Լրահոս
Օրվա լրահոսը

3076 հոգի «կտրվել» է միասնական քննություններից, 15000 տեղ բուհերում թափուր է

Հուլիս 25,2022 15:06

Հուլիսի 18-ին հայտնի դարձան 2022-23 ուսումնական տարվա բուհական ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները։ «Քննությունների կազմակերպման գործընթացը սկսվել էր ապրիլ ամսից: Սկզբունքը սա էր` մեկ բուհ, մեկ մասնագիտություն, եւ տվյալ մասնագիտության համար սահմանված քննությունների հանձնում»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց ԿԳՄՍՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը` ամփոփելով միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքները, ինչպես նաև ներկայացնելով ընդունելության մրցույթի երկրորդ փուլը, որի արդյունքները կհայտարարվեն հուլիսի 30-ին:

Ըստ Նասիբյանի, 2022թ դիմորդների թիվը 13887 էր: Այստեղ ընդգրկված են եւ միասնական քննություններ հանձնողները, եւ ներբուհականը: 2021թ դիմորդների թիվը եղել է 13128, միասնական քննություն հանձնողներինը` 11741:

11587 հոգի մասնակցել է միասնական քննությունների, եւ միասնական քննություններով ընդունվածների թիվն առաջին փուլում 7246 է կազմել, այսինքն` շուրջ 4000 հոգի չի ընդունվել:

«Միասնական քննություններից կտրվածների թիվն այս տարի կազմել է 3076, երկրորդ փուլին կարող է մասնակցել 791 դիմորդ, եթե երկու առարկայից ստացել է դրական միավոր, նախորդ տարի 1461 հոգի էր մասնակցել լրացուցիչ փուլին»,-ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

Պարզվում է` այս տարի թափուր տեղերը 15000-ից ավելի են, եւ ըստ Կարո Նասիբյանի, ոչ պետական բուհեր կան, որ անգամ դիմորդներ չունեն: Այնպես որ՝ հիմնական փուլի մրցույթից դուրս մնացածները կարող են դիմել ցանկացած բուհ, որովհետեւ ըստ ԳԹԿ փոխտնօրենի, Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ բուհ, որ թափուր տեղ չունենա:

Նրա խոսքով, թափուր տեղերի առյուծի բաժինը ոչ պետական բուհերինն է. «Իսկ որոշ պետական բուհերում, ընդունելությունը, մեղմ ասած, բարվոք չէ: Օրինակ` հիմնական փուլի մրցույթի արդյունքներով` Հայաստանի ագրարային համալսարան է ընդունվել ընդամենը 38 հոգի»:

Կարո Նասիբյանն ընդգծեց, որ ոչ մխիթարական է պատկերը նաեւ մարզային բուհերում, Մանկավարժական համալսարանը եւս սակավաթիվ դիմորդներ ունի:

«Տարիներ շարունակ ԳԹԿ-ն պարզապես արձանագրում է վիճակը: Մենք արձանագրել ենք, որ Հայաստանի ագրարային համալսարանի ընդունելությունը ոչ բարվոք վիճակում է, նույնը ասել ենք նաեւ մանկավարժական համալսարանի վերաբերյալ: Դիմորդների թիվը տարեցտարի պակասում է, մանկավարժականում նույնիսկ մասնագիտություններ են լինում, որոնք ունեն ընդամենը մեկ ընդունված, օրինակ` ֆիզիկա մասնագիտությամբ մեկ հոգի է ընդունվել Մանկավարժական… Սա արդեն կրթության քաղաքականությունը որոշող ղեկավարության խնդիրն է` նստել եւ շատ լուրջ մտածել Ագրարային համալսարանի, Մանկավարժական համալսարանի ընդունելության մասին»,-ասաց Կարո Նասիբյանը:

Նա նաեւ հավելեց, որ անգամ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում երկու թափուր տեղ կա, մինչդեռ նախկինում այն ամենապահանջված մասնագիտությունների եռյակում էր` իրավագիտությունից հետո: Այս տարի միջազգային հարաբերություններում կար 124 տեղ, դիմել էր 130 հոգի, բնականաբար ոմանք «կտրվել» են, եւ թափուր երկու տեղ է մնացել: Իրավագիտության ֆակուլտետ 286 հոգի է դիմել, ընդունվել է 147-ը: «Չէի ասի, թե բարձր մրցույթ էր`համեմատած նախկին տարիների հետ»,-ասում է ԳԹԿ փոխտնօրենը: ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ էլ, օրինակ, դիմել է 306 հոգի, ընդունվել է 228-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031