«Ես չէի պատկերացնում, որ այդքան մեծ իրադարձություն է լինելու: Իհարկե, ուրախալի է, որ մեր երեւանաբնակները եւ նաեւ մարզերից, Երեւանի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում եւ Երեւան համայնքում տեղի ունեցող իրադարձություններին իրենց վերաբերմունքն են ցուցաբերում: Կարծում եմ դա շատ գովելի է»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությունում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով երեւանցիներին վաղ առավոտյան ժամը 7-ին արթնացնելու իր որոշմանը, որը բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել:
Քաղաքապետը վստահություն հայտնեց, որ նույն ջանասիրությամբ մարդիկ մեկը մյուսին փողոցում նկատողություն կանեն՝ աղբը չնախատեսված տեղում թափելու, կանգառասրահները փչացնելու համար:
Ապա Հրաչյա Սարգսյանը մեկնաբանեց որոշման նպատակը՝ նշելով, որ Երեւանի աշտարակում հնչում է «Էրեբունի Երեւան» հիմնը եւ վարչական շրջաններում նույնպես տեղադրվել է համակարգ, որտեղ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են:
Ինչ վերաբերում է քաղաքացիների դժգոհություններին, որ զանգերը կխանգարեն մարդկանց անդորրը, քաղաքապետն ասաց, որ այդ առիթով արված հումորները շատ լավն էին եւ նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել՝ ինչ կարծիք ունեք. «Այդ համակարգն իմ հայտարարությունից արդեն 25 օր առաջ աշխատում էր եւ վստահ եմ՝ իմ հայտարարությունից հետո մարդիկ նույն ձեւ արթնացել են, եւ իրենց կյանքում այդքան շատ բան չի փոխվել: Պարզապես իմ ֆեյսբուքյան էջում ես հայտարարել էի, որ ունենք այդպիսի համակարգ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ