Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում էր քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի եւ մյուսների գործով դատական նիստը (դատավոր Մնացական Մարտիրոսյան) : Նիստի ժամանակ Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ, եւ դատական նիստն ընդմիջվեց, իսկ Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանեց, որ խնդիրը կապված է գլխուղեղի արյան շրջանառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ:
Քանի որ նույն դահլիճում, նույն դատավորի ներկայությամբ հենց դատական նիստի ժամանակ օրեր առաջ մահացել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը: Դատարանը այդ կոչը համարեց անհարգալից վերաբերմունք դատավորի նկատմամբ եւ որոշեց 10 ժամով Վերմիշյանին հեռացնել դատարանի դահլիճից:
«Քեզ պետք է հեռացնել, այ Մացո»,-բորբոքվեց Վերմիշյանը եւ ասաց, որ պետք է դատել ոչ միայն նրան, այլեւ քննիչին ու գլխավոր դատախազին: «Պետք է բոլորիդ ձեռքերը ոլորել ու մտցնել Խոր Վիրապի խուցը»,-բորբոքվեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ