ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տիգրան Ավանեսյանը, ըստ մեղադրական եզրակացության, նույն բաժանմունքի օպերլիազորներ Նարեկ Բարսեղյանի, Գրիգոր Մխիթարյանի եւ գործով չպարզված այլ ծառայողների հետ՝ խմբով, 2020 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երեւան քաղաքի բնակիչ Վլադիմիր Օհանյանին եւ վերջինիս ծանոթ Արմեն Ղազարյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ «դիտավորությամբ բռունցքներով եւ ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վլադիմիրի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնաս՝ աջ նախաբազկի, ձախից՝ կրծքավանդակի, ձախ ուսահոդի, ձախ բազկի շրջանների՝ փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, արյունազեղման ձեւով մարմնական վնասվածքներ», իսկ Արմենին դրվագով՝ «սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, ոստիկանության ծառայողներից մեկը ոտքով սեղմելով Արմեն Ղազարյանի գլխի հատվածին, թքել է նրա դեմքին… »:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում (դատավոր՝ Աննա Մաթեւոսյան) երեկ ավարտվեց վկայի հարցաքննությունը, իսկ Տիգրան Ավանեսյանի պաշտպանը հանդես եկավ կալանավորումը այլ խափանման միջոցով փոխելու միջնորդությամբ: Նա ասաց, որ մեկ տարի տասը ամիս իր պաշտպանյալը գտնվում է անազատության մեջ, իսկ պետությունը իր պոզիտիվ պարտականությունները գցել է իրենց վրա, ուղեկցողների պատճառով միայն վեց անգամ մեղադրյալները դատարան չեն ներկայացվել:
Մեղադրող Սաֆարյանն առարկեց միջնորդությանը, ասաց՝ նախաքննության փուլում ոստիկանության վարչությունում արել են ամեն բան, որ այս գործը հետեւանք չունենա, փորձել ազդել տուժողների վրա, հղում կատարեց ՄԻԵԴ «Խանզադյանն ընդդեմ Հայաստանի» գործին, որտեղ նշվել էր, որ անձը, որը զբաղեցրել է ոստիկանության աշխատողի պաշտոնը, հավանականությունը մեծ է, որ կազդի գործի վրա: Իսկ տուժող Արմեն Ղազարյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանն (լուսանկարում) ասաց, որ դատարանում անգամ ոստիկանության օպերլիազորները տեղից փորձում են ազդել տուժողների վրա, եւ որ հանրային շահով պայմանավորված, նա կալանքի տակ պետք է մնա: Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս կգա գալիք երկուշաբթի:
Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.07.2022