Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՖ 1․ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը հաշվի չի առնում Հայաստանի հակառակորդների ռազմավարությունները, պատերազմի ռիսկը

Հուլիս 24,2022 12:00

Եթե Արցախյան առաջին պատերազմը ինքնակազմակերպման պատերազմ էր, որտեղ հայ ժողովրդի՝ հանուն գոյատևման և ազատության պայքարը հաղթեց Ադրբեջանի՝ հայկականի հաշվին ինքնահաստատվելու պայքարին, ապա Արցախյան երկրորդ պատերազմը ռազմավարությունների պատերազմ էր, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի հետևողական իշխանությունների կողմից իրականացրած ռազմավարությունը հաղթեց Հայաստանի փոփոխական և ոչ հետևողական իշխանությունների կողմից իրականացվող իրավիճակային կառավարմանը։ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմավարությունների հետևողականությունն ու ներդաշնակությունն ապահովեցին այս երկու պետությունների հաջողությունը Հայաստանի դեմ։

Մասնավորապես, այդ ռազմավարություններն առերևույթ ունեն մեկ ընդհանուր թիրախային նպատակ՝ Հայաստանի և Արցախի հայաթափումն ու «սուվերենաթափումը»։ Նպատակ, որի իրականացմանը նպաստած միջազգային հանրության թողտվությունը վկայում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այդ միջազգային հանրությանն արված առաջարկների «դե ֆակտո» ավելի համոզիչ ու մրցակցային լինելու մասին՝ նույնիսկ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրների համար։ Ընդ որում, Հայաստանի հաշվին ընդլայնվելու հավակնություններ ունեցող Ադրբեջանի ռազմավարությունը տեղավորվում է մեծ համաթյուրքական պետության ստեղծման նկրտումներ ունեցող Թուրքիայի ծավալապաշտական ռազմավարության մեջ։

Հակադրելով սեփական ռազմավարական նպատակները Հայաստանի էքզիստենցիալ շահերին՝ Ադրբեջանն ու Թուրքիան դիրքավորվել են որպես Հայաստանի ռազմավարական հակառակորդներ, և, համապատասխանաբար, Հայաստանի կողմից պետք է գիտակցված ու հաշվարկված կերպով դիտարկվեն որպես այդպիսին[1]։

Հայաստանը իրավունք չունի առաջնորդվելու այդ պետություններից եկած թվացյալ ազդակներով։ Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք չէ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, քանի որ հայերն ու թուրքերը դատապարտված են ապրել որպես դրացիներ և, ի վերջո, քաղաքակրթական զարգացման ինչ-որ փուլում, հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Սակայն հարաբերությունների նորմալացմանն ուղղված բոլոր գործողությունները, ներկայիս՝ թշնամության առավելագույն և վստահության նվազագույն պայմաններում, պետք է գիտակցված և հաշվարկված կերպով դիտարկել բացառապես հավաստի ռազմավարական նպատակադրումների, այլ ոչ թե պատրանքների, ենթադրությունների կամ հույսերի տեսանկյունից։

Բացարձակ ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը ավանդաբար եղել են մեծ տերությունների մենաշնորհը։ Մնացած երկրները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի․ պետությունների, որոնք ունեն բավարար ներուժ, ինքնագիտակցություն և ունակություն՝ ինքնիշխանության բեռը տանելու համար, և պետությունների, որոնց մոտ նշված հատկանիշներն անբավարար մակարդակի վրա են։ Առաջինների համար մեծ տերությունները դառնում են սուվերենության «դոնորներ»՝ աջակցելով այդ պետությունների ինքնիշխանության ամրապնդմանն ընդդեմ մրցակից տերությունների ազդեցության։ Երկրորդ խմբի պետությունների համար մեծ տերություններն, ինչպես նաև առաջին խմբի պետությունները դառնում են սուվերենության «ռեցիպիենտներ»՝ տարածելով սեփական ազդեցությունը (փափուկ և կոշտ ուժով) և հավաքագրելով «անտեր մնացած» ինքնիշխանությունը։

Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, վերջին երկու տասնամյակների ընթացքում հետևողականորեն ամրապնդել են իրենց ինքնիշխանությունը՝ կարողանալով հավելյալ օգուտներ ստանալ և՛ Ռուսաստանից՝ Արևմուտքի դեմ դիրքավորվելով, և՛ Արևմուտքից՝ Ռուսաստանի դեմ դիրքավորվելով։

Մեր օրերի միջազգային հարաբերություններում, որտեղ գերիշխում են կրկնակի ստանդարտները, իսկ միջազգային նորմերի խախտումը դարձել է օրինաչափություն, մեծ տերությունների թողտվությամբ և Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ․ սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի մեծ մասի զավթումն ու Հայաստանի ինքնիշխանության «բզկտումը»՝ այդ երկրների ռազմավարություններից բխող պլանավորված և հաշվարկված գործողություն էր։ Ընդ որում, հասնելով ռազմական գերակայության և հայաթափելով Արցախի գրավյալ տարածքները՝ Ադրբեջանն անցել է Հայաստանի հայաթափման ու սուվերենաթափման իր ռազմավարական նպատակի հաջորդ փուլի իրագործմանը։ Այդ փուլի թիրախն է՝ պառակտված ու բարոյալքված հայ ժողովրդի և նրա թուլացած իշխանության շնորհիվ հասնել Արցախի վերջնական հայաթափմանն ու ոչ կենսունակ Հայաստանի «status quo»-ն ամրագրող, լեգիտիմացնող խաղաղության պայմանագրի կնքմանը։

Դրա մասին են վկայում Հայաստանի համար պարտվողական բնույթ կրող 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեծամասնություն հանդիսացող ադրբեջանանպաստ կետերի իրացումն ու Հայաստանի շահերի հետ առնչվող փոքրաթիվ կետերի առկախումն ու տորպեդահարումը։

Դրա մասին են վկայում նոյեմբերի 10-ի հայտարարությամբ հռչակվող խաղաղության և ապաշրջափակման քողի տակ Ադրբեջանի կողմից մինչ օրս շարունակվող «սողացող» պատերազմական գործողություններն ու ռազմական հանցագործությունները, որոնց վառ ապացույցներից են՝ 2020թ․ դեկտեմբերի 12-ին Արցախում Խծաբերդի և Հին Թաղերի գրավումն ու մեծ թվով հայ զինծառայողների գերեվարումը, 2021 թ․ մայիսի 12-ից սկսած մի քանի ուղղություններով Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը (Սև լիճ, Վերին Շորժա), 2021թ․ նոյեմբերի 14-ից 16-ը Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական դիրքերի վրա լայնածավալ հարձակումն ու 3 տասնյակից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, գերիների ապօրինի պահումը, խոշտանգումն ու արտադատական մահապատժի ենթարկումը, շփման գծի երկայնքով քաղաքացիական բնակչության ահաբեկումը, թիրախավորումը, ուղիղ նշանառմամբ գնդակահարումը, Հայաստանի կրիտիկական քաղաքացիական ենթակառուցվածքի՝ հարավային տրանսպորտային զարկերակի «դե ֆակտո» արգելափակումը։

Դրա մասին են վկայում Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման անպատժելիությունից ոգևորված Ադրբեջանի կողմից՝ հիմա արդեն Արցախում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության միտումնավոր լայնածավալ ոչնչացումն ու պատմական հիշողությունը խեղաթյուրելու նպատակով «բունիյաթովական» ձեռագրով պետական հատուկ կառույցի ստեղծումը։

Դրա մասին են վկայում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավորի գոյության ժխտումն ու Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ամենաբարձր մակարդակում պաշտոնական ոտնձգությունները։

Դրա մասին են վկայում Արցախի օկուպացված շրջաններում և Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժությունները։

Դրա մասին է վկայում 2021 թվականի հունիսին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված և հետագայում համապատասխան խորհրդարանների կողմից վավերացված դաշնակցային հարաբերությունների մասին՝ հայկական քաղաքակրթության կռվան՝ Շուշիի անվանումը կրող հռչակագիրը։

Դրա մասին է վկայում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված և դեռևս չբնակեցված շրջաններում ոչ այնքան տնտեսական զարգացման, որքան Հայաստանի և Արցախի նկատմամբ զավթողական պլանների իրագործման համար նպատակահարմար պլացդարմ հանդիսացող ճանապարհների, օդանավակայանների և այլ ենթակառուցվածքների արագ տեմպերով կառուցումը։

Դրա մասին է վկայում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում  միջազգային կապիտալի ու գործընկերների ներգրավումը ենթակառուցվածքային նախագծերում՝ սեփական ռազմավարական խորությունն ապահովագրելու նպատակով։

Դրա մասին է վկայում Ադրբեջանում և Թուրքիայում հայատյացության պետական քաղաքականությունների[2] երկարամյա ու շարունակական բնույթը, որի հետպատերազմյան անթաքույց դրսևորումներից էր Ադրբեջանի նախագահի կողմից բացված՝ հայի կերպարը նվաստացնող «Ռազմավարի պուրակը» Բաքվում և Թուրքիայի ԱԳ նախարարի ծաղրող ազգայնական ժեստը՝ ուղղված Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի մասնակիցներին (տես նկար 1)

Նկար 1 Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին․ 23.04.2022,

Դրա մասին են վկայում Ադրբեջանի և Թուրքիայի՝ հարձակողական ուղղվածություն ունեցող, Հայաստանի պաշտպանական բյուջեն մոտ 17 անգամ[3] գերազանցող ռազմական բյուջեները։

Դրա մասին են վկայում նաև վերջին տասնամյակներում ադրբեջանական և թուրքական պաշտոնական և հանրային տիրույթում հետևողականորեն շրջանառվող՝ թյուրքական աշխարհի տարածքային նկրտումները (տես նկարներ 2, 3, 4)։

 

Նկար 2 Թուրքիայի Ջեյհան նավահանգստում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի պաշտոնական բացման արարողությանը ներկայացված քարտեզի վրա Հայաստանը չունի սահման Իրանի հետ․ 13.06.2006,

 

Նկար 3․ Բաքու, Ադրբեջանի ԱԳՆ-ի և Թուրքիայի խորհրդարանի նախագահի հանդիպում։ Պատից կախված է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ինքնահռչակված տարածքներով քարտեզը, որը ներառում է Հայաստանի արևելյան և հարավային հատվածները․ 20.10.2020

 

Նկար 4  թուրքական պետական ​​TRT1 հեռուստաալիքի լրագրողները ցուցադրել են քարտեզ, որում Թուրքիայի ազդեցության գոտին ընդլայնվում է դեպի Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Անդրկովկաս, Կենտրոնական Ասիա և Ռուսաստան․ 12.02.2021

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակադրումները պարզելու համար՝ նրանց պաշտոնական հարց ուղղելու կարիք չկա։ Այդ պետությունների գործող վարչակարգերն արդեն բազմիցս պատասխանել ու շարունակում են պատասխանել այդ հարցին իրենց հետևողական գործողություններով։ Ընդ որում, կարևոր է գիտակցել, որ Հայաստանի էքզիստենցիալ շահերին հակադրվող պաշտոնապես չհայտարարված այդ նպատակադրումները ածանցվում են Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռեալիզմի (ի տարբերություն լիբերալիզմի) դիրքերից բխող, սեփական պետություններն առավելագույնս հզորացնելու գերակա նպատակից։

Տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական դիրքերի խարխլումն ու Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող դիսբալանսի ստեղծումը, առաջին հերթին, պայմանավորված է երկու կարևորագույն ռազմավարական ցուցանիշների՝ բնակչության և տնտեսության բացասական հարաբերական դինամիկայով։ Մասնավորապես, 1990-ից մինչև 2020 թ. Հայաստանի բնակչությունը նվազել է ավելի քան 16%-ով, մինչդեռ Ադրբեջանինն աճել է ավելի քան 41%-ով՝ դառնալով Հայաստանի բնակչության ավելի քան եռապատիկը (կրկնապատիկից)։ 1994-ից մինչև 2020 թ. Հայաստանի տնտեսությունն աճել է մոտ 10 անգամ, մինչդեռ Ադրբեջանինն աճել է 36 անգամ՝ դառնալով Հայաստանի տնտեսության ավելի քան եռապատիկը (ավելի փոքր լինելուց)։

Բացի բնակչության և տնտեսության հիմնարար ցուցանիշներից, հակառակորդի հետ ռազմավարական մրցակցության մեջ Հայաստանը ձախողվեց նաև այնպիսի ռազմավարական հարցերում, ինչպիսիք են՝ կառավարման համակարգի արդյունավետությունն ու վստահելիությունը, բանակաշինության և ռազմարդյունաբերության զարգացումը, ռազմահայրենասիրության, ռազմական կրթության, հոգեբանական պատրաստվածության և քաղաքացիական պաշտպանության մակարդակը, ռազմավարական դաշինքների և գործընկերությունների արդյունավետությունն ու վստահելիությունը, դիվանագիտական, իրավական և տեղեկատվական պայքարի արդյունավետությունը։

2020թ․ սեպտեմբերի 27-ից հետո ձախողումների շղթան թևակոխեց Հայաստանի պետականության պահպանմանն ու հարատևմանն ուղղակիորեն սպառնացող շրջափուլ։

Հայաստանի «կարմիր գծերը» կշարունակվեն հատվել, Հայաստանը կշարունակի հայաթափվել ու սուվերենաթափվել այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորել սեփական ազգային-պետական շահերից բխող գործուն ռազմավարական օրակարգ։

Արդյոք խաղաղության դարաշրջանի բացումը, տարածաշրջանի ապաշրջափակումը, Ադրբեջանի հետ սահմանագծումն ու սահմանազատումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը գործնականում բխո՞ւմ են Հայաստանի ազգային-պետական շահերից։

Այն փաստը, որ հայ ժողովրդի՝ իր ճակատագիրը սեփական հայեցողությամբ, առանց արտաքին միջամտության ազատորեն տնօրինելու իրավունքը 44-օրյա պատերազմից հետո դարձել է շատ ավելի վտանգված ու անորոշ, իսկ ավելի քան 30 տարվա հակամարտության հիմնական կռվախնձոր հանդիսացող Արցախի կարգավիճակի հարցը հիմա, առավել քան երբևէ, հեռու է հանգուցալուծումից, տրամաբանորեն նշանակում է, որ տևական խաղաղության համար նախադրյալները ոչ թե ավելացել են, այլ կտրուկ նվազել։

Այն պարագայում, երբ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարությունները գործնականում շարունակում են մնալ հակահայկական և հայատյաց, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի և Հայաստանի միջև ռազմավարական բալանսը՝ ի վնաս Հայաստանի առավելագույնս խախտված, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում «միայն մեզանից չի կախված» թեզը (ընդդիմությունն ունի նմանատիպ «միութենական» թեզը)։ Որպես իրատեսության ու պետականության հասունության ցուցիչ ներկայացվող այս թեզի հիման վրա հանրային դիսկուրսի ներդնումն ու հավաքական մտածելակերպի կառուցակցումը, իրականում, շատ վտանգավոր է, քանի որ միտված է առանց այդ էլ բարոյալքված հայության՝ սեփական ուժերին հավատալու ներուժն ու հրամայականը խարխլելուն:

Բազմաշերտ ու բևեռացած աշխարհասփյուռ հայ ժողովուրդը կարող է իրականացնել իր ազգային-պետական շահերի պաշտպանությունը միայն համախմբելով վերկուսակցական մակարդակում որդեգրած ռազմավարության շուրջ։ Ռազմավարության, որը կկրի գործնական, այլ ոչ թե վերացական (ինչպես, օրինակ, կառավարության կողմից ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը)։ Ռազմավարության, որը հիմնված կլինի հանրային լայն կոնսենսուսի, այլ ոչ թե առանձին կուսակցության կամ քաղաքական գործչի պատկերացումների վրա, որն իշխանության գալով կարող է փոխել կամ պահպանել այդ պատկերացումները՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Որպեսզի Հայաստանի ազգային-պետական շահերից բխող հարցերը չվերացականացվեն, չդառնան ներքաղաքական կամ արտաքին քաղաքական առևտրի կամ մանիպուլյացիաների առարկա, այլ հանգեցնեն հիմնավորված և հաշվարկված որոշումների ու գործողությունների, դրանք պետք է ներկայացնել որպես չափելի և գնահատելի երկարաժամկետ ռազմավարական նպատակներ։ Օրինակ, ի՞նչ է նշանակում և ի՞նչ գործողություններ է ենթադրում խաղաղության դարաշրջանի բացումը կամ կոնկրետ ուղու ապաշրջափակումը։ Հայաստանի ո՞ր կոնկրետ ռազմավարական նպատակներին, ինչպե՞ս և ինչքանո՞վ է դա ծառայում։ Արդյոք ավելի մեծ ռիսկեր չի՞ ստեղծում մյուս՝ ոչ պակաս կարևոր ռազմավարական նպատակների համար։ Այս տեսակ հարցերին է, որ պետք է պատասխանի ազգային-պետական ռազմավարությունը՝ հիմնավորված, արդարացված և հաշվարկված ձևով, առնվազն 10 տարվա կտրվածքով։

Քանի դեռ Հայաստանի երկարաժամկետ ռազմավարությունը մնում է չգործարկված, հիմնված չէ համազգային կոնսենսուսի վրա, շարունակում է կրել անորոշ, ամորֆ և ամուլ բնույթ, չի տալիս ռազմավարական մարտահրավերներից բխող հարցերին հստակ ու սպառիչ պատասխաններ՝ այդ հարցերը կշարունակեն պառակտել հայ հասարակությանը, բևեռացնել քաղաքական դաշտը, քաղաքական գործիչների ձեռքում մնալ սեփական հավակնությունների բավարարման մանիպուլյացիոն գործիք՝ դրանով իսկ ապահովելով արտաքին հակառակորդների ռազմավարության իրագործման հետագա արդյունավետ ընթացքը։

Ծանուցում։ ՀՀ քաղաքական առաջնորդությունը մինչ օրս չի գործարկել Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը նախատեսում էր հասցեագրել վերը նշված գործնական հրամայականները, ըստ էության, թողնելով այն սին կարգախոսների և կառավարության ծրագրերի նախաբաններում նշվող ձևական հղման մակարդակի վրա։

Լեւոն ՄԱԶՄԱՆՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմավարության գծով նախկին խորհրդական

 

[1] Պատասխանատու, կանխատեսելի և վստահելի արտաքին հարաբերություններ կառուցելու համար՝ արտաքին քաղաքականության դոկտրինի շրջանակներում հարկավոր է հստակ ամրագրել հակառակորդների և դաշնակիցների գնահատման չափանիշներն ու նրանց նկատմամբ արտաքին քաղաքականության վարման համապատասխան մոտեցումները։

[2] Թուրքիայի դեպքում դա, առաջին հերթին, Հայոց ցեղասպանության ժխտողականության 98-ամյա քաղաքականությունն է, որի վերանայումը թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման կարևորագույն նախապայմանն է։ Ադրբեջանի դեպքում դա, առաջին հերթին, հանրային կրթական հաստատությունների միջոցով Հայաստանի պատմության խեղաթյուրման, հայերի կերպարի հրեշացման ու հայերի նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունքի սերմանման 30-ամյա պետական քաղաքականությունն է, որը իր պտուղներ է տվել Ռամիլ Սաֆարովի գործողության, 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների ընթացքում բազմաթիվ անմարդկային ու վայրագ ռազմական հանցագործությունների տեսքով։

[3] Թուրքիայի 2022 թվականի ռազմական բյուջեն կազմում է ~9.7 մլրդ․ ԱՄՆ դոլար, Ադրբեջանինը՝ ~2.8 մլրդ․ ԱՄՆ դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031