Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանի օրակարգը հակադրվում է Նիկոլ Փաշինյանի օրակարգին, Մենուա Սողոմոնյան

Հուլիս 25,2022 12:48

Մայիսի 14-ից կալանքի տակ գտվող «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի օրակարգը հակընդդեմ օրակարգ է գործող իշխանության կողմից իրականացվող հակահայկական եւ կեղծ օրակարգին, այդ է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Ավետիք Չալաբյանին հեռու է պահում՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելով. այսօր կայացած ասուլիսում կարծիք հայտնեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը: Բանախոսի համոզմամբ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործին առնչվող ապօրինությունները հերթական ապացույցն են, որ մեր երկրում խախտված է սահմանադրական կարգը եւ մեկ անձի կողմից իշխանության բոլոր թեւերի իրավազորությունները բռնազավթված են:

Ի հաստատումն իր կարծիքի՝ Մենուա Սողոմոնյանը երեք փաստ նշեց. «Առաջինը՝ թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը, թե դատարանները քաղաքական պատվեր են կատարում: Երկրորդը՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը մեկը մեկ մարդու նման քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է կատարում, որպեսզի Ավետիք Չալաբյանին մեղսագրվող հոդվածը շարունակի պարունակել հանցակազմ: Երրորդ՝ պետական իշխանություններից անկախ հանդիսացող Կենտրոնական բանկը, որի խորհրդի անդամ է Ավետիք Չալաբյանի եղբայրը, իշխանության թելադրանքով հալածանք է սկսվում նաեւ նրա՝ Արա Չալաբյանի նկատմամբ՝ նպատակ ունենալով ազատել աշխատանքից եւ դրանով ազդել Ավետիք Չալաբյանի վրա»:

Ըստ Մենուա Սողոմոնյանի, ապօրինությունների այս միտումը խորանալու է այն պատճառով, որ Հայաստանի գործընկեր կառույցները իրենց վարքով, դիրքորոշումներով խրախուսում են այն: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչի վերջերս արած հայտարարությանը, թե իր կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. «Նման հայտարարությունը կանաչ լույս է վառում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր բռնաճնշումներ, քաղաքական հալածանքներ իրականացնելու ճանապարհին»:

Մենուա Սողոմոնյանը խոսեց նաեւ Ավետիք Չալաբյանին պատժելու քաղաքական պատճառների մասին, որոնք իր գնահատմամբ, երկուսն են. «Ավետիք Չալաբյանի անձը, որպես քաղաքական հակառակորդ, եւ երկրորդ, նրա օրակարգը, որպես հակընդդեմ օրակարգ այն կործանարար ուղեգծին, որն իրականացնում է գործող իշխանությունը»: Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրան խորհուրդ տվող տեխնոլոգները շատ լավ գիտեն, թե ի՞նչ է հստակ օրակարգ ունենալը, իսկ Ավետիք Չալաբյանը վերջին տարիներին հանդես է գալիս այդպիսի հստակ օրակարգով. «Հայաստանի իշխանությունները որդեգրել են անհասկանալի եւ սին խաղաղության դարաշրջանը, իսկ Ավետիք Չալաբյանի օրակարգը հակադրվում է՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է այս վտանգավոր իրողություններին հակադրվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ռազմական բալանսն արագ վերականգնելու: Սա առնվազն վերջին 10 տարում ռազմական արդյունաբերության ոլորտում նրա կուտակած մասնագիտական գիտելիքների արդյունք է: Ավետիք Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը ՀՀ-ում տեռորի ժամանակների, 1937 թվի նախանշանն է: Եթե մենք անտարբեր ենք մնում, մենք պետք է ակնկալենք, որ այսպիսի դեպքերը մտնելու են յուրաքանչյուրիս տուն»:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031