ամսով, բողոքարկեցինք, պարզվեց, որ այդպիսի բան չկա, ազատ արձակեցին, հիմա այդ նույն մարդու ցուցմունքով կրկին կալանավորել են: Բայց նախ այդ մարդուն մոռացել էր, որ մի հատ էլ նրա վրա ճնշում գործադրեր: Բացի այդ՝ այդ քրեական գործով այդ մարդն ինչ գիտեր, արդեն ասել է, էլ ինչ պետք է ասեր, որ իր վրա Ալեքսան Զաքարյանը ճնշում գործադրեր, որ ցուցմունք չտա: Միջնորդել ենք քննչականին, ասել ենք՝ հայտնաբերեք՝ ովքեր են այդ անանուն մարդիկ, որ նման անանուն բաներ են գրում, արդեն երեք ամիս է՝ ոչ մի տեղեկություն չկա: Իրենք էլ չգիտեն՝ ովքեր են»,- շարունակեց փաստաբանը:

Նա նկատեց, որ իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդությունից հետո, որը ներկայացվել է մարտին, դրանից հետո ոչ մի քննչական գործողություն չի արվել. «Իսկ կալանավորելու նպատակը ընդամենը մեկն է, որ 2018-ին հարուցված քրեական գործով չկարողացան հիմնավորել, որ այդ մարդիկ նույնիսկ մեկ դրամի խախտում են արել կամ պետությանը վնաս են հասցրել… անցած տարի հարկայինը հերթական համալիր ստուգումների էր եկել, հարկային քննչական մարմինը ստիպեց, որ ակտ գրեն «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նկատմամբ՝ իբրեւ անապրանք գործարք են իրականացրել: Այդ վարչական ակտի տակ դրված է քննչական մարմնի ուղարկված գրությունը: Հարկային մարմինը գրություն է ուղարկում քննչականին՝ արդյոք առկա՞ է անապրանք գործարք, խնդրում եմ ասեք, քննչական մարմինն ասում է՝ ինչ ձեզ տվել ենք, հիմք ընդունեք: Հարկային մարմինը ակտ է գրում, մենք բողոքարկել ենք այդ ակտը, որը անհիմն էր, բայց մինչեւ մենք կբողոքարկեինք, քննչական մարմինը նոր գործ է հարուցում, որով այս պահին Ալեքսան Զաքարյանը կալանավորված է: Այսինքն՝ նույն անձը, նույն գործողության վերաբերյալ, նույն վկաների ասածի վերաբերյալ 4 տարի չկարողացան մի բան գտնել, այն ժամանակ խարդախության հոդված էին դրել, հիմա պետությանը վնաս պատճառելու մասով է՝ անապրանք գործարք են իրականացրել: Հիմա էլ ասում են՝ բերեք փողը տվեք, կարճենք այս գործը: Ընդամենը գումար են ուզում»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, այդ գործառույթը դառնում է լիարժեք պետական, փաստաբանն ասաց, որ այդ հայտարարության հետեւությունները թողնում է հանրությանը. «Հետեւությունները թողնում եմ ձեզ. արդյոք այդ հայտարարությունը կապ ուներ, թե կապ չուներ: Երբ հայտարարում են, թե «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանն ավարտվեց, զարմանալի էր, թե ինչ դարաշրջանի մասին է խոսքը, երբ որ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ստեղծման օրից մինչեւ հիմա մոտ 525 աշխատատեղ է մշտապես բացվել ու եկամուտով ապահովել: Բացի այդ՝ պետությունից ստացվող ծախսերը կրճատել է, պետություն մուտք եղած գումարները ավելացել. 2021 թվականի համեմատ 3,5 միլիարդ դրամով ավելի»:

Ըստ փաստաբանի՝ փորձաքննության եզրակացության արդյունքով հաստատվել է, որ իր պաշտպանյալը պետությանը 0 դրամի վնաս չի պատճառել: Վարույթ իրականացնող մարմինը փորձաքննության եզրակացությունը կցել է գործին միայն Ալեքսան Զաքարյանի պաշտպանական կողմի՝ դատախազին ուղղված բողոքից հետո, ավելի ուշ վարույթ իրականացնող մարմինը նույն փորձաքննությունից կրկնակի է նշանակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031