«Ամենամեծ թշնամին դավաճանությունը չէ, ամենամեծ թշնամին անտարբերությունն է»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա ասաց, որ իրեն հաճախ է հարց տալիս՝ ո՞րն է մեր հանրության հանձնվելու, կամ «թրքահպատակ օրակարգով» ապրելու պատճառը. «Պատճառը մեկն է՝ մենք չենք ճանաչում մեր պատմությունը, չենք ճանաչում ինքներս մեզ, մեզ շրջապատող հարեւաններին: Դրանից է գալիս հոգեւոր ու բարոյական սովը: Մեզ մոտ կա մի մեծ պրոբեմ՝ բովանդակությունը խեղդվել է ձեւի կողմից, մենք ձեւական ենք: Արարիչը մեզ ստեղծել է Հայկական լեռնաշխարհում ապրելու, արարելու համար: ՀՀ-ն ու Արցախի գոնե այս փոքր հատվածը Արարչի կողմից մեզ տրված հայրենիք է ու մեր ֆունկցիան պետք է լինի ապրել, արարել այս հայրենիքում, շենացնել ու փոխանցել այն հետագա սերունդներին»:
Նա ասաց, որ վատ ղեկավարն այն է, որը քանդում է բանակը, բարոյազրկում, հերոսներին վարկաբեկում ու բռնում, քանդում հոգեւոր արժեքները, հարձակվում եկեղեցու վրա, եկեղեցին հարկեր է մուծում իր ֆոնդին, վերջում էլ թշնամուն տալիս է քո հայրենիքի մի մեծ հատված՝ Արցախի 75%-ը. «Այդ ամենն էլ անում է պատերազմի արդյունքում, որը կարող էր չլինել: Թուրքերի պատմական հայրենիքը Ալթայն ու Միջին Ասիան է, հլը տեսեք մենք որտեղ, Ալթայը՝ որտեղ: Նրանք նվաճելով եկել են, թուրքական պետականություն չէր լինի, եթե չլինեին թուրքական նվաճումները: Մինչեւ 1047 թվականը Հայաստանում թուրք չի եղել: Իրենց առաջին արշավանքը եղել է 1047-ին: Քրիստոնեական աշխարհը, արեւելաքրիստոնեությունը պարտվել է էլի իր ոչ միասնական լինելու պատճառով 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում, երբ որ հայ-բյուզանդական զորքը պարտվեց: Դրանից հետո թուրքերն եկան, տարիներ անց, դարեր անց 1453-ին Կոստանդնուպոլիսի գրավումով ավարտվեց մեր տարածաշրջանում արեւելաքրիստոնեական պետությունների դարաշրջանը ու բյուզանդական կայսրությունը միանգամից դարձավ օսմանյան կայսրություն: Այս մարդիկ պատմություն չունեն, իրենց պատմությունը հայերի եւ հույների պատմական հայրենիքի վրա պետություն սարքելն է: Սրանք քանդել են հայկականն ու հունականը եւ հույն ու հայ ժողովուրդների հողի վրա ստեղծել են պետություն: Սա արհեստական պետություն է: Թուրքիան ամբողջ կյանքը՝ լինի օսմանյան կայսրություն, քեմալական, հանրապետական Թուրքիա, թե լինի Էրդողանական Թուրքիա, նրա նպատակը եղել է Թուրքիան՝ թուրքերի համար եւ օսմանյան կայսրության աշխարհագրական դիրքի, սահմանների ընդլայնումը: Երբ Էրդողանը տարիներ առաջ հայտարարեց, որ Թուրքիայի կուրսը նեոօսմանյան կայսրությունն է, սա ի՞նչ է նշանակում»:
Շարմազանովը զգուշազրեց, թե ուր է տանում այս քաղաքականությունը. «Բաթումից մինչեւ Թբիլիսի 148 մզկիթ են արդեն սարքել: Այ սա է այդ խաղաղության դարաշրջանը: Իսկ իրենց մզկիթները մահմեդական թուրքական փոքրամասնության սիմվոլն են, հանաք մասխարություն չի: Մեզ մոտ որ այսքան իբր թե գալիս են տարբեր երկրներից ավտոբուսով տուրիստներ, մեկ էլ հո՛պ մի 5-10 տարի հետո իմանալու եք, որ Հայաստանում կան մի մեծ տասնյակ հազարավոր թուրքական ծագում ունեցող մարդիկ, որոնք կարող է նույնիսկ ստացած լինեն հայկական քաղաքացիություն, ամուսնանան այստեղի աղջիկների հետ ու վերջում ասելու են՝ բա մեր համայնքին մզկիթ է պետք: Մզկիթը տալու են, ասելու են՝ բա մեր համայնքին դեպուտատ է պետք, պատգամավոր է պետք: Բուլղարիայում այսօր կարեւոր կուսակցություններից մեկը թուրքական լոբբինգով է զբաղված: Նույնը լինելու է մեր դաշնակից Ռուսաստանում: Եթե իրենք չեն հասկանում, պանթուրքիզմը առաջինը ռուսական կայսրության հերը անիծումն է»:
Կարդացեք նաև
Շարմազանովն ասաց, որ իր համար զարմանալի չէր, երբ գորշ գայլերը եկան Երեւան, Ծիծեռնակաբերդում իրենց նշանը ցույց տվեցին, որովհետեւ այսօրվա Հայաստանում մի ռեժիմ է, որն անտարբերության է մատնում մեր ազգային շահերը ու չի սպասարկում հայության իղձերը. «Եթե պետությունը չի սպասարկում տվյալ ազգի հոգեւոր ժառանգությունը, գիտությունը, ազգային ավանդույթները, ազգի նպատակները, հայրենիքի վերականգնումը, սահմանների ընդլայնումը, այդ պետությունը գրոշ չարժե: Մեր երրորդ հանրապետությունը, ինչքան էլ սրանք ուզենան պոզ ու պոչով անուն դնեն, 91-ից մինչեւ 2018 թվականը սա եղել է մեր երազանքների հանրապետությունը, դրախտում ապրել է հայությունը, վրեքները խաբար չի եղել: Ե՞րբ է եղել պատմության ընթացքում, որ մենք թուրքից հող գրավենք: Ե՞րբ է եղել պատմության ընթացքում, որ մենք 30 տարի շարունակ զորահանդեսներ կազմակերպենք, երբ որ հայը գլուխը բարձր քայլում էր, ե՞րբ է եղել, որ 7 շրջան ազատագրենք ու պահենք, երբ ուզենք՝ գնանք Շուշի: Ե՞րբ է եղել, որ հայ պաշտոնյան գնա Թուրքիա ու հաղթողի դիրքերից խոսա: Մե՛ր ժամանակ է եղել՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի: Իսկ մենք ի՞նչ արեցինք 30 տարվա պատմության հետ ու չեմ բացառում, որ հենց թուրքերի օժանդակությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ