Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեսերի կատարմամբ գունեղ Վարդավառ՝ Սառնաղբյուր գյուղում (ֆոտոշարք)

Հուլիս 24,2022 18:27

Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպությունն այսօր մեծ շուքով՝ տոնին հատուկ ավանդական ծիսակարգերով, տաղերով ու պարերով նշվեց Շիրակի մարզի ավանդույթներ ունեցող ամենահետաքրքիր գյուղերից մեկում՝ Սառնաղբյուրում։

Անի խոշորացված համայնքի այս բնակավայրը պատահական չէր ընտրված․ Վարդավառը նաև ուխտագնացությունների տոն է, որի համար ընտրվում են բուժիչ ջրի ակունքներն ու լեռները։ Սառնաղբյուրը հայտնի է իր Զաղա կոչվող քարանձավ-ուխտատեղիով, որի բուժիչ ջրերի օգնությամբ բժշկվում են հիվանդները, հղիանում անզավակները։

Սառնաղբյուրը նաև այլ զորավոր աղբյուրներ ունի՝ «Կաթնով աղբյուրը», «Թմոյի աղբյուրը», «Ձորի աղբյուրը», «Բռդի աղբյուրը», որոնց ջրերը, ըստ ժողովրդական հավատալիքների, ևս ունեն մոգական ուժ։

Սառնաղբյուրում Վարդավառին նվիրված երգերի կատարմամբ՝ աղավնիներ թռցրեցին դեպի երկինք, միմյանց վարդեր նվիրեցին․ սեղանները զարդարված էին վարդաջրով  լցված սրվակներով, հասկերով։ Անգամ տոնին հատուկ Խնդումի ծես կատարեցին․ խնձորներով, մանր վարունգներով, վարդերով ու  կարմիր-կանաչ ժապավեններով զարդարել էին խաչաձև փայտը՝ Խնդումը, որի շուրջ պար բռնեցին ու այն նվիրեցին գյուղին։

«Կա հավատալիք, եթե խնդումը պտտեցնեն ամբողջ համայնքով, ապա համայնքում կլինի բարօրություն, հաջողությունը չի լքի տվյալ տեղանքը»,-ասաց տոնի կազմակերպիչներից մեկը՝ Աննա Մարտիկյանը։ Ի դեպ, ամենայն մանրամասնությամբ մեկնաբանվեցին տոնի մասին բոլոր ավանդազրույցներն ու ծեսերը։

Տոնակատարության վերջում ուխտագնացություն կատարեցին դեպի Զաղա՝ միմյանց վրա ջուր ցողելով։

Նշենք, որ  Սառնաղբյուրում ծեսերի պահպանմամբ Վարդավառի տոնակատարությունը կազմակերպվել էր Շիրակի պետական համալսարանի «Նշխարներ Շիրակից» ծրագրի շրջանակում՝ Անի խոշորացված համայնքի ակտիվ մասնակցությամբ։

Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանն իր ելույթում կարևորեց եկեղեցական  գեղեցիկ տոնակատարությունը ծեսերի պահպանմամբ նշելը։


«Թող մենք լինենք մեր հին, գեղեցիկ ավանդույթների մշտական կրողը, հայկական արժեքները պահենք ու պահպանեք, սա՛ է մեր առաքելությունը»,- ասաց Արտակ Գևորգյանը։

«Նշխարներ Շիրակից» ծրագիրը Շիրակի պետական համալսարանն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Շիրակի մարզի գյուղական համայնքների կենցաղավարման  ծեսերը, ավանդույթները, հավատալիքները, ջրի, հացի պաշտամունքը հավաքագրելն ու սերունդներին փոխանցելը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031