Արցախյան պատերազմի մասնակից, բժիշկ, վիրաբույժ, ականատես, վավերագիրը 22 տարի առաջ օգոստոսին նվիրեց իր՝ «Արյունոտ օրեր». Մարտակերտ, 92», գիրքը: Այն Արցախ Բունիաթյանի երկրորդ գիրքն էր «նկուղ-հիվանդանոցից»՝ 92-ի ապրիլի 24-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածն էր ընդգրկում: Ինչո՞ւ այս օրերին հիշեցի Բժշկին եւ նրա բացառիկ օրագիրը: Այնտեղ կային թուրք գերիների մասին հիշողություններ, նրանց նկատմամբ մեր՝ հայերիս վերաբերմունքի մասին պատմություններ: Փորձեմ հիշեցնել օրագրության այդ հատվածները:
Սկիզբը՝ նախորդ համարում
23.07.1992
Օդաչուն պարանոցից վիրավոր էր եղել, ազգությամբ ռուս:
… Կուչ էր եկել գերին: Երդվում էր, որ եկել էր եղբոր վրեժը հանելու: Վերքեր ուներ: Վիրակապեցինք: Սանյան ասաց, որ արյան խումբը որոշեինք եւ քանի այստեղ էր, եթե կարիք զգացվի, արյուն վերցնեինք եւ կներարկեինք մեր ծանր վիրավորներին: Չհամաձայնեցինք… Ես նայում էի նրա աչքերին: Ինքնամեղադրման, անվերադարձ կորստի ինչ-որ կայծ էի ցանկանում նրանց մեջ կարդալ: Գուցե հենց դրանով էին լցված նրանք, բայց միշտ գլուխը կախ էր, կծկված, սարսափած: Ես չկարողացա կարդալ նրա աչքերում գրվածը… Երբ հարցրեցին, թե արդյոք նա վախենո՞ւմ է, մեղավոր, խեղճ բարձրացրեց աչքերը եւ ասաց` սարսափում եմ:
… Երբ հաց առաջարկեցինք, Սանյան ասաց, որ իրար հետ թեյել են ու հիշեցի, թուրքերից հետ բերած Մարտակերտի «նկուղ» հիվանդանոցում գտնվող թուրքերի մոտ եղած մեր գերիներին: Ինչո՞ւ էր Աստված մեզ այսպես ստեղծել եւ մի՞թե ճիշտ էր մեծ բանաստեղծը, երբ դարասկզբին գրում էր՝ «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին: Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին»:
25.07.1992
Վերադարձավ Պավելը: Չէր համբերել, հարվածել էր մի անգամ օմոնական պատանդին: Արմեն Պատաշյանն ասում էր, եթե թողնեն՝ կմորթեմ: Երկու թիկնեղ, բայց վշտալի երիտասարդներ էին եկել տուն-հիվանդանոց: Ախալքալաքից էին` Աբաջյան Մարտինը եւ մորաքրոջ տղան` Քանանյան Հարությունը: Աբաջյան Մարտինի եղբայրը` Պետրոս Աբաջյանը տանկիստ էր եղել: Հուլիսի հինգի լույս վեցի գիշերը նա զոհվել էր: Գտել էին տանկի հրամանատարին: Նա էր պատմել, որ դիակը տեղափոխել են Ստեփանակերտ, որտեղ չէին գտել: Նախապես եղել էին Երեւանի դիականոցում, տեսել էին որդերի մեջ կորած դիակներ: Հնարավոր չի եղել ճանաչել, թե ովքեր էին զոհվածները…
Կարդացեք նաև
-Իսկ սառնարանները չէի՞ն աշխատում,-հարցրեցի ես:
-Ասացին, որ իրենց մոտ սառնարանները չէին աշխատում… .
28.07.1992
Անահիտ Մարտիրոսյանի հետ պատահածը եզակի պատմություն էր: Երեկոյան շտաբ էին բերել ութ գերիների: Տղաները գնացել էին տեսնելու: Ես հրաժարվեցի: Նրանց հետ էր եղել ռուս կապիտան, որ կուչ եկած սարսափով անընդհատ կրկնելիս է եղել. «Ինձ փոխանակեք, ինձ փոխանակեք, ինձ փոխանակեք»: Թուրքերը արդեն անհանգստացած էին եղել նրանց ճակատագրով եւ «ռացիայով» իբր «փոխանակման» առաջարկ էին արել «Արաբո» ջոկատի գերի գտնվող տղաների հետ: Եվ ահա Անահիտը, որը փախստական էր Բաքվից, նրանց մեջ ճանաչում է Բաքվի իր հարեւան Ռահիմով Սեյրան Սաբիր օղլուն: Նույն դպրոցում էին սովորել, իսկ Անահիտի եղբոր հետ միեւնույն դասարանում էր եղել… Անահիտը ցույց տվեց նրա անձնագիրը: Երիտասարդ, բեղերով տղա էր, պատմեց, թե ինչպես էր հետապնդել Բաքվում` իրեն էլ սպանելու…
-Մայրը հայ է, հարցնում եմ` ինչ ես կորցրել Ղարաբաղում,-պատմում էր Անահիտը, -աղաչում էր` մի սպանեք, կծառայեմ, ինչ հանձնարարություն տաք` կկատարեմ…
3.08.1992
Մենք զբաղված էինք, երբ բակում աշխուժություն նկատեցինք: Հերթական պատանդն էին բերել: Տասնութ տարեկան էր: Մուդուզա գյուղից` Թեմուր Շիրմահեդով: Երեք ամիս առաջ էին զորակոչել բանակ: Հեռուստաբարձունքում յուրայինները թողել էին վիրավոր: Հրամանատարը վերցրել էր նրա զենքը, եւ հեռացել էին: Չորս օր վիրավոր, առանց օգնության, առանց ջրի մնացել էր ընկած… ի վերջո, զգալով ուրիշ ելք չկա, եւ բարձունքում արդեն հայերն են, որոնք նույնպես իրեն չէին նկատել, մոտիկից անցնող հայ ազատամարտիկներին ձայն է տալիս: Մտածելով ի վերջո մարդիկ են կամ իրեն կսպանեն` վերջ կտան տառապանքներին, կամ` կօգնեն: Պատգարակի վրա պառկած էր, աջ սրունքի վերին շրջանում վերքն էր` ոսկրային կոտրվածքով: Վերքից անտանելի հոտ էր փչում… գանգրենա էր սկսվել… Իրեն բժշկուհի հայտարարող Ալլա Մանուկյանն ասաց, որ իր պատանդն է, ոչ ոք չմոտենա, ինքը պիտի փոխանակի թուրքերի մոտ գտնվող պատանդ եղբոր հետ. Շտաբից եկած հարցաքննում էին գերուն: Ինչ գիտեր ասում էր: Պարզվեց, որ Հոռաթաղի «Պուշկին» բարձունքում թուրքերը ուժերի մեծ կուտակումներ ունեին: Ուղղաթիռները օդ էին բարձրանում Միրբաշիրից: Կիսամերկ էր: Դողում էր: Հիվանդությունը, մահվան վախը… Ասացինք, որ ծածկեն, զինվորական շինել գցեցին վրան: Սուրեն Մարտիրոսյանը նկարահանում էր: Դիմիտրի Պիսարենկոն հարցազրույց էր վերցնում Ալլա Մանուկյանից… .գերին հարցաքննելիս անընդհատ ջուր էր խնդրում: Տալիս էինք:… Բուժքրոջն ասացի` ցավազրկող ներարկի: Թշնամի էր: Եկել էր սպանելու, բայց այս վիճակում խտացած թուլություն էր, խեղճություն… Նրա վերին ծնոտի շատ ատամներ թափված էին: Պատմում էին, որ նա ինքն իր ձեռքով քաշել է, հանել: Օգնության կարիք ուներ: Դիմիտրի Պիսարենկոն թարգմանչին խնդրում էր հարցնել, որ եթե բաց թողնեն, էլի՞ է կռվելու հայերի դեմ:
-Չէ, ասաց նա,-ինձ լքել են, թողել եւ հեռացել…
-Մինչ Ղարաբաղյան շարժումը ի՞նչ փոխհարաբերության մեջ էր նրա ընտանիքը հայերի հետ:
-Մասիսում բարեկամ թուրքեր ունեինք, հաճախ էինք այցելում, ամեն ինչ լավ է եղել, իսկ առանձին հայերի հետ իրենք մտերիմ չեն եղել:
6.10.1992
Պատգարակով հիվանդին տեղափոխեցին վիրակապարան: Աջ ազդրի առաջնային մակերեսին գնդակի խորը վերք էր, որ դեռ շարունակում էր արյունահոսել… Վիրահատման կարիք կար: Գերին Մեհման Հասանովն էր, 18 տարեկան, Բաքվի մոտ գտնվող Դավաչիից: Նիհար էր, ոսկրոտ, ադամախնձորն արտահայտված, պարանոցը երկար: Դեմքի եւ գլխի մազերը ոչ վաղուց էր իրար հետ սափրել, տափակ գանգ, ոչ սիրուն դեմք: Առաջաձորի ֆերմայի թուրքերից էր: Ըստ նրա, այնտեղ եղել էր 130 հոգի, միայն ութն էին կարողացել փախչել, պատսպարվել էր անտառում: Նրա տվյալները ճշմարտացի լինել չէր կարող, քանի որ մեր ռազմիկների հարձակման ժամանակ դժվար թե նա կարողանար ուշադրություն դարձնել, թե քանի հոգի փախան: Պատահած գյուղացուն, որն ընկյուզ էր թափ տալիս եղել, թուրքերեն հարցրել էր, սա Չլդրա՞նն է: Նույն լեզվով գյուղացին պատասխանել էր, որ այո, իջիր գյուղամեջ: Իսկ ինքը ուրիշ ճանապարհով շտապել էր գյուղ եւ հայտնել մարտիկներին… նրան վերցնելիս կրակել էին վրան` ինքնապաշտպանության նպատակով: Ինքն էլ էր կրակել…
-Ձեր Էլչիբեյը տանում է ձեզ կործանման, բերում է այստեղ, բոլորիդ կոտորում է,-բարկացած ասաց Պավելը:
… Դավիթ Մկրտչյանից քիչ ներքեւ գտնվող մահճակալին պառկած էր թուրք գերին: Ի՞նչ իմանաս, նրա գնդակից չէին վիրավորվել մեր տղաները… Տղաներից մեկը կեսլուրջ-կեսկատակ ասաց, ի՞նչ եք չարչարվում, մի րոպե փակեք շնչառությունը:
-Չի կարելի, մեզ համար նա վիրավոր է, մեղքը նրանցն է, ովքեր այսպիսիներին հավաքել բերել են ուրիշի հողը զավթելու: Բոլորը աղքատների որդիներ են, մի կարող մարդու որդի չկա, անգամ մեր մարտիկների մեջ…
Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
23.07.2022