Լրահոս
Օրվա լրահոսը

Ճաղապարսատիկը (պատմվածք)

Հուլիս 24,2022 14:05

Մեր գյուղի իմ հասակակից երեխաները ծանր մանկություն ենք ունեցել: Պատանեկան շրջանն էլ բավականին խղճալի է եղել: Օրվա հացի կարոտ էինք հաճախ մնում: Ապրեցինք և տեսանք նաև Հայրենական պատերազմի և սովի արհավիրքները:

Սակայն նաև հետաքրքիր ու զավեշտալի օրեր էինք ունենում, զբաղվում էինք հետաքրքիր խաղերով, հաճախ էլ դիմում էինք ստեղծագործ քայլերի: Ինչ-որ մեկի տանից ձեռք էինք բերում ռետինե լարեր, դրանցից պատրաստում էինք ճաղապարսատիկներ (ռոգատկա), որոնց միջոցով բարձր ծառերի վերևի մասերում թաքնված ծիրանի, շլորի կամ ընկույզի հատիկներին նշան բռնելով պարսատիկի ուղիղ նշանառության քարով հարվածում էինք ու ցած էինք գցում ցանկալի մրգերը:

Իհարկե, այդ գործողությունները այնքան էլ հեշտ չէին տրվում մեզ, քանի որ ճաղապարսատիկ պատրաստելու համար, պետք էր ձեռք բերել բարձր առաձգականություն ունեցող ռետինե լարեր, ծառից կտրված և հատուկ մշակված փայտյա ճաղիկներ, կաշվե կտորներ, որոնց պետք էր ամրացնել ամուր թելերով:

Ով երբեք չի տեսել ճաղապարսատիկ, ուրեմն մի փոքր բացատրություն տամ նրա մասին:

Ճաղապարսատիկը դա քար կամ այլ ծանր առարկա հեռուն նետելու գործիք է, որը ունի հետևյալ կառուցվածքը: Հատուկ տեսակի ծառից կտրված ճաղաձև ճյուղը մշակվում է, վրայից հանվում է նրան ծածկող շերտը, չորացվում ապա ճաղի երկու ծայրերին ամրացվում են  ռետինե լարեր, որոնց հակառակ ծայրերին ամրացվում է  կաշվից կտրված էլիպսաձև մասը, որի մեջ տեղադրվում է որոշակի մեծության հարվածող քարը: Ճաղերի բաժանման ներքևի ուղղահայաց մասը ծառայում է որպես բռնակ:

Ցանկալի էր, որ հարվածող քարը սուր ծայրեր ունենար, որպեսզի  անհրաժեշտ օբյեկտին հարվածելիս, ավելի սուր ցավ պատճառի, եթե թիրախը  ճնճղուկ է կամ այլ կենդանի կամ նրան կտրի ու գետին տապալի, եթե ծառի գագաթին գտնվող մրգին ենք հարվածելու:

Գործողությունը կատարվում է հետևյալ կերպ. Ընտրված քարը ճեղապարսատիկի էլիպսաձև կաշվե պատյանի մեջ հարմարացնելուց հետո, պետք է աջ ձեռքով բռնել ճեղապարսատիկի փայտե ուղղահայաց մասից, ձախ ձեռքով բռնել կաշվե պատյանը, որի մեջ  քարն է տեղադրված, ապա նշան բռնել մրգի կամ ճնճղուկի վրա և դեպի կուրծքը քաշելով քարը պարունակող ռետինե էլիպսաձև պատյանը, որը լարերով ամրացված է ճաղի երկու ծայրերին բաց թողել: Դրանից հետո դեպի ընտրված թիրախը սլացող քարը կհարվածի իր ճանապարհին հանդիպող ցանկացած առարկայի, եթե նշան բռնողը վարպետ նշանառու չէ:

Հին ժամանակներում մեծ չափերի ճաղապարսատիկները օգտագործվել են նաև ռազմական նպատակներով

Կարծում եմ ճաղապարսատիկի մասին չիմացողների համար որոշակի պատկերացում տվեցի այդ զենքի մասին:

Հաճախ մեզ հաջողվում էր բացի ծառի գագաթից մրգեր ցած գլորելուց, նաև սովորական ճնճղուկներ որսալ, որոնց խորովում էինք մեր սարքած կրակի վրա ու ըմբոշխնում խեղճ ծիտիկների մեզ համար ախորժելի միսը, որը բավականին քիչ էր լինում նրանց փոքրության պատճառով:

Բայց ցավալին այն էր, որ այդ ժամանակներում որակյալ ռետինե լարեր ձեռք բերելը գրեթե անհնար էր, որի հետևանքով էլ մեր ճաղապարսատիկները այնքան էլ հզոր զենք չէին հանդիսանում:

Եվ ահա այնպես պատահեց, որ այդ ժամանակներում մեր գյուղ մտնող ճանապարհի սկզբի երկու եզրերին արագ տեմպերով հասարակ քարից տասն տնակներ կառուցեցին և մեր գյուղ բերեցին այդ ժամանակներում հայրենիք վերադարձած տասն ընտանիքների:

Հիմա իմ հիշողության մեջ մնացել են միայն պատառիկներ այդ ընտանիքների մասին, որոնք հետագայում բոլորն էլ տեղափոխվեցին Երևան, իսկ ապա գուցե նաև մեկնեցին արտասահման Խորհրդային Միության փլուզումից հետո:

Այդ ընտանիքներից մեր դասարան էին հաճախում երկու տղա երեխաներ, որոնց երկուսի անունն էլ Մելքոն էր: Նրանցից մեկը բավականին հաղթանդամ մարմին ուներ, իսկ մյուսը նրա հակապատկերն էր՝ ցածրահասակ ու նիհարիկ:

Այդ Մելքոնները, հատկապես առաջին հաղթանդամը, իմանալով մեր նախասիրությունների մասին, մեզ համար պատրաստեց բավականին որակյալ ճաղապարսատիկներ, որոնք զինված էին հրաշալի առաձգականությամբ ռետինե լայն թելիկներից:

Պարզվում էր, որ նրանք էլ ծանոթ էին այդ զենքին և բավականին վարժված հրաձիգներ էին: Հաղթանդամ Մելքոնը բավականին բարձր նշանառության վարպետ էր և մեզ սովորեցրեց ավելի դիպուկ ու ավելի մեծ հեռավորությունների վրա հարվածել զոհին, լիներ դա միրգ կամ թռչուն:

Եվ այդպես մենք դասերից հետո, շատ հաճախ, այսպես ասած որսորդության էինք գնում մեր գյուղի մոտակա այգիները:

Հաճախ էլ ընկերներով բարձրանում էինք մեր գյուղի մոտակա սարը, որը հայտնի էր որպես ծամոնի ու ձնծաղիկի սար անունով:

Հերթական անգամ, մենք երեխաներով, որոշեցինք գյուղից դուրս գնալ ու  բարձրանալ այդ սարի գագաթը, որտեղից ծաղիկներ էինք քաղում, ծամոն սարքում, տարբեր խաղեր խաղում:

Քանի որ սարը գյուղից շատ հեռու չէր գտնվում, մենք այնտեղ հասնում էինք մոտ կես ժամում, որից հետո սկսվում էր վերելքը:

Արդեն գրեթե սարի բարձունքի մեջտեղում էինք գտնվում, երբ հանկարծ նկատեցի սովորական ճնճղուկներից տարբերվող մի գեղեցիկ թռչունի, որի թևիկները արևի տակ փայլփլում էին գեղեցիկ զարմանահրաշ գույներով:

Նա կարծես ուշադրություն չդարձնելով իմ ներկայության վրա, հանգիստ կտցահարում էր ինչ-որ առարկայի: Ես զմայլված նայում էի նրա գեղեցկությանը:

Բայց հանկարծ մի չարագույժ միտք ծագեց գլխումս և արագորեն գրպանիցս հանելով ճաղապարսատիկը, գետնից վերցրեցի մի սուր կողմերով բավականի մեծ քար, այն տեղավորեցի պարսատիկի հարվածային էլիպսաձև բնում, նշան բռնեցի գեղեցկուհու վրա ու քաշելով դեպի կուրծքս ռետինե ձգանը, բաց թողեցի այն, որում ամփոփված սուր կողմերով քարը թռավ դեպի գեղեցկուհի թռչնակը:

Դժբախտաբար, հարվածը դիպուկ էր, և ես, տեսնելով թռչունի թփրտոցը, արագ վազեցի դեպի նա: Տեսարանը ինձ համար զարհուրելի էր ու ես մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ այդ սրտաճմլիկ տեսարանը:

Իմ հայացքի դեմ գետնին պառկած էր գեղեցկուհի փոքրիկ թռչունը, որի կտուցից բարակ շիթով արյուն էր հոսում, կուրծքը պատռված էր սուր քարի պատճառով, որտեղից նույնպես արյուն էր հոսում, իսկ ամբողջ մարմինը վերուվար էր լինում հոգեվարքի մեջ:

Տեսնելով այդ սրտաճմլիկ տեսարանը, ես ոչինչ չասելով ընկերներիս, որոնք սար էին բարձրանում, արագորեն ցած վազեցի  ու շնչակտուր տուն հասա:

Առանց հապաղելու, գրապահարանից արագորեն հանեցի սրիչը, ապա սեղանին թուղթ փռեցի ու սկսեցի մանր-մանր կտրատել ճաղապարսատիկի ռետինե թելիկները, ապա ճեղքեցի ճաղիկը՝ երկու մասի բաժանելով, դուրս տարա ու քարերով մանր մասերի բաժանեցի: Այդ ամբողջ կտորտանքը խնամքով փաթաթեցի թղթի մեջ, տարա ու նետեցի աղբանոցը:

Ավարտելով անհրաժեշտ գործողությունները, ես մոտեցա  մեր տան դրսի աստիճանավանդակին նստեցի ներքևի մասում և սկսեցի հոնգուր-հոնգուր լաց լինել: Ես սպանել էի բնության մի գեղեցկուհու և վրեժս լուծեցի ճաղապարսատիկից, նրա ենթարկելով ոչնչացման:

Եվ դա իմ վերջին հրաժեշտը եղավ իմ այնքան սիրելի ճաղապարսատիկին:

Այդ օրվանից անցել են երկար ու ձիգ տարիներ և այդ դեպքից հետո ես այլևս ձեռքս  չվերցրեցի ճաղապարսատիկ ու մինչև հիմա ես տխրությամբ եմ հիշում այն գեղեցկուհի թռչնակին, որին ես սպանեցի և իմ հուշերից երբեք չի ջնջվում այն զարհուրելի ու սրտաճմլիկ տեսարանը, որին ես ականատես եղա ու ապրեցի այդ ողբերգությունը, որի ժամանակ ես ընդամենը տասներկու տարեկան էի:

Սիմակ  ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031