Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի արեւի տակ օրգանիզմը տաքացնելուց հետո նետվել Սեւանա լիճն ու միանգամից խորը հատվածում լողալ»․ Մհեր Թովմասյան

Հուլիս 25,2022 16:19

Սեւանա լճում այս տարի գրանցվել է ջրահեղձման 3 դեպք։ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց, որ ջրահեղձման դեպքերը գրանցվում են հիմնականում ձկնորսների հետ։

Արմեն Ճզմաչյան

Նրա տեղեկացմամբ՝ այս տարի գրանցված ջրահեղձման երկու դեպքը ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով է եղել․ «Ավտոմեքենան ընկել էր լճի ճահճացման հատվածն ու երկու երիտասարդ չեն կարողացել դուրս գալ մեքենայից»։

Մեկ այլ դեպք էլ գրանցվել է, երբ մի քանի քաղաքացի իրենց մոտորանավակով դուրս են եկել լիճ՝ զբոսնելու, հետո կանգ են առել, եւ ինչպես Ճզմաչյանն ասաց, նրանցից 2-ը ցատկել են լիճը՝ լողալու․ «Նրանցից մեկը սուզվել է եւ չի վերադարձել։ Զանգահարել են 911, սկզբում իրենց գտնվելու տեղը սխալ էին բացատրել։ 20-25 րոպե հետո ճշտել ենք վայրը, տեղ հասել ու հայտնաբերել ջրասուզված վիճակում»։

Նարեկ Բաբայան

Ասուլիսի մեկ այլ մասնակից` ջրասուզակ, փրկարար ծառայության ենթասպա Նարեկ Բաբայանն էլ վստահեցրեց՝ Սեւանա լճում կարգազանցության դեպքերը տարեցտարի նվազում են, իսկ կարգազանցները հիմնականում լինում են ալկոհոլի ազդեցության տակ․ «Շատ են լինում դեպքեր, երբ ստիպված ենք լինում միջամտել, հիմնականում ջրային մոտորանավակով, հեծանիվ նավակներով մարդիկ քամոտ եղանակին դուրս են գալիս լիճ, լողորդները լողանշաններն են անցնում, մեզ չեն լսում, հեռու են գնում, հոգնում եւ չեն կարողանում լողալով վերադառնալ»։

Մհեր Թովմասյան

Սեւանում գործող «Երեւանի առագաստային ակումբ»-ի տնօրեն Մհեր Թովմասյանն էլ ասուլիսի ժամանակ պատմեց, թե որն է լինում հիմնական պատճառը ջրահեղձման․ «Սեւանա լճի ջուրը սառն է, մարդիկ արեւի տակ տաքանում են ու մտնում ջուրը։ Առաջին հերթին օրգանիզմը պետք է ադապտացվի օդի ջերմաստիճանին, որոշ ժամանակ մնան ջրի հետ փոքր կետում, հետո նոր լողան։ Ջրախեղդման դեպքերն այդ պատճառով են՝ արեւի տակ տաքանում են, միանգամից թռնում սառը ջրի մեջ, առաջանում է անոթների սպազմ, մարդու ուշքը գնում է։ Որքան էլ լավ լողորդ լինի` խեղդվում է։ Խեղդվողների մեծ մասը լավ լողալ իմացողներն են, որոնք իրենց վրա վստահ են, կանոններին չեն ենթարկվում, գնում են գնդակի հետեւից, որը քամին քշել է, լողում են, բայց չեն հասնի գնդակին, հոգնում են ու չեն կարողանում վերադառնալ»։

Թովմասյանն ասաց, որ խնդիր է նաեւ հիդրոցիկլերի վարումը, որոնք վարում են կանոններին չենթարկվելով․ «Վարում են լողափնյա մասում, մեծ արագությամբ։ Պետք է այս հարցը կարգավորվի, արգելվի, որ մոտենալ լողափնյա մասերին, չմոտենան առագաստանավային սպորտով զբաղվող երեխաներին, քանի որ շատ վտանգավոր իրավիճակ են ստեղծում երեխաների համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031