«Ստացվում է, որ առանց Վրաստանի, Ադրբեջանի եւ ՀՀ-ի՝ որոշումներ կայացնողներ կան։ Մեզ վերաբերող հարցերը ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը քննարկում են առանց մեզ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Իրանի հոգեւոր առաջնորդի՝ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների մոտ օրերս հնչեցրած հայտարարությանը, որ Իրանի համար անթույլատրելի է հայ-իրանական սահմանի կորուստը։
Էդգար Ղազարյանը կարծում է, որ այստեղ վտանգավոր հայտարարություն եղավ, որը հայկական իրականությունում ընկալվեց որպես ձեռքբերում, ընդունվեց ոգեւորությամբ․ «Ասվեց՝ անթույլատրելի է Իրանի համար, որ հայ-իրանական սահմանը չլինի։ Մարդիկ ոգեւորվեցին, թե տեսեք՝ ի՜նչ հրաշալի դիրքորոշում ունի Իրանը՝ առանց հասկանալու, որ սա այդ հանդիպման ամենավտանգավոր դրվագն էր ՀՀ-ի համար։ Ստացվում է, որ ՀՀ-Իրան սահմանն այլեւս միջազգային հարաբերությունների օրակարգում է։ Ինչո՞ւ պետք է մտածես, որ Իրանը ՀՀ-ի հետ չպետք է սահման ունենա։ Այդ ի՞նչ է եղել, որ այդ սահմանը պետք է դադարի գոյություն ունենալուց։ Եթե հարցը քննարկման սեղանին է, ուրեմն գոյություն ունի՝ դա Սյունիքը կորցնելու վտանգն է։ Բայց եթե Իրանը դեմ է, դա չի նշանակում, որ դա չի լինելու։ Թե դեմ լինելուց հետո ինչ կլինի․․․հարցն այլեւս Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի ղեկավարների քննարկման հարցն է, եւ սա շատ լուրջ է»։
Սա, Էդգար Ղազարյանի խոսքով, նշանակում է, որ Սյունիքը կորցնելու վտանգն այս պահին ամենաիրականն է․ «Ադրբեջանը կարող է ասել՝ եթե Սյունիքն ու Վայոց ձորն անցնեն մեր վերահսկողությանն ամբողջությամբ, ապա ի՞նչ տարբերություն՝ ՀՀ-ի հետ սահմանը Երասխի՞ց կսկսվի, թե՞ Մեղրիից։ Ադրբեջանը կարող է Իրանի հետ պայմանավորվել, որպեսզի վերջինիս բեռնատարներն այդ տարածքներով անցնեն առանց մաքսակետերի։ Սյունիքը կորցնելու վտանգն այլեւս փորձագիտական մակարդակում չի քննարկվում, այլ տարածաշրջանի կարեւոր պետությունների ղեկավարների»։
Այս ամենին զուգահեռ, Էդգար Ղազարյանի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանը թուլացնում է ՀՀ բանակը․ «Երբ ես Վայոց ձորի մարզպետ էի, 4-րդ բանակային կորպուսը պատասխանատու էր հայ-ադրբեջանական սահմանի պահպանության համար։ Հիմա այդ կորպուսը գոյություն չունի։ Հիմա ԳՇ պետ նշանակվեց մեկը, որը Նիկոլ Փաշինյանին ՀՀ անվտանգության համար սպառնալիք էր համարում։ Երկու տեղակալների պաշտոնները թափուր են։ Արմեն Գրիգորյանն էլ ասում է, որ Արցախից դուրս են բերում հայկական ստորաբաժանումները, այսինքն՝ Սյունիքն ու Արցախն անպաշտպան են մնում։ Զուգահեռ Ադրբեջանն ավելացնում է զորամիավորումներն ու սպառազինության ձեռքբերումները։ Ռազմաքաղաքական իրավիճակի եւ միջազգային հանդիպումների օրակարգը ցույց է տալիս, որ Սյունիքը կորցնելու վտանգն իրական է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ