Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կայացավ Եկեղեցու Համաշխարհային խորհրդի ընդհանուր ժողովը, որի նախագահն է Վերապատվելի Ժոել (Հովել) Միքայելյանը։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը Վերապատվելի Միքայելյանի հետ։
– Պատմեք, խնդրե՛մ, Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացած Համաշխարհային խորհրդի ընդհանուր ժողովի մասին, այդ ժողովի հեռանկարներից զարգացման առումով:
-Այս տարի Հայ Ավետարանական եկեղեցին նշում է իր հիմնադրման 175-ամյակը:
Հուլիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ երաժշտական միջոցառում, որտեղ հնչեցին հոգևոր և կոմիտասյան երգեր, ցուցադրվեցին ֆիլմեր Հայ Ավետարանական եկեղեցու պատմության, ինչպես նաև եկեղեցու այսօրվա գործունեության վերաբերյալ: Հաջորդ օրը գումարեցինք Համաշխարհային խորհրդի ժողովը, որին մասնակցում էին 120 հովիվ և պաշտոնյաներ: Ժողովի նպատակն էր հստակեցնել, թե 175 տարի ի վեր ու՞ր ենք հասել տարբեր երկրներում, ինչպե՞ս սկսվեց Պոլսում, այնուհետև Ցեղասպանությունից հետո տարածվեց ամբողջ աշխարհով մեկ, և ամեն տեղ եկեղեցիներ հիմնվեցին:
Ունենք հինգ միություն՝ Ամերիկայի, Ֆրանսիայի, Հայաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրասիայի: Այս միությունների առաջնորդները ժողովին ներկայացրեցին իրենց գործունեությունը: Այնուհետև խոսքը տրվեց տարբեր երկրներից եկած երիտասարդներին, որպեսզի ներկայացնեն, թե ինչպե՞ս են տեսնում Հայ Ավետարանական եկեղեցու ապագան: Այս պահին տարբեր երկրներից տասնօրյա ծրագրով 150 երիտասարդ կա Հանքավանում, ովքեր, քիչ թե շատ տիրապետելով հայերենին՝ շփվում են մայրենիով: Երիտասարդներն իրենց գաղափարները ներկայացրեցին, որից հետո նրանց մի քանի հարցեր տրվեցին: Առաջին հարցն էր, թե ո՞րն է Համաշխարհային խորհրդի դերը և ի՞նչ ակնկալիքներ ունեն Խորհրդից: Երկրորդ հարցն էր, թե ի՞նչ կարող ենք անել մեր ուժերը միավորելու Հայաստանին, ինչպես նաև Սփյուռքին օգտակար լինելու և Ավետարանը տարածելու մեր ժողովրդի մեջ: Ի՞նչ միջոց պետք է գործածենք մեր ուժերը միավորելու համար, որպեսզի ուժով, զորությամբ կարողանանք ավելի առաջ գնալ, որպեսզի մեր բոլոր եկեղեցիները կարողանան իրենց հայկական ինքնությունը պահպանել: Ապագայում պետք է նոր միջոցներ օգտագործենք, որպեսզի բոլորս կարողանանք ավելի զորավոր կապեր ունենալ:
–Որո՞նք են հայապահպանության ծրագրերն արտերկրում և ի՞նչ տեղ է զբաղեցնում հայապահպանությունը ձեր գործունեության մեջ:
-Մեզ համար հայապահպանությունը պայքար է, և Եկեղեցին աշխատում է, որպեսզի նոր սերունդները պահեն այս ինքնությունը: Օրինակ, մեր եկեղեցիներում մշտապես շարունակում ենք հայերենով երգել, հայերենով քարոզել, նաև ֆրանսերենով ու անգլերենով, որպեսզի ժողովուրդը վարժվի: Օրինակ, Ֆրանսիայում եկեղեցում ամեն կիրակի, երբ քարոզում են, քարոզում են ֆրանսերենով, հայերենով, բոլորն էլ լսում են, նույնիսկ ֆրանսիացիներ են գալիս՝ պատճառաբանելով, որ եկեղեցում իրենց լավ են զգում, մթնոլորտը լավ է, իրենց հաճելի է գտնվել մեր եկեղեցում: Այսպես քարոզելով երիտասարդները սովորում են հայերեն:
Մյուս հարցն էր, թե ինչպե՞ս անել, որպեսզի նոր սերնդի երիտասարդները ցանկանան հոգևոր ծառայության անցնել, դառնալ հովիվ, պատվելի, քանի որ ամեն տեղ նոր երիտասարդ պատվելիների կարիք կա: Բոլոր խմբերը, որոնք առանձին-առանձին խորհրդակցություն արեցին, գրավոր տեղեկություններ տվեցին ինձ, որոնք ես պետք է կետ առ կետ ամփոփեմ, և հոկտեմբերին կայանալիք Համաշխարհային խորհրդի հաջորդ ժողովին ներկայացնեմ, թե ինչպե՞ս պետք է գործնական ձևով պատասխան տալ և կատարել այն ամենն, ինչ առաջարկվեց:
Բավականին առաջարկներ են արվել, օրինակ, ինչպես անել, որպեսզի ավելի հաճախակի հավաքվենք Հայաստանում, երիտասարդներ կանչենք, նաև առաջարկ եղավ, որ ընդհանուր վեբ կայք ունենանք, որպեսզի բոլոր երկրների լուրերը լինեն մեկ տեղում: Նաև երկկողմանի հրավերների առաջարկ եղավ: Օրինակ, պատվելիներ հրավիրենք Հայաստանից, որ գնան Ամերիկա, այնտեղից գան Հայաստան: Եղավ նաև առաջարկ, որ Հայաստանում ստեղծենք աստվածաբանական դպրոց, որտեղ կպատրաստեն հովիվներ, որովհետև աստվածաբանությունը մեկ բան է, հովվություն սովորելը՝ այլ բան: Աստվածաբանությունը գիտություն է, որ կարևոր է, հովվությունը գիտություն չէ, գիտությունը ի գործ դնելն է: Զգում ենք, որ դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ, հիմա Հայաստանի հովիվները գնում են Լիբանան՝ աստվածաբանական դպրոց, Ֆրանսիայում գնում են ֆրանսիական դպրոցներ սովորելու, քանի որ այնտեղ նման դպրոց չունենք: Կա այս գաղափարը, որպեսզի քաջալերեն արտասահմանից նոր երիտասարդ հովիվներին, որ գոնե 1-2 տարի գան այստեղ, վարժվեն, սովորեն թե՛ հայերեն, թե՛ հայկական մշակույթ: Նաև առաջարկ եղավ հիմնել թերթ, կամ գտնել մի միջոց, որ, օրինակ, ամեն ամիս ZOOM-ով խոսենք, աղոթենք, լուրեր տանք, աղոթքի նյութեր տանք:
–Հայաստանում հումանիտար օգնության, կրթական, մշակութային ծրագրերը ի՞նչ են իրենցից ներկայացնում, ո՞րն է Ձեր տեսիլքը:
– Այս մասը ավելի շատ Ավետարանչական ընկերակցության առաքելությունն է, այն ունի բյուջե նախատեսված այս ծրագրերի համար:
Մեր եկեղեցիները Ֆրանսիայում աշխատում են «Հույս Հայաստանի համար» կազմակերպության (Espoir pour Armenie) միջոցով: Այս միսիոներության միջոցով ենք ծառայում եկեղեցուն: Եկեղեցին իր առաքելությունն ունի, որն է հավատքը, ավետարանը տարածելը: Եկեղեցին քաջալերում է, որպեսզի այս խմբերը ծառայեն Հայաստանին: Այստեղ ունենք Ավետարանչական ընկերակցություն և «Հույս Հայաստանի համար», որոնք արդեն հայտնի են իրենց կատարած գործերով: Օրինակ, անցյալ կիրակի գնացել էինք Ստեփանավան նոր կենտրոնի բացումն կատարելու, որտեղ կհավաքվեն երեխաներ և իրենց ազատ ժամանակը կանցկացնեն այնտեղ, կկրթվեն, կլինեն համակարգիչներ: Ընկերակցությունը հերթական «Շող» կենտրոնն է բացել Ստեփանավանում:
Հարյուրավոր երեխաներ կդաստիարակվեն, որն օգտակար է ժողովրդին: Ստեփանակերտում ևս պետք է բացվի Շող» կենտրոն, նաև «Հույս Հայաստանի» տուն պետք է բացվի:
- Դե ի՛նչ, հաջողություն ենք ցանկանում ձեր հայանպաստ և հայապահպան գործերում։
- Շնորհակալություն։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ