ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որպես ուսումնական նյութ երաշխավորվել է Դավիթ Սամվելյանի և Նաիրա Աբրահամյանի հեղինակած Հայ ժամանակակից գրականության 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների համար նախատեսված քրեստոմատիաները: Այս լուրը հասարակության մի մասն ընդունեց ուրախությամբ, մի մասն էլ դժգոհում և քննադատում է, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել հեղինակները:
Aravot.am-ը կապ հաստատեց քրեստոմատիաների համահեղինակ, արձակագիր Դավիթ Սամվելյանի հետ: Մենք մեկնաբանություն խնդրեցինք Սամվելյանից, որը ներկայացնում ենք առանց միջամտության:
«Արդեն մեկ շաբաթ է՝ հիմնականում բամբասանքի կամ ստատուսային մակարդակում «հեղինակավոր» կարծիքներ են շարադրվում ու գոտեպնդող մեկնաբանություններ են հնչում «գաղափարակից» ընկերներից այս թեմայի շուրջ։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ կան պարզ և սրտացավ մտավախություններ, բայց երբ անգամ հպանցիկ հայացք ես նետում հռետորաբանողների շրջանակին, ակնհայտ է, որ շատերն իրենց «թույլ» տեղն ունեն։ Ոմանց էպատաժ է պետք, ոմանք ուզում են քննադատության հարմար առիթ կորզել՝ այս կամ այն կառույցին կամ թեկուզ ստեղծագործողին փնովելու համար։
Հիշողություն թարմացնելու և գրգռելու համար նշում են երկու տարի առաջ կրթական չափորոշիչներով «Գրականություն» առարկայի շուրջ ստեղծված անհամաձայնությունները (որոնց շատ կետերին ինքս էլ դեմ էի ու արտահայտվել եմ բազմիցս)։
Կարդացեք նաև
Ի սկզբանե կասկածները ցրելու և շատերին էլ հիասթափեցնելու և սիրտը հովացնելու համար շեշտեմ, որ քրեստոմատիաները կազմելու համար պետական որևէ կառույցից առաջարկ, դրամաշնորհ կամ աշխատավարձ չենք ստացել։ Սա երկուսիս գաղափարն է եղել, որն արել ու ներկայացրել ենք հրատարակչությանը, որից հետո ԿԳՄՍՆ-ն ուսումնասիրել և որպես ուսումնական նյութ երաշխավորել է։ Շատ կարևոր է մի կետ. այս գրքերը դասագրքեր չեն (այլ հավելյալ ուսումնաօժանդակ նյութ) ու թող մտահոգները, հատկապես չընդգրկված ստեղծագործողները չվհատվեն։ Ես մաղթում եմ, որ իրենց գրքերը հազարավոր օրինակներով վաճառվեն ու ինչ-որ քրեստոմատիաներով ընթերցվող դառնալու հույսին չմնան։
Հիմա ամենացավոտ կետերից մեկը. հարցը «քննարկողները» չեն հարցնում, թե ո՞ր գրողի որ գործն է ընդգրկված, այլ ասում են. «Անունները տվեք, տեսնեմ էդ ո՞ւմ եք ընդգրկել», անգամ ասում են. «Հատ առ հատ անունները տվեք», ու այդ ասողները ոչ ծնող, ոչ աշակերտ, ոչ էլ ուսուցիչներ են։ Հայ ժամանակակից գրականության «գիտակ ու փրկիչ» ներկայացող ոմանք էլ բողոքում են, թե ինչու իրենց չեն հարցուփորձ արել. ներողություն, բայց եթե մտածում եք, որ ամենալավը դուք եք տիրապետում թեմային, ինքներդ նախաձեռնեիք, առնվազն 30 տարի ժամանակ ունեիք, ո՞ւմ էիք սպասում, թե՞ մտածում եք` կատարող գործիք են անողները կամ թե պիտի անպայման համահեղինակ լինեիք, թե սպասում էիք ֆինանսավորման կամ ուղղակի «գլուխներդ քարի տակ չէիք ուզում դնել»` հեռու մնալով քննադատություններից: «Պատասխանատվության կանչող» այդ հորդորն իրենից ենթադրում է, որ եթե հանկարծ լինի անուն, որ իրենք չհավանեն կամ կողմնակից չլինեն, ուրեմն վերջ, քո վերջը եկել է, էդ ո՞նց ես համարձակվել։ Քրեստոմատիան ինչ-որ մեկի սեփական թերթը կամ ինչ-որ կուսակցության կամ օլիգարխի հեռուստաալիքը չէ, որով գովազդվի մեկը կամ հակագովազդ արվի, ստորացվի կամ փառքի պսակի արժանանա որևէ մեկը։ Հավատացնում եմ` ոմանց սիրած կամ փառաբանած գրողների մի մասին շատերն էլ չեն սիրում, բայց դա ոչինչ չի փոխում։ Գրողների ստեղծագործություններն ընտրվել են ըստ տվյալ տարիքի դպրոցականների հետաքրքրություններին ու լեզվամտածողության համապատասխանության: Ի դեպ, ընտրություն կատարելը բավականին բարդ էր ու դժվար: Հաշվի չի առնվել` հեղինակն ինչ միության ու կազմակերպության անդամ է, որտեղ է տպագրվում, մամուլում ինչ հաճախականությամբ է երևում, քանի տարի, տասնամյակ է գրում կամ քանի հրատարակած գիրք ունի: Եղել են գրողներ, որոնք անգամ սիրով ասել են, որ իրենց գործերն այլ տարիքի համար են, եղել են հեղինակներ, որոնց հենց նույն պատճառով էլ չենք դիմել։
Հաջորդ պարադոքսալ կետն այն է, որ ոմանք, ովքեր ընդգրկվել են քրեստոմատիաներում, հետահայաց «բողոքում» են, թե այս կամ այն գրողի կողքին իր անունը պետք է չլիներ: Ամեն ինչ այդքան ծիծաղելի չէր լինի, եթե չլիներ այդչափ ողբալի:
Սերունդների բախում, ուրախանալու փոխարեն, որ իրենց կողքին օրըստօրե նոր անուններ են ի հայտ գալիս, թեկուզ որոշ ոչ այնքան «հմուտ» ու «վաստակաշատ», որքան իրենք են, բայց դե կարող են չէ՞ ունենալ ստեղծագործություններ, որոնք արժանի են ընթերցման, որոնց մեջ ուսուցողական տարրեր ու գեղեցիկ հայերեն կա։
Քրեստոմատիան հարսանիքի սեղան կամ տուրիստական ավտոբուս, աշակերտական սեղան չէ, որ ասես, թե չես ուզում էս ինչ մեկն իմ կողքին լինի, նստի, այստեղ յուրաքանչյուրն անհատապես է ներկայանում իր ստեղծագործություններով։
Հաջորդ, բառիս բուն իմաստով ցնդաբանությունը. ընդգրկված գրողների թիվը ինչ-որ միստիկ, մասոնական խորհուրդ, ազգին հերթական հարվածը հասցնելու միտում են նկատում, Քրիստոսի արձանի տեղադրման-չտեղադրման (հայտնի դեպքը, որի հանդեպ իմ մասնագիտական վերաբերմունքը ևս արտահայտել եմ) հետ են համադրում։ Հիասթափեցնեմ. 75-ն են, որոնց մեջ կան նաև արևմտահայերեն ստեղծագործողներ (եղել են նաև, որ պաշտոնական նամակ է ուղարկվել, բայց պատասխան չենք ստացել)։
Հավելեմ, որ յուրաքանչյուր դասարանի համար առանձին գիրք է կազմվել, որի ծավալը, ի դեպ, սահմանափակ է, այսինքն՝ չէինք կարող և չպետք է կազմեինք գիրք, որը 400-500 էջ կունենար: Անգամ դասագրքերը երկու մասի են բաժանված, որպեսզի հարմար ու թեթև լինեն աշակերտների համար:
Միակ խնդրանքս է՝ չչարանալ, չվիրավորել նրանց, ովքեր ընդգրկված են գրքերում։ Գիտեմ, երբեմն կյանքը չարացնում է մարդկանց, դարձնում կեղծավոր, բայց դե էությամբ այդպիսին պետք չի լինել»,-մեզ հետ զրույցում ասել է Դավիթ Սամվելյանը:
Aravot.am-ի խնդրանքով համահեղինակները տրամադրեցին Հայ ժամանակակից գրականության 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների քրեստոմատիաներում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակների ցանկը, որը ներկայացնում ենք ստորև.
Ռուբեն Հովսեփյան, Սուսաննա Հարությունյան, Գուրգեն Խանջյան, Դավիթ Սամվելյան, Անուշ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, Արմինե Բոյաջյան, Նարինե Կռոյան, Աղավնի Գրիգորյան, Էդուարդ Խաչիկյան, Ռոլանդ Շառոյան, Ալիս Հովհաննիսյան, Անուշ Ասլիբեկյան, Հովհաննես Երանյան, Վրեժ Իսրայելյան, Մհեր Իսրայելյան, Օֆելի Դալաքյան, Գրիգ, Հովիկ Վարդումյան, Նաիրա Աբրահամյան, Լևոն Նես, Լևոն Խեչոյան, Հրաչ Սարիբեկյան, Գրիշ Սարդարյան, Համբարձում Համբարձումյան, Էլֆիք Զոհրաբյան, Նորայր Ադալյան, Վրեժ Սարուխանյան, Արամ Ավետիս, Հովիկ Աֆյան, Մարգարետ Դերանց, Վահան Տեր-Ղազարյան, Արամ Ալավերդյան, Արմինե Գաբրիելյան, Արփի Ոսկանյան, Հրաչ Բեգլարյան, Նարեկ Թոփուզյան, Սմբատ Բունիաթյան, Հուսիկ Արա, Ներսես Աթաբեկյան, Հովհաննես Գրիգորյան, Դավիթ Մշեցի, Գոռ Հարությունյան, Թադևոս Տոնոյան, Հենրիկ Էդոյան, Նշան Աբասյան, Արմեն Շեկոյան, Էդուարդ Հարենց, Մարգարետ Ասլանյան, Եր Կար, Հասմիկ Սիմոնյան, Էդվարդ Միլիտոնյան, Ղուկաս Սիրունյան, Աննա Դավթյան, Կարեն Անտաշյան, Հաս Չախալյան, Հրաչյա Թամրազյան, Յարութիւն ՊԷրպէրեան, Վեհանոյշ Թեքեան, Ռազմիկ Դավոյան, Զավեն Բեկյան, Գագիկ Դավթյան, Դիանա Մելիք-Սարգսյան, Հայկ Սիրունյան, Սլավի-Ավիկ Հարությունյան, Վարդան Սմբատյան, Կարօ Արմենեան, Սլավիկ Չիլոյան, Ավագ Եփրեմյան, Նոնա Պողոսյան, Նարեկ Կիրակոսյան, Ծով Ալիզե, Լևոն Բլբուլյան, Գագիկ Սարոյան, Անատոլի Հովհաննիսյան:
Պատրաստեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
Հարգելիներս, ախր Սուսանը, ինչ-որ Վարդան, Հասմիկը ինչ կապ ունեն դասագրքերի հետ: Ինչևէ, արդեն ուշ է:
Էս ցուցակում վաստակ ունեցող ու արժանավոր գրողների կողքին կան ճոռոմախոս տգետներ, բառի ժանգլյորներ, բառեր լցոնողներ, մշուշոտ տեքստեր երկնողներ, բանաստեղծությունն ու երկար լեզուն շփոթող այլևայլներ, ու սրանցո՞վ պիտի երեխան ծանոթանա ժամանակակից գրականությանը… կամ ինչու են քրեստոմատիա կազմողները իրենց ընդգրկել ցանկում, ինքներդ ձեզ քշել եք Պառնաս ու խիստ ուսանելի հռչակե՞լ, էդպես լինո՞ւմ է, մի բառ կա՝ բարոյականություն, հաճախ կրկնած կլինեք, մտածեք դրա մասին… կամ ինչու եք ուզում խցկվել ժողովրդի հիշողության մեջ, արժանացե՞լ եք դրան, վստա՞հ եք… իսկ պետությունը էսքան բութ ու կույր.. ոնց եք թույլ տվել, ով է թույլ տվել, ինչ սկզբունքով, ինչ խղճով.. էս քրեստոմատիաները ծաղր են գրականության հանդեպ ու հանցանք նոր սերնդի հանդեպ..