Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում. Երևանի քաղաքապետարանն այս տարի Վարդավառի տոնը նշում է ինքնատիպ նախաձեռնությամբ:
Բազմաթիվ երևանցիների հետ տոնին միացել էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Միջոցառման անմիջական մասնակիցն էին դարձել, ինչպես փոքրիկները, այնպես էլ նրանց ուղեկցող մեծահասակները:
Ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն էր մարզական օջախի յուրաքանչյուր անկյունում: Ձնագնդի խաղալուց բացի, հնարավորություն էր տրված դիտելու պլանետարիում շոու, մասնակցելու մանկական ինտերակտիվ թատրոնի, ինչպես նաև նկարահանվել 360° վիդեոգիֆերի միջոցով:
Կարդացեք նաև
Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեին դիտելու նաև պրոֆեսիոնալ գեղասահորդների մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։
Տոնը ստացված էր, սպասումները՝ արդարացված. նկատում են նախաձեռնության հեղինակներն ու վստահեցնում՝ համայնքը շարունակելու է Երևանի տոնական ու ավանդական առօրյան սպասված ու ինքնատիպ դարձնել:
«Տպավորություններն ավելին էին, քան ակնկալում էի, չէի սպասում, որ այսպիսի մասսայական միջոցառում կլինի: Նախաձեռնությունը նոր տնօրինությանն է՝ ոչ ստանդարտ մոտեցում էր Վարդավառի օրը նաև ձնագնդիով նշել: Մոտեցումն այս կդառնա ավանդական»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Վարդավառ՝ ջուր, անսահման ժպիտներ ու սեր. ավանդական տոնն ամփոփվեց ավանդական ջրախաղով:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ