Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այդ ձայնը տեւելու է 3-4 վայրկյան, բայց եթե հարակից շենքի բնակիչները բողոքեն, որ խաթարվում է իրենց եւ երեխաների քունը, վստահ եմ՝ որոշումը կվերանայվի. Դավիթ Խաժակյան

Հուլիս 24,2022 14:28

«Քաղաքապետի ասածը վերաբերում էր վարչական շրջանների վարչական շենքի վրա տեղադրված բարձրախոսներին կամ շչակներին, եւ, բնականաբար, դրանց ձայնը չի կարող տարածվել ամբողջ վարչական շրջանով մեկ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ մեկնաբանելով Երեւանի քաղաքապետի որոշումը, որը հասարակության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ քաղաքը պիտի շուտ արթնանա եւ այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երեւանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաեւ միաժամանակ 12 վարչական շրջաններում:

Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցինք՝ որքանով է կիսում Հրաչյա Սարգսյանի այս նախաձեռնությունը, որը հարուցել է մայրաքաղաքի բնակիչների դժգոհությունը:

Դավիթ Խաժակյանի խոսքով, այդ ձայնն ընդամենը լսելի է լինելու վարչական շենքին հարակից շենքերի համար, ինչպես ասենք Երեւանի քաղաքապետարանին կից շենքերի համար՝ քաղաքապետարանից արձակվող ձայնը. «Ընդ որում, դա հաշված վայրկյաններ տեւող ձայն է եւ անգամ, եթե դա մարդկանց դուր չի գալիս, դրա ազդեցությունը շատ չնչին է լինելու, ուստի այս մեծ աղմուկի էական պատճառ ես չեմ տեսնում՝ չհաշված, որ ամառ է եւ քաղաքական ակտուալ թեմաներ չկան քննարկելու եւ պետք է ինչ-որ մի բան գտնել, քննարկել»:

Պարոն Խաժակյանն ասաց, որ, եթե հարակից շենքերի բնակիչներից լինեն էական բողոքներ, ապա այդ որոշումը կվերանայվի. «Այսինքն՝ իսկապես, մեծ քննարկումների, բանավեճերի թեմա չէ»:

Aravot.am-ի հարցին՝ քաղաքացիներն իրենց քննարկումներում մտահոգություն են հայտնում, որ խախտվելու է իրենց հանգստի իրավունքը, քանի որ որոշման նպատակը հենց մարդկանց վաղ արթնացնելն է, Դավիթ Խաժակյանն ասաց՝ այդ ձայնը 3-4 վայրկյան տեւողությամբ անհանգստություն չառաջացնող ձայն է. «Կրկնում եմ, եթե հարակից շենքի բնակիչները բողոքեն, որ խաթարվում է իրենց եւ երեխաների քունը, վստահ եմ, որ որոշումը կվերանայվի»:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ այն, որ պետք է ձգտենք շուտ արթնանալ, ինչու ոչ նաեւ շուտ քնել, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք՝ միանշանակ է. «Բայց ուզում եմ ասել՝ լրջացնել այս խոսակցությունն այն աստիճանի, որ քաղաքապետը ստիպելու է մարդկանց շուտ արթնանալ, չեմ կարծում՝ ճիշտ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Պարզ է որ ԼՀԿ ն իշխանության ցանկացած աբսուրդ որոշում պետք է արդարացնի։ Մի հատ էլ քաղաքապետարանի Մուտի վրա գրեք “Աշխատանքը ազատագրում է” ու վերջ։ Հասկացողը հասկացավ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031