Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որդուն սպանելու մեջ կասկածվող տղամարդը ջերմեռանդ հավատացյալ էր, եկեղեցում երգում էր

Հուլիս 25,2022 15:33

Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 24-ին Արմավիրի մարզի Գայ գյուղում հոր կողմից դանակահարված ու հիվանդանոցի ճանապարհին մահացած երիտասարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Հոգեպես անառողջ է նաեւ մահացած երիտասարդի մայրը:

Մահացած երիտասարդը ապրում էր հոր, մոր հետ, ուներ նաեւ ամուսնացած եղբայր, որն առանձին էր ապրում:

Դանակահարությանը նախորդել է հերթական վիճաբանությունը: Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը հարձակվել է հոր վրա եւ, ըստ նախնական տեղեկությունների, հայրն ավելի շատ ինքնապաշտպանվելու համար է դանակը ձեռքն առել: Այս պահին հայրը քննչական կոմիտեում հարցաքննվում է:

Գյուղում երիտասարդին բնորոշում են կոնֆլիկտային, մշտապես ագրեսիվ ու վատ վարքով աչքի ընկնող: Նա մշտապես կռիվներ է սարքել ոչ միայն տանը, այլ՝ խանութներում, բակում:

Այս ընտանիքն ապրում էր գյուղի եկեղեցու հենց դիմաց, ու, երբ վերջերս համայնքապետարանից միջոցառում էին կազմակերպել եկեղեցու բակում՝ երգ ու երաժշտությամբ, այս երիտասարդը տնից հանել է իրենց դինամիկները ու ավելի բարձր երգ դրել՝ պահանջելով, որ հեռանան, իրեն խանգարում են: Չնայած երիտասարդի հոգեկան առողջական խնդիրներին, նրան հոգեբուժարանից տուն են ուղարկել:

Ի տարբերություն որդու՝ հորը գյուղում բնութագրում են որպես հանգիստ ու լավ մարդ, որը ջերմեռանդ հավատացյալ էր ու եկեղեցում պատարագների ժամանակ երգում էր:

Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության՝ «Հուլիսի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ դանակահարություն է եղել, և վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ 20 րոպե անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց մեկ այլ ահազանգ՝ այս անգամ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ դանակահարված վիճակում հիվանդանոց տեղափոխված 30-ամյա Գաբրիել Մանուկյանը մահացել է։

Գայ գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ ժամը 18-ի սահմաններում Գաբրիել Մանուկյանին խոհանոցային դանակով խփել էր 65-ամյա հայրը։

Ըստ նախնական տվյալների՝ հոր և որդու միջև հերթական անգամ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, այդ ընթացքում էլ 65-ամյա տղամարդը որդուն դանակահարել էր։

65-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031