Մայիսի 14-ից կալանավորված «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել. այսօր կայացած մամուլի ասուլիսում Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանն ընթերցեց այն:
Փաստելով, որ արդեն 2,5 ամիս ինքը գտնվում է իշխող վարչակարգի պատանդի կարգավիճակում, Ավետիք Չալաբյանն արձանագրում է. «Եթե այս ամենի սկզբում դեռ կասկածներ կարող էին լինել կատարվածի էության մասին, ապա հիմա փաստերն ակնհայտ են դարձնում իմ եւ հիմա արդեն ընտանիքիս հետ տեղի ունեցող կազմակերպված հաշվեհարդարները. բերենք օրինակներ՝ պլանավորված սադրանք՝ ապօրինի ձայնագրությամբ, մոնտաժով եւ իշխանամետ կայքում այն շրջանառելով, փորձելով հասարակության աչքերում ինձ վարկաբեկել: Հապշտապ եւ օրենքի խախտումներով ընդունված օրենքի փոփոխություններ՝ քրեական գործ սարքելու համար, հարցաքննության իմիտացիա, որի նպատակն ինձ անազատության մեջ պահելն է, եւ ակնհայտորեն կեղծ մեղադրանքի առաջադրումը: Այս ամենը քիչ էր՝ ապօրինի բիրտ բռնաճնշումներ են կիրառվել եղբորս՝ Արա Չալաբյանի նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Իմ եւ ընտանիքիս նկատմամբ տեղի ունեցող հաշվեհարդարը, սակայն, ընդամենը մի օղակն է բռնաճնշումների երկար շղթայի, որը վերջին չորս տարում, հատկապես, վարչախմբի կողմից տանուլ տված անփառունակ պատերազմից հետո, տեղ են ունենում հայրենասեր եւ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ»:
Ավետիք Չալաբյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այս ամենը տեղի է ունենում արեւմտյան կառույցների լուռ հայացքի ներքո, որոնք մոռացել են ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասին: Ավետիք Չալաբյանի համոզմամբ, բռնության ալիքը կարող է կանգնեցնել գիտակից հասարակության միասնական պայքարը սեփական իրավունքների եւ արդար երկրում ապրելու համար. «Այս ընթացքում բազմաթիվ անհատներ եւ կազմակերպություններ իրենց անկեղծ աջակցությունն են հայտնել ինձ եւ իմ կարգավիճակում հայտնված անձանց՝ սրանով սահմանափակելով վարչախմբի կամայականությունները, սակայն այս պայքարն անավարտ է, քանի վարչակարգի կամակատարները կարող են անմեղ մարդկանց սպանել եւ ազատության մեջ մնալ, իրար հետ հանցավոր համաձայնության գալով՝ քրեական գործեր կարել եւ բազմաթիվ մարդկանց անազատության մեջ պահել: Եթե չենք ցանկանում դառնալ Հայաստանում գործող վարչակարգի հերթական զոհը, պետք է մի կողմ թողնել երկմտանքը եւ անտարբերությունը, միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատության համար»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ