Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն խաղից դուրս է գտնվում այն դեպքում, երբ ՀՀ ազգային և պետական շահերի պաշտպանության խնդիրն է․ մեր փոխարեն Իրանն է պաշտպանում»․Գագիկ Մինասյան

Հուլիս 25,2022 16:31

«Կարևորն այստեղ այն է, որ այդ հայտարարությունը, թե մենք դեմ կլինենք, որ հազարամյակների տևողության սահմանը խաթարվի, նման որևէ հայտարարություն Հայաստանը չի անում, և արդեն մեր հարևանները, բարեկամները, որոնք ևս շահագրգռված են այդ սահմանի անխափան գործունեությամբ՝ իրենք են անում»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի՝ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների հետ Թեհրանում կայացած հանդիպումներում հնչեցրած հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վստահեցրել էր՝ Իրանը չի հանդուրժի Իրան-Հայաստան սահմանի փակումը, որ Իրան-Հայաստան սահմանը հազարամյա հաղորդակցության ճանապարհ է։

Գագիկ Մինասյանը ուշադրություն հրավիրեց, թե այս հայտարարությունից առաջ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել։ Նա անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Թբիլիսիում ու նշեց․ «Այստեղ խոսվել էր այն հայկական զորամիավորումների մասին, որոնք գտնվում են Արցախի հանրապետությունում և պետք է դուրս գան։ Ադրբեջանի հայտարարությունից ընդամենը շատ կարճ ժամանակ անց արձագանքեց ՀՀ ԱԽ քարտուղարը և հաստատեց, որ կան նման զորամիավորումներ, որոնք պետք է դուրս գան ԱՀ-ից շատ արագ ժամկետներում։ Այստեղ կարևորն, այն է նաև, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների առաջին հանդիպման ընթացքում որևէ խոսք չի ասվել այն մասին, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և դրանք գտնվում են ոչ օրինական կարգավիճակում։ Ադրբեջանական կողմն առաջ է մղում իր ազգային ու պետական շահերը՝ պահանջելով, որ ՀՀ զինված ուժերը հեռանան, դրան անմիջապես արձագանքում է ՀՀ ԱԽ քարտուղարը, միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը խոսք անգամ չի ասում ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի մասին»։

Այս համատեքստում մեկնաբանելով Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները՝ Գագիկ Մինասյանը նկատեց․ «ՀՀ-ն խաղից դուրս է գտնվում այն դեպքում, երբ ՀՀ ազգային և պետական շահերի պաշտպանության խնդիրն է։ Նույնիսկ, երբ ՀՀ պաշտոնատար անձինք ֆիզիկապես ներկա են, չեն պաշտպանում այդ շահերը, երբ ներկա չեն, մեր փոխարեն այդ շահը Իրանն է պաշտպանում»։

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին, թե Փաշինյանի գլխավորած Հայաստանի իշխանությունը խաղաղության համար դրական քայլեր պետք է անի, խոսքերը բավարար չեն, Գագիկ Մինասյանն ասաց․ «Ըստ էության նա ասում է, որ հայ-թուրքական բարեկամական հարաբերությունների հաստատման համար երկու խանգարող հանգամանք կա՝ ՀՀ ընդդիմությունը և սփյուռքը։ Իսկ երբ անդրադառնում ենք այն խնդրին, թե ինչ էր հայ-թուրքական բանակցությունների արդյունքի հետ կապված ասում Իրանը, տեսնում ենք, որ հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ ընդդիմությունն է և հայկական սփյուռքը՝ այսինքն՝ հայկական իշխանությունը դավաճանել է հայկական շահերը, ու միայն ընդդիմությունն ու սփյուռքն է պաշտպան մնացել։ Պատահական չէ, որ Չավուշօղլուն խոսում է, որ ՀՀ իշխանության կողմից խոսքով համաձայնություն կա, սակայն ուշանում է դրա գործնական իրականացումը ՀՀ կողմից։ Եթե հեռանանք գրական բառապաշարից և անդրադառնանք Գագիկ Ջհանգիրյանի տերմիններին, ապա ակնհայտ է, որ Չավուշօղլուն ուզում է ասել, որ մենք դրել ենք ՀՀ իշխանությունների վզին, և նա պարտավոր է այդ զիջումներին գնալ։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում գավառական ճարպկությունը, որը մեր դիվանագիտությունը փորձում է իրականացնել վերջին չորս տարիներին, բերելու է ֆիասկոյի։ Ցավոք, ոչ թե տուժողը ՀՀ իշխանությունն է լինելու, այլ հայկական պետականությունը»։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին Արցախ հրավիրելը՝ Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար, Գագիկ Մինասյանը պատասխանեց․ «Եթե նախնական քննարկումներ չլինեն և ընդհանուր եզրեր չձևավորվեն, դժվար է պատկերացնել, որ այդ հանդիպումը որևէ նշանակալի արդյունք կունենա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031