«Այսօր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի անունը շատ է շրջանառվում: Մենք մեր մաշկի վրա երկրորդ անգամ զգացինք Ալեքսանյանի պրոմեղադրական դիրքորոշումը: Քննիչը ներկայացրել էր կալանքը երկարացնելու միջնորդություն, որի հիմքում դրել էր նախկին օրենսգրքի կարգավորումները, նախկին մեղադրանքով: Այնինչ միջնորդությունը ներկայացվել է հուլիսի 9-ին եւ 7 օր է, ինչ նախկին օրենսգիրքը չէր գործում: Սահմանադրական դատարանը շատ հստակ դիրքորոշում ունի, որ կալանքի հիմքում ընկած մեղադրանքը պետք է լինի օրինական: Նիստը բացվելուն պես՝ Ալեքսանյանը սկսեց քննիչին կշտամբել: Դատավորը զայրացավ եւ տվեց մինչեւ հաջորդ օրը ժամանակ, որպեսզի միջնորդության հիմքում ընկած մեղադրանքը օրինականացվի: Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ պահանջում է, որ եթե կալանքի երկարացման միջնորդություն եք ներկայացնում, ապա պետք է հիմնավորեք, որ այն ընթացքում, երբ անձը գտնվել է կալանքի տակ, նախաքննություն իրականացնող մարմինն անգործության մատնված չի եղել: Բայց մեր պարագայում քննիչը չի հիմնավորել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում Ավետիք Չալաբյանի կալանքը 15-օրով երկարացնելու նիստից մանրամասներ պատմեց Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը՝ տարակուսանք հայտնելով, որ այդ ամենից հետո, դատավորը պարզապես հետաքրքրվել է, թե քննիչին որքա՞ն ժամանակ է պետք՝ հայցադիմումը կարգի բերելու համար ու տվել է այդ ժամանակը, ինչի արդյունքում Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը եւս 15-օրով երկարացվել է:
Վարազդատ Հարությունյանը տեղեկացրեց, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ 15 օրով կալանքը երկարացնելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, իսկ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմել են դատավորների էթիկայի եւ կարգապահական հանձնաժողով, քանի որ, ըստ պաշտպանների, Ալեքսանյանի կայացրած դատական ակտը՝ Չալաբյանին եւս 15-օրով ազատությունից զրկել, ապօրինի էր:
Փաստաբանի փոխանցմամբ, Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու համար կա ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական պատճառ, որի մասին, սակայն, կարող է խոսել միայն ինքը` Չալաբյանը։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը վաղն է : Դատավորը՝ Մնացական Մարտիրոսյանն է, ինչի առիթով պաշտպանները եւս տարակուսած են ու նամակ են գրել դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին:
Ասուլիսի ընթացքում տեսանյութ հրապարակվեց, որում Փաշինյանի հարցազրույցն էր. այդ հարցազրույցում, խոսելով դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին, Նիկոլ Փաշինյանը նրան այսպես է բնութագրում. «Ես կարծում եմ, իրականում դատավորների անհատականություն գոյություն չունի, այս պահի դրությամբ Հայաստանում մեկ դատավոր կա՝ դա Սերժ Սարգսյանն է, նա ուղղակի տարբեր երեսներով, տարբեր դատարաններում հանդես է գալիս, այնպես որ առանձնապես դատավորի անձը չեմ կարեւորում, չնայած որ Մնացական Մարտիրոսյանը՝ իր դատավորական կամ ավելի ճիշտ՝ սերժսարգսյանական կարիերայի ընթացքում հասցրել է բավականին տխուր եւ խայտառակ հռչակ եւ իմիջ ձեռք բերել»: Պաշտպանն առաջարկեց՝ այս բնութագրումից ելնելով կարծիք կազմել դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից իրականացված եւ իրականացվող արդարադատության մասին:
Վարազդատ Հարությունյանը նաեւ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ անցած տարի արած այն հայտարարությունը, որ բոլոր այն վճիռները, որոնք ՄԻԵԴ-ում բացասական գնահատական կստանան, այդ վճիռները կայացրած դատավորները կհեռանան կամ կհեռացվեն համակարգից: Վարազդատ Հարությունյանը հիշեցրեց, որ այս տարի, ապրիլ ամսին ՄԻԵԴ-ը բավարարել է Նիկոլ Փաշինյանի գանգատը՝ 2008 թվականի հետընտրական զարգացումների գործով, իսկ գանգատի հիմքում հենց Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռն է ու հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ Մնացական Մարտիրոսյանը չի հեռացել կամ չի հեռացվել համակարգից. «Մնացական Մարտիրոսյանին ասե՞լ են հեռացի, թե՞ չեն ասել : Եթե ասել են՝ ինչո՞ւ կամ ի՞նչ գնով չի հեռացել, եթե չեն ասել՝ ինչի՞ դիմաց չեն ասել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ