Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիսիանցի զինվորականների ընտանիքում եռյակ է ծնվել (ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 25,2022 00:00

«Զանգեցի ամուսնուս՝ ասեցի Նարեկ, եռյակ ենք ունենալու, մի պահ խառնվեց իրար, անջատեց հեռախոսը։ Անկեղծ՝ ես էլ զարմացա, բայց մինչեւ իրավիճակը կհասկանայի՝ զանգեց՝ ասաց Նարե, ճի՞շտ լսեցի, եռյա՞կ է, դե աչքերս լույս լինի»,-պատմում է  սիսիանցի Նարե Բաբայանը։

Նարեկ Դավթյանի եւ Նարե Բաբայանի եռյակը արդեն հայրենի Սիսիանում է։ Երեւանում են ծնվել․ Սիսիանի բժշկական կենտրոնում համապատասխան սարքավորումներ չկան։ Արդեն չորս զավակ ունեցող ծնողները զինվորականներ են, կոչումով՝ կապիտան։  Մեծ որդին՝ 11-ամյա Մայիսը միանգամից եղբայր ու քույրեր ունեցավ։

Առաջիններից մեկը Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն է այցելել  սիսիանցի ընտանիքին՝ աչքալուսանք տալու եւ կիսելու նրանց ուրախությունը։ Փոխմարզպետին ուղեկցում էր եւ առաջին համայցը նորածիններին կատարեց Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանը։  Տանտիրուհին հյուրերին  սուրճ  է առաջարկում։ Սակայն այդ պահին, կարծես  զգալով հյուրերի ներկայությունը,  42 օրական  Մարկը, Մարին ու Էվան միանգամից սկսում են լացել։  Մարիին Սյունիքի մարզպետի տեղակալն է գրկում, Մարկին՝ հայրը, իսկ Էվային բժշկուհին է սկսում շշով կաթ տալ։ Նկատում է՝ բկլիկ է։ «Ամենափոքրիկն էր քաշով, արդեն սկսել է շատ ուտել, իսկ  ամենաչարաճճին Մարին է»,-պատմում է Նարեն։ Ամուսինը շարունակում է կնոջը՝ երբ երեքով լացում են, ինքն է երեքին գրկում, փորձում հանգստացնել, մինչեւ  փոքրիկների մայրը հասցնի կաթը տաքացնել։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն է հետաքրքրվում զինվորական ընտանիքի հոգսերով՝  խոստանալով մարզպետարանի ուշադրության կենտրոնում պահել երիտասարդ բազմազավակ ընտանիքը։ Առաջնայինը սեփական բնակարան ունենալն է, հիմա վարձով են ապրում։ Փոքրիկների սննդի հարցը տեղում լուծում է ստանում՝ բժշկական կենտրոնի տնօրենը խոստանում է միշտ տրամադրել։

«Երեք միլիոն դրամ ստացանք, բայց վարկ փակեցինք, բայց այդ չափով էլ ունենք փակելու»,-նշում է նորածինների մայրը։ Մարկին, Մարիին ու Էվային մանկասայլակներ են անհրաժեշտ։ Հիմա փոքրիկների հայրն ու ավագ եղբայրը արձակուրդում են։ Երբ հայրը աշխատանքի գնա, իսկ եղբայրը դպրոց՝  մտածում են՝ ո՞նց է Նարեն պահելու փոքրիկներին։ Չեն ընկճվում խնդիրներից ու դժվարություններից։ «Աստված որ կամենա, նորից երեխաներ կունենանք։ Մենք զինվորականներ ենք, մեր ազգին շատ երեխաներ են պետք»,-ասում է Նարե Բաբայանը։

Սյունիքի փոխմարզպետը հրաժեշտ է տալիս այս ընտանիքին՝ հավաստիացնելով, որ պարբերաբար հյուր կգա, գուցե եւ հաջորդ այցին հնարավորություն ունենա՝ մի քանի ժամով զբաղվելու երեխաների խնամքով՝ օգնելով կապիտան մորը՝  Նարե Բաբայանին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031