Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներն անվճար բուժօգնություն կստանան

Հուլիս 25,2022 10:42

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել կառավարության որոշման մեջ. օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները` շուրջ 2000 մարզիկ, կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ: Փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ից:

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանի խոսքով. «Եթե նախկինում մենք ապահովում էինք մարզիկների ամբուլատոր բուժօգնությունը, որը կազմակերպվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասում գործող սպորտային բժշկության բաժանմունքում, այս փոփոխության արդյունքում` մեր օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների բոլոր անդամները հնարավորություն կունենան օգտվելու հիվանդանոցային բուժօգնությունից, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից և նախատեսված ծառայությունների փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայություններից»:

Հիվանդանոցային ծառայությունները կազմակերպվելու են այն բոլոր բժշկական կազմակերպություններում, որտեղ առողջապահության նախարարությունը տեղադրել է պետական պատվեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առանց բարձրորակ բժշկական օգնության` ժամանակակից սպորտում արդյունքներ ակնկալելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է. «Պետք է լավ բուժօգնություն լինի թե՛ վնասվածքների բուժման, թե՛ ընդհանուր ֆիզիկական պատրաստության և թե՛ հետազոտությունների համար, որպեսզի մարզիկները լինեն մրցունակ և լավ մարզավիճակում»:

Նշենք, որ մարզիկների համար գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացված Սպորտային բժշկության բաժանմունքը, որն ամբողջությամբ կահավորված է և հագեցած անհրաժեշտ բժշկական սարքերով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031