Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին իսկ հնարավորության դեպքում բեմ կբարձրանամ այստեղ եւ կարիերաս էլ կավարտեմ Երեւանում»

Հուլիս 25,2022 10:00

Բալետի դերասան Էդգար Սամվելյանը` ժամանակակից պարի եւ հայրենիքում կայանալու մասին

Բալետի դերասան Էդգար Սամվելյանի (նա խնդրեց իրեն որպես դերասան ներկայացնել) անունը ավելի շատ ծանոթ է ժամանակակից պարը նախընտրող հանդիսատեսին։ Մեզ հետաքրքրեց այն փաստը, որ երիտասարդը ընդամենը չորս տարի է ստացել մասնագիտական կրթություն, որին հաջորդած եւս չորս տարիների ընթացքում հասցրել է աշխատել արտերկրում, ունենալ հյուրախաղեր։ Սա այն դեպքում, երբ այդ ընթացքում եղել է համավարակ, պատերազմ…

Հիմա՝ հերթականությամբ։ Էդգար Սամվելյանը 15 տարեկանից է սկսել ծանոթանալ պարի այբուբենին՝ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժնում։ Մեկ տարի ուսանելուց հետո տեղափոխվել է դասական պարի բաժին (Հրաչյա Հովհաննիսյանի դասարան)։ Այստեղ եւս մեկ տարի ուսանելուց հետո ընդունվել է Մոսկվայի Լավրովսկու անվան պետական խորեոգրաֆիայի ուսումնարան, հետո վերադարձել հայրենիք, շարունակել ուսումը պարարվեստի քոլեջում՝ անվանի խորեոգրաֆ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ։ 2018թ. ավարտելով քոլեջը, համալրել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը եւ ընդամենը մեկ ամիս անց մեկնել պարտադիր զինվորական ծառայության, իր խոսքերով՝ ալտերնատիվ ծառայության։

«Օպերային թատրոնի ղեկավարության շնորհիվ հնարավորություն ընձեռվեց ինձ շաբաթական երեք անգամ մասնակցել փորձերին, իսկ զորացրվելուց հետո վրա հասավ քովիդը, հետո էլ պատերազմը, որի հենց առաջին օրվանից ընկերներիս հետ համախմբվեցինք եւ սկսեցինք գործունեություն ծավալել թիկունքում՝ սկսած զրահաբաճկոնների, սննդի մատակարարումից մինչեւ…»,- «Առավոտի» հետ զրույցի սկզբում հայտնեց արվեստագետը։ 2021թ. սկզբին մեր զրուցակիցը հրավեր է ստանում Կարելիայի պետական թատրոնից, ընդունում առաջարկն ու մեկնում։ Այնտեղ գլխավոր դերապարերով հանդես է գալիս, իր խոսքերով՝ խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում, այդ թվում՝ Չայկովսկի՝ «Կարապի լիճ», «Շչելկունչիկ», Ադան՝ «Կորսատ», Դելիբ՝ «Կոպելիա»… Թատրոնի գլխավոր բալետմայստեր Կիրիլ Սիմոնովը հայ արտիստին ընդգրկում է սեփական խորեոգրաֆիայով իրականացրած դասական ու նեոկլասիկ ոճի ներկայացումներում։ Մեկ թատերաշրջան գործունեություն ծավալելով, հայ արտիստը ստանում է բազում հյուրախաղերի առաջարկներ, հանդես գալիս Լիտվայում, Գերմանիայում, Դանիայում եւ այլուր։ Բայց վաղօրոք կնքված հյուրախաղային գրաֆիկը ընդհատվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։


Այս տարվա գարնանից Էդգար Սամվելյանը Հայաստանում է, համագործակցում է բալետմայստեր Արման Բալմանուկյանի հետ, մասնակցում նրա նախագծերին։ «Այս պահին մի փոքր դադար եմ վերցրել հանգստանալու համար, բայց այն զուգահեռում եմ անհատական պարապմունքներով՝ Արման Բալմանուկյանի եւ Արսեն Մեհրաբյանի ղեկավարությամբ։ Դա ինքնանպատակ չէ. ցանկություն ունեմ գիտելիքներս խորացնել ժամանակակից պարի ոլորտում»,- հայտնեց մեր զրուցակիցը։



Դիտարկմանը՝ օրերս իր գործընկեր Իդա Մանասերյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե հայկական իրականության մեջ ժամանակակից պարը ավանդույթներ չունի, բայց ունի տեսանելի ապագա, Էդգար Սամվելյանը համակարծիք լինելով ասաց, որ իրենք՝ երիտասարդներով, միավորվել են հենց այդ գաղափարի շուրջ։ Բարձրաձայնեց նաեւ, թե ցանկություն ունի իրականացնել սեփական նախագծեր եւս, հնարավորության դեպքում հանդես գալ հեղինակավոր թատրոններից մեկում։ Ռեպլիկին՝ իսկ ո՞ւր մնաց Երեւանի թատրոնը, ստացանք հետեւյալ պատասխանը. «Երեւանի թատրոնը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է, առաջին իսկ հնարավորության դեպքում բեմ կբարձրանամ այստեղ եւ կարծում եմ՝ կարիերաս կավարտեմ հենց Երեւանում»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Էդգար Սամվելյանը՝ տարբեր բեմադրություններում։

«Առավոտ» օրաթերթ
23.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել