Իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի՝ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների հետ Թեհրանում կայացած հանդիպումներում հնչեցրած հայտարարությունը, որ Իրանը չի հանդուրժի Իրան-Հայաստան սահմանի փակումը, որ Իրան-Հայաստան սահմանը հազարամյա հաղորդակցության ճանապարհ է, առաջին հերթին բխում է Իրանի անվտանգությունից։
«Առավոտի» դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ այնքան է ՀՀ-ն թուլացել, որ այս հայտարարությունից հետո այնպիսի տպավորություն է, որ ՀՀ-ն սպասում է այս կամ այն երկրի ղեկավարի՝ այսպես կոչված՝ ողորմածությանը եւ հարցին՝ ի վերջո ի՞նչ կշիռ ունի այս հայտարարությունը, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Մենք այս տարածաշրջանում ընդհանուր շահեր ունենք միայն Իրանի հետ։ Հայաստանը պետք է Իրանի հետ համագործակցի. ուզում ենք, թե՝ ոչ, ԱՄՆ-ի, Եվրոպայի դուրը կգա՞, թե՝ ոչ։ Այդ ամենը հաշվի առնել պետք չէ»։
Կոնկրետ Ալի Խամենեի վերջին հայտարարության մասին խոսելով՝ իրանագետը հիշեցրեց՝ ցանկացած հանդիպման ժամանակ Իրանը հայտարարել է, որ այդպիսի միջանցքին Իրանը դեմ է. «Ավելին, Իրանն առաջարկել է այլ միջանցքի տարբերակ։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանն ասում են, սա էլ ենք ուզում, նա էլ։ Իրենք ուզում են Իրանին շրջանցել, իսկ եթե այդպես լինի, Իրանի համար ամենավստահելի ճանապարհը դեպի Եվրոպա, Ասիա, Հայաստանն է, որի հետ խնդիր չունի։ Դրա համար Իրանը, անկախ նրանից՝ տնտեսական ծանր վիճակում է, իր ազգային շահերի նկատմամբ խիստ զգայուն է, եւ այստեղ ոչ թե ողորմածություն է այդ հայտարարությունը, այլ իրենք իրենց ազգային շահերն են պաշտպանում։ Թե Հայաստանը ինչքան կհամագործակցի, սա հարցի մյուս կողմն է։ Նրանք աշխատում են իրենց ազգային շահի համար։ Հիմա հայերը պետք է այդ առիթից օգտվեն եւ Իրանի հետ սերտ համագործակցեն բոլոր բնագավառներում՝ հատկապես այս»։
Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ հիմա շատ լավ պահ է սերտացնելու Իրանի հետ հարաբերությունները, քանի որ սերտացել են նաեւ ՌԴ-Իրան հարաբերությունները։
Կարդացեք նաև
Էմմա Բեգիջանյանն այս համատեքստում շեշտեց՝ մյուս տարի Թուրքիայում ընտրություններ են, իսկ Էրդողանի վարկանիշը իջել է 30 տոկոսից էլ ներքեւ։ Նա պարզաբանեց. «Էրդողանը հիմա երկու հարց է դրել իր առաջ՝ Զանգեզուրի միջանցքը բացվի, հայերի հետ փոխհարաբերությունները բնականոնացնեն եւ քրդերի հարցը լուծի։ Սրանք այն երկու հարցերն են, որ կանգնած են Թուրքիայի կոկորդին։ Այս հարցերը լուծելով՝ Էրդողանը կարող է ընտրություններում լուրջ հաղթաքարտ ունենալ։ Նաեւ Հայաստանի նկատմամբ ճնշումներն են այդ պատճառով։ Իսկ Իրանը շատ ավելի խորն է ուսումնասիրում իրավիճակը, Իրանի նախագահի, ԱԳ նախարարի եւ բոլոր մակարդներում այդ մասին հայտարարում են, որ նման միջանցք չպիտի լինի։ Իսկ սա արդեն ամենաբարձր մակարդակն է. երկրի ռազմաքաղաքական եւ հոգեւոր առաջնորդի խոսքն է»։
Հետաքրքրվեցինք՝ հիշեցնելով հազարամյա ճանապարհը, սա զգուշացո՞ւմ էր Իրանի կողմից Ադրբեջանին, որ պետք չէ մեծ հավակնություններ ունենալ, եւ որ Սյունիքն ընկալվում է որպես ՀՀ անքակտելի մաս, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Այո, հենց նախազգուշացում է։ Չավուշօղլուն Թեհրանում էլ հայտարարեց, որ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն։ Ուստի Իրանը նախազգուշացրեց Թուրքիային, որ մենք դեմ ենք Սիրիայի հյուսիսում Սիրիայի վրա հարձակմանը եւ նախազգուշացրեց, որ Իրան-Հայաստան սահմանը հազարամյա հաղորդակցության ճանապարհ է։ Այդպիսի կտրուկ հայտարարություն ինքը երբեւէ չէր արել՝ չնայած Իրանը նաեւ մեկ նախադասությամբ ասաց՝ մենք գոհ ենք, որ Ադրբեջանն իր՝ չակերտավոր գրավյալ տարածքներն ազատագրել է, բայց չպետք է սահմանը փակվի»։
Զրույցի ավարտին Էմմա Բեգիջանյանից հետաքրքրվեցինք՝ որո՞նք պետք է լինեն ՀՀ-ի քայլերը, նա պատասխանեց. «Երկու կողմից մեզ վրա ճնշում կա, բայց նաեւ մեր կողքին է տարածաշրջանային հզոր պետություն, որի հետ մեր շահերը համընկնում են։ Պիտի Իրանի հետ այդ հարցով սկսել համագործակցել։ Հայաստանի իշխանություններն էլ ասում են՝ դա ապաշրջափակում է, իսկ միայն այդ հայտարարություններն Իրանին վստահություն չեն ներշնչում։ Ես չգիտեմ՝ բանակցություններում ինչ են ասում, բայց Հայաստանի համար միակ բանը Իրանի հետ այդ հարցերում համագործակցությունն է։ Հիմա նաեւ իրավիճակը նպաստավոր է, քանի որ Ռուսաստան-Իրան փոխհարաբերություններն էլ են սերտացել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.07.2022